ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԶԻՆՎՈՐ ՉԻ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես կանխավ հրապարակել էինք՝ Վիգեն Սարգսյանը երեկ նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Նա 41 տարեկան է, մասնագիտությամբ` դիվանագետ, աշխատանքային կարիերան սկսել է ազգային ժողովում: 1995-ից 1998 թվականներին եղել է ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի օգնականը: 2001 թվականից մինչեւ 2003 թվականին, երբ Սերժ Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, Վիգեն Սարգսյանը նշանակվել է նրա ռեֆերենտի պաշտոնում, 2003-ին` նախագահի օգնական: 2003-ից մինչեւ 2008 թվականը նախագահականում փաստացի եղել է Սերժ Սարգսյանի մարդը Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատում: 2009-ին նշանակվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, իսկ 2011-ից դարձել է նրա աշխատակազմի ղեկավարը:
Ու եթե Հայաստանի կառավարման համակարգում փորձենք Սերժ Սարգսյանի համար ամենավստահելի անձանց աղյուսակ կազմել, ապա այդ ցանկում Վիգեն Սարգսյանը հաստատ առաջին տեղը կզբաղեցնի: Ինքը՝ Վիգեն Սարգսյանը եւս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է Սերժ Սարգսյանին: Եւ նա իր յուրօրինակ մտածողությամբ, իհարկե, ՊՆ-ում կփորձի ռեֆորմներ իրականացնել: Սակայն մի փոքր «սպրավչկա»-ի անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա. բանն այն է, որ Վիգեն Սարգսյանը հայոց բանակում չի ծառայել: Նա չգիտի զինվորի հոգեբանությունը: Սարգսյանը իր ծառայությունն անցել է նախարարի ռեֆերենտի պաշտոնը զբաղեցնելով:
Իսկ Սեյրան Օհանյանը, որ արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից է եղել, փաստացի մնաց անգործ` մերժելով բոլոր առաջարկները: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտեմբերի 14-ին գրել էր, որ Ս. Օհանյանը չի վերանշանակվի պաշտպանության նախարար:
Հ.Գ. Ի դեպ, երեկվանից սկսած նոր ձեւավորված կառավարությունը պետք է քսանօրյա ժամկետում խորհրդարանին ներկայացնի իր ծրագիրը:

 

 

 
«Ժողովուրդ»-ն արդեն հայտնել էր, որ նոր կառավարության ձեւավորումից հետո ենթադրվում է, որ մարզպետների շրջանում եւս կադրային փոփոխություններ տեղի կունենան: Սակայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության պատճառով այն մի փոքր հետաձգվել էր: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու եւ նշանակվելու էՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ՝ Արամ Հարությունյանի փոխարեն: Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը: Ի դեպ, ենթադրվում է, որ առաջիկայում կփոխվեն նաեւ Արարատի եւ Սյունիքի մարզպետները: Մասնավորապես, ըստ լուրերի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն առաջիկայում նշանակվելու է Արարատի մարզպետ: 2014-ին Գրիգորյանը բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ դարձյալ այդ պաշտոնն էր զբաղեցնում:

 

 

 
Անցած շաբաթ ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ ընդունված աղմկահարույց «Հարկային օրենսգիրքը» տվեց իր առաջին բացասական արդյունքը: Նախագծով շահումով խաղերի պետական տուրքը 5 անգամ բարձրացվել է` ներկայիս 100 միլիոն դրամի փոխարեն սահմանելով 500 միլիոն դրամ: Տեղեկացնենք, որ առցանց խաղատները եւ սպորտային միջոցառումների վրա խաղադրույքներ ընդունող ընկերությունները նույն դաշտում են գործում: Եւ հիմա նրանցից ավելի շատ գումար պիտի գանձվի` բնականաբար քաղաքացիների մեջ խաղամոլությունը զարգացնելու գնով: Բայց խնդիրը միայն դա չէ: Բանն այն է, որ նախագծով շուկայում մենաշնորհ հաստատելու նախադրյալներ են ստեղծվում, քանի որ այսօր շուկայում գերիշխող դիրք ունեցող «Վիվառո» ՍՊԸ-ն միայն կկարողանա վճարել ահռելի պետտուրքը: «Եվրոֆուտբոլ», «Տոտո Գեյմինգ» եւ «Գուդվին» ընկերությունները գուցե փակվեն: «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ զրուցել է «Եվրոֆուտբոլ»-ի իրավաբանական գծով տնօրեն Մառլեն Սմբատյանի հետ, ով հայտնել է, որ իրենք պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել Կառավարության առջեւ:

 

 

 
Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, թե իշխանություններն ինչպես են պատրաստվում 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց համար մեծամասնություն ապահովել: Այսպիսով՝ Հայաստանի 2-րդ եւ 3-րդ քաղաքներում իշխանություններին հաջողվեց մարդկանց ուղղորդել տեղամասեր եւ հասնել այն բանին, որ նրանք դժգոհությունները մի կողմ դնեն եւ իրենց ձեռքով քվեարկեն իշխանությունների օգտին: Արդյունքում, Գյումրիում ՀՀԿ-ն ուրիշի` «Բալասանյան դաշինքի» դեմքով ստացավ բացարձակ մեծամասնություն`15 մանդատ, նրա հետ ավագանու անդամներ կունենան ԲՀԿ՝ 8 հոգի, «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) 4 եւ «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցությունը` 4 մանդատ: Իսկ Վանաձորում, որտեղ ՀՀԿ-ն իր դեմքով էր հանդես գալիս, չկարողացավ բացարձակ մեծամասնություն ունենալ. ընդամենը 13 մանդատ: ՀՅԴ-ն 2 մանդատ ստացավ: Հիմա գնդակը ոչ իշխանական ուժերի` 10 մանդատ ստացած «Լուսավոր Հայաստան»-ի, 5 մանդատ ստացած «Հայկական վերածնունդ»-ի (ՕԵԿ), 3 մանդատ ստացած ԲՀԿ-ի ձեռքում է: Նրանք կարող են միավորվել եւ Վանաձորի քաղաքապետ ընտրել իրենց թեկնածուին` ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին լուսանցքում թողնելով: Հուսանք` լուրջ քվեներ հավաքած ԼՀԿ ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը կդառնա ընդդիմության միասնական թեկնածուն եւ կընտրվի Վանաձորի քաղաքապետ:

 

 

 
ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ
Երեկ, ի թիվս այլ կարեւոր կադրային փոփոխությունների, հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Այս հրաժարականը բավականին անսպասելի էր: Բացի այն, որ մեր հավաստի տեղեկություններով, օրերս Հովսեփյանի ռուսաստանաբնակ եղբոր եւ Սերժ Սարգսյանի միջեւ ՊԵԿ նախագահի հետագա պաշտոնավարման հարցը քննարկվել էր եւ ձեռք էր բերվել համաձայնություն, բացի այն, որ ընդամենը տասներկու օր առաջ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակավ գովում էր Հովսեփյանի աշխատանքը եւ հայտարարում, թե «ամեն ինչ անելու ենք, որ նրա սկզբունքային քաղաքականությունն այս ոլորտում շարունակվի», իրականում ՊԵԿ նախագահի աշխատանքից դժգոհելու առիթ չկար: Ավելին՝ հենց Հովսեփյանն էր այն առաջին ՊԵԿ նախագահը, որին աշխատակազմին ներկայացրեց անձամբ Սերժ Սարգսյանը՝ բավականին լուրջ վստահության քվե տալով վերջինիս:
Արդ՝ ինչպես պատահեց, որ մարդուն, ում ընդամենը յոթ ամիս առաջ Սերժ Սարգսյանը հրապարակավ վստահեց, իր իսկ ձեւակերպմամբ, մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, ում աշխատանքից հետագա ամիսներին մի քանի անգամ հրապարակավ հայտնեց իր գոհունակությունը, հիմա առանց որեւէ հստակ բացատրության հեռացնում է համակարգից:
Եթե Հ. Հովսեփյանը լավ չէր աշխատել, այդ դեպքում ինչու էր Սերժ Սարգսյանը հրճվանքով նշում, որ, օրինակ, ապրիլին եղել է 100 միլիարդ դրամի հավաքագրում, մի ցուցանիշ, որն ըստ նրա՝ աննախադեպ էր: Հովհաննիսյանի կողմից մաքսակետերում կատարված նկատելի փոփոխությունների մասին էին փաստում նաեւ տարբեր գործարարներ եւ անգամ շարքային քաղաքացիներ:
Եվ ուրեմն՝ եթե նա ազնիվ էր /ինչպես պնդում էր նույն Շարմազանովը՝ ասելով, որ Հովսեփյանը ոչինչ չի ներկրում Հայաստան եւ չի արտահանում, չունի այստեղ շահեր եւ հնարավորություն է տալիս ազատ մրցակցելու/, եթե նրա աշխատանքի արդյունքներից գոհ էր Սերժ Սարգսյանը, եւ եթե նա անում էր հնարավորը՝ իր ղեկավարած կառույցի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար, ինչպես կարելի էր նրան «զոհաբերել» հանուն Կարեն Կարապետյանի քմահաճույքի:
Իսկ եթե դա այդպես չէր, ապա սպասում ենք իշխանությունների պարզաբանումներին, թե ինչում էր ձախողել Հովսեփյանը:
Ի վերջո, սեփական թիմի անդամներին իրավիճակային քաղաքական շահերին զոհաբերելու՝ Սերժ Սարգսյանի հենց այս գործելաոճն է պատճառը, որ նա վերջնարդյունքում մնաց մոսկվաբնակ կադրերի հույսին:
Հ. Գ. «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Հովսեփյանին կփոխարինի Կարեն Կարապետյանի նախկին տեղակալը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավար Վարդան Հարությունյանը:




Լրահոս