«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նկատմամբ բացասական վերաբերմունքը հասել է բարձր մակարդակի, այդ թվում եւ Սյունիքում, որտեղ մարդիկ անգամ իրենց համակրած թեկնածուին ձայն չեն ցանկանում տալ միայն այն պատճառով, որ նա ՀՀԿ-ից է, ասաց. «Դա լրիվ վրացական պադխոդ է ձեր կողմից: Հիմա այսօր, որ Վրաստան ենք գնում, Վրաստանի հայերը այսպիսի խոսք ունեն, ասում են` վրացիներն ասում են, լավ մարդ ես, բայց ափսոս, որ հայ ես»:
-Պարո՛ն Խաչատրյան, հոկտեմբերի 2-ին ՀՀ մի շարք մարզերում կայացան ՏԻՄ ընտրություններ, Կապան եւ Սիսիան քաղաքներում ընտրվեցին քաղաքապետեր: Ինչպե՞ս եք գնահատում այդ ընտրություններում, մասնավորապես, ՀՀԿ-ի գրանցած արդյունքները: Ըստ Ձեզ՝ այդ արդյունքները որքանո՞վ են ամուր հիմք ստեղծում 2017թ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի անվերապահ հաղթանակի համար:
-2017 թվականը կգա, կտեսնեք, բայց կարեւորը, որ երեկ մարզի 60 համայնքում ընտրություն էր, ընդհանրապես լարվածություն չկար, իսկական թափանցիկ ընտրություն էր, որեւիցե դժգոհություն չկա, որեւիցե թեկնածու դժգոհ չի, ո՛չ ընտրվողները, ո՛չ էլ չընտրվողները: Կարեւորը խաղաղ, հանգիստ բոլոր ընտրությունները անցան: Չնայած նրան, որ դա միայն մեր տեսակետը չի, քանի որ լրագրողները եւս մասնակցում էին, իրենք էլ, եթե ցանկանան, կարող են իրենց կարծիքը հայտնել կամ կարող են չհայտնել, այնուամենայնիվ, կարող եմ նշել, որ ընտրությունները անցան շատ թափանցիկ, բարձր մակարդակով, առանց լարվածության: Այն մարդիկ, որոնք իրենց համայնքներում վստահություն են ներշնչում, նրանց խոսքը միշտ էլ համայնքի ժողովուրդը ընդունում է: Շատ դեպքերում դժգոհությունը սկսվում է հենց գյուղական համայնքապետից, քաղաքապետից, մարզպետից, հո ժողովուրդը երկրի բարձրագույն իշխանություններին չի ճանաչո՞ւմ կամ չի շփվում, եթե գյուղապետը, քաղաքապետը մարզպետն իրենց դերում չեն, նրանց համար արդեն երկրի գլխավոր իշխանությունն էլ է դառնում մեղավոր: Բայց կարծում եմ, որ ժողովուրդը ում վստահեց, այդ մարդիկ էլ այդ վստահությունը կպահեն եւ առաջիկա ամիսներին, 6 ամիսը շատ երկար ժամանակ չի, այս ընտրվողները կարող են համապետական ընտրություններն էլ կազմակերպել:
-Տեղում մարդկանց հետ զրուցելով՝ նկատեցինք, որ նրանց մի զգալի մասը ափսոսանքով էր խոսում ՀՀԿ-ական թեկնածուների մասին: Մարդիկ ասում էին, որ կան ՀՀԿ-ական թեկնածուներ, որոնց շատ են հարգում, բայց քանի որ այդ կուսակցությունից են, չեն ընտրի: Ըստ էության, ՀՀԿ-ի նկատմամբ բացասական վերաբերմունքը հասել է բարձրակետին: Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը Սյունիքում:
-Արի, շառ ու շուռ չանես, այդպիսի բան մենք որեւիցե տեղ չենք զգացել, չենք նկատել, որ մեկը ասի՝ այս մարդը լավ մարդ է, բայց հանրապետական է: Դա լրիվ վրացական պադխոդ է Ձեր կողմից: Հիմա այսօր, որ Վրաստան ենք գնում, Վրաստանի հայերը այսպիսի խոսք ունեն, ասում են՝ վրացիներն ասում են, լավ մարդ ես, բայց ափսոս, որ հայ ես: Այս պահին վրացական մոտեցում ունեցար: Ի՞նչ է նշանակում նման բան ասել:
-Այսինքն՝ Սյունիքի մարզում Հանրապետական կուսակցության նկատմամբ բացասական չեն տրամադրվա՞ծ:
-Իհարկե, նման բան չկա, ինչու պետք է Սյունիքում Հանրապետական կուսակցության նկատմամբ վատ վերաբերմունք լինի, դա ուզում եմ՝ Դուք էլ մոռանաք, այդպիսի բան չի կարող լինել: ՀՀԿ-ի ամենամեծ արդյունքը նկատվեց սեպտեմբերի 21-ին, իսկ մեր ժողովուրդը այնպիսի ժողովուրդ է, որ որեւէ լավ բան չի մոռանում: Կարծում եմ, որ սեպտեմբերի 21-ին, եթե մեկն էլ կար, որ ՀՀԿ-ի նկատմամբ ունի անտարբեր վերաբերմունք, հասկացավ ՀՀԿ-ի դերն ու նշանակությունը այս երկրի կյանքում: Ցավոք սրտի, երբ մեկ-մեկ լսում ենք, որ երկրում իրավիճակը լավ չի, չգիտեմ, էս չի, էն չի, ինչ է եղել այս երկրի իրավիճակին, մի հատ ասեք, հասկանանք:
-Ըստ Ձեզ՝ լա՞վ է մեր երկրի վիճակը:
-Երկրի վիճակին ոչինչ էլ չի եղել, սեպտեմբերի 21-ը ցույց տվեց, որ ունենք հզոր պետություն եւ, ընդհանրապես, երկրի սահմանների անվտանգությունից սկսած… սոցիալական խնդիր բոլոր երկրներում կա: Այս ճգնաժամը ոչ միայն Հայաստանը ունի, Եվրոպայում 10-20 հատ գործարաններ են փակվում, մենք չենք կարող, եթե աշխարհով մեկ ֆինանսական ճգնաժամ է, մտածենք, որ մեզ մոտ պետք է ամենալավը լինի, իհարկե, դա հնարավոր չի եւ չի կարող լինել: Բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը պետք է ասի, թե լավ տղա ես, բայց ափսոս, որ ՀՀԿ-ից ես, այդպիսի բան, ով որ արել է, գլուխը պատին է տվել:
-Ըստ տարածված տեղեկությունների` Սերժ Սարգսյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին քարտ բլանշ է տվել՝ անելու ցանկացած կադրային փոփոխություն: Խոսակցություններ կան, որ առաջիկայում Կարապետյանը նաեւ մարզպետներից մի քանիսին է փոխելու եւ առաջին հերթին՝ հենց Ձեզ:
-Ես չգիտեմ՝ նման բան կա, թե չկա, բայց ամեն դեպքում, երկրի բարձրագույն իշխանությունը ինքն է որոշում՝ ում հետ աշխատի, ում հետ չաշխատի: Եթե չեն ուզենա՝ աշխատեմ, չենք աշխատի, եթե կուզենան, կշարունակենք աշխատել, դրա մեջ տրագեդիկ բան չկա:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՆՈՐԻՑ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հոկտեմբերի 2-ին Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում պարտություն կրեցին մի շարք ընդդիմադիր կուսակցություններ` ՀԱԿ, «Ալյանս», «Համախմբում», ՔՊ: «Ժողովուրդը» փորձեց պարզել, թե ինչ են մտածում իրենց արձանագրած արդյունքների մասին այդ կուսակցությունների ներկայացուցիչները:
Վարդան Քոչարյան, «Ալյանս» կուսակցության մամլո խոսնակ
-Պարո՛ն Քոչարյան, Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում «Ալյանս» կուսակցությունը պարտություն կրեց: Ո՞րն էր պատճառը, եւ ի՞նչ հետեւություններ է արել կուսակցությունը:
-Կուսակցության արձանագրած արդյունքների պատճառների հետ կապված կարող եմ ասել հետեւյալը. ես կարծում եմ, որ դա «Ալյանս»-ի դեմ իրականացված հակաքարոզն էր, որ տեղի ունեցավ այս քարոզարշավի ընթացքում: Իսկ ինչ վերաբերում է հետեւություններին, իհարկե, ցանկացած քաղաքական իրադարձություն հետեւություններ անելու տեղիք է տալիս, եւ մենք անպայման մեր վերլուծություններն ու հետեւությունները կանենք:
Ալեն Սիմոնյան. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ
-Պարո՛ն Սիմոնյան, Գյումրիում եւ Վանաձորում ՔՊ-ն չգրանցեց սպասված արդյունքը: Կարո՞ղ է դա կուսակցության ներսում փոփոխությունների պատճառ դառնալ:
-Այսօր /երեկ-հեղ./ նիստ է լինելու, նիստից հետո այդ հարցին կպատասխանենք: Հնարավոր է՝ վարչությունը հրաժարական տա, նոր համաժողով լինի, եւ կուսակցության նոր ղեկավար կազմ ընտրվի:
Արեգնազ Մանուկյան. «Համախմբում» կուսակցության մամլո խոսնակ
-Արեգնա՛զ, «Համախմբում» կուսակցությունը չհաղթահարեց վեց տոկոսանոց շեմն, ու, կարելի է ասել, պարտվեց: Ո՞րն է Ձեր կուսակցության դիրքորոշումը տեղի ունեցածի առնչությամբ:
-Մենք, միանշանակ, չենք կարծում, որ պարտվել ենք, որովհետեւ եթե հաշվի առնենք, որ ընդամենը երեք ամիս առաջ ստեղծված կուսակցություն ենք, ապա, օրինակ, հատկապես Գյումրիում արդյունքները այդքան էլ վատը չէին, եւ համոզված ենք, որ, եթե իշխանությունը կիրառած չլիներ ընտրակեղծիքների իր ողջ գործիքակազմը, ապա կհաղթահարեինք վեց տոկոսանոց շեմը: Իսկ այն, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները անցել են կոպտագույն խախտումներով, դա միանշանակ է, հիմնականում Վանաձորում եւ Գյումրիում, իշխանությունը դիմեց իրեն հոգեհարազատ ընտրակեղծիքների բոլոր միջոցներին, այդ թվում` ընտրակաշառք, կարուսելներ եւ այլն:
Հ. Գ. ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ զրուցել չհաջողվեց: Նրանք համառորեն չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Գուցե դեռ չեն հաշտվում իրենց կրած պարտության հետ:
Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ArmLur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Կոնդի, Ֆիրդուսի եւ Տիգրան Մեծի բնակիչները սեպտեմբերի 29-ին փորձում էին փակել Տիգրան Մեծ պողոտան: Հիշեցնենք, որ այնտեղ հավաքված մեծ թվով ոստիկաններ թույլ չէին տվել ճանապարհը փակվի: Այդ ամենից հետո բնակիչները կառավարության շենքի մոտ հանդիպել էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Լսելով բնակիչների պահանջները` Արման Թաթոյանը խոստացել էր երկու օրվա ընթացքում ուսումնասիրել նրանց գործերը եւ հանդիպում կազմակերպել: «Ժողովուրդ»-ը ՄԻՊ Արման Թաթոյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից տեղեկացավ, որ հենց դեպքի հաջորդ օրը Արման Թաթոյանը հանդիպել է քաղաքացիների հետ: «Քննարկվել են այն քայլերը, որոնք նախատեսվում է իրականացնել խնդրի կարգավորման նպատակով, քաղաքացիների եւ ՄԻՊ-ի միջեւ եղել է համաձայնություն երկկողմ հետագա քայլերի վերաբերյալ, ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ»,- պարզաբանեց Եգանյանը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍՆԱՆԿԱՑԵԼ Է
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարան» ՍՊԸ-ն անցած տարվա նոյեմբերին սնանկացել է: Բանն այն է, որ բեմարվեստի համալսարանին սնանկ ճանաչելու պահանջով Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչությունը: Ըստ ֆինանսների նախարարության «Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարան» ՍՊԸ-ն որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտ, հանդիսանում է ՀՀ-ում գրանցված եւ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարող: Սակայն ընկերությունը պատշաճ կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ համալսարանը պարտք է նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ մոտ 1 մլն 700 հազար դրամ:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
Հունվար-օգոստոս ամիսներին շինարարության ծավալները Հայաստանում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7 եւ կես տոկոսով: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից: Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ Հայաստանում սպառվող երկու հիմնական շինանյութերի արտադության ծավալները նույնպես կտրուկ նվազել են: Մասնավորապես ութ ամիսների արդյունքներով տուֆի արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են մոտ կիսով չափ, ցեմենտինը` 37,2 տոկոսով: