ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՉՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կարտոֆիլի մշակությամբ զբաղվող գյուղացիները կանգնել են ստացված բերքը իրացնելու խնդրի առաջ: Ու, ընդհանրապես, մեր հանրապետությունում գյուղմթերքի իրացման հարցը փորձում է լուծել գյուղացին միայնակ:

Կուշտն ինչ գիտի` սովածն ինչ է
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 20-ին «Պեռնո Ռիկար» խմբի Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Իգնատի Առաքելյանը նշանակվեց գյուղնախարար: Մարդ, որը ստանում էր տարեկան 63 մլն 817 հազար 473 դրամ աշխատավարձ, ունի մոտ 21 մլն 800 հազար դրամ, 71 հազար 950 դոլար, 77 հազար 775 եվրո կարողություն:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե նորանշանակ նախարարներից ակնկալում է համարձակ քայլեր եւ կառավարման համակարգի վերանայում:
Իգնատի Առաքելյանի` գյուղնախարարի պաշտոնում նշանակվելուց անցել է 2 շաբաթ, սակայն մինչ օրս նրա համարձակ քայլերի մասին հանրությանը, առավել եւս գյուղացիներին ոչինչ հայտնի չէ: Ավելին՝ իր նախարարի պաշտոնում նշանակվելուց 8 օր անց, երբ Իգնատի Առաքելյանը հանդիպեց Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչների հետ, որոնք բարձրաձայնում էին ե՛ւ «Վեդի Ալկո»-ի իրենց ունեցած պարտքերի, ե՛ւ խաղողի մթերման հետ կապված հարցերը, հիասթափեցրեց գյուղացիներին: Նախարարը հայտարարեց, որ ինքը խաղողի մթերման հարցով գործարաններին խնդրանքով չի դիմելու: Այսինքն՝ գյուղնախարարի առաջին փորձությունը ձախողեց:
Գյուղմթերքի իրացման հարցով «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում գյուղացիներից, ֆերմերներից: Բազմաթիվ դժգոհություններ է ստացել ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի այն բնակիչներից, որոնք զբաղվում են կարտոֆիլի մշակությամբ: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչները մտահոգված են, քանի որ չգիտեն, թե հավաքած կարտոֆիլն ինչպես իրացնեն: Այս խնդրի առաջ են կանգնած ոչ միայն Գանձակի, այլեւ Սարուխանի, Գեղարքունիքի, Կարմիրգյուղի եւ այլ գյուղերի բնակիչները:
Կոնկրետ օրինակով
«Ժողովուրդ»-ը դեռեւս սեպտեմբերի 26-ից դիմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ կարտոֆիլի իրացման հարցով: Մասնավորապես՝ ԳՆ-ին հայտնել էինք, որ մի ֆերմեր, ով ունի 1 հա-ից հավաքած կարտոֆիլ՝ մոտ 30 տոննա, չի կարողանում վաճառել: Քանի որ գնորդ չի գտնում:
«Ժողովուրդ»-ը ԳՆ-ից խնդրեց, որպեսզի տվյալ քաղաքացուն (ԳՆ-ին փոխանցել էինք քաղաքացու կոնտակտները) օժանդակեն գնորդներ գտնելու հարցով: Սակայն մեր դիմելուց ավելի քան մեկ շաբաթ անց գյուղատնտեսության մի ողջ նախարարություն չկարողացավ լուծել 1 հա-ից հավաքած կարտոֆիլի իրացման հարցը: Հետեւաբար այստեղ հարց է առաջանում. եթե գյուղատնտեսության նախարարությունը չի կարողանում 1 հա կարտոֆիլի խնդիր լուծել, ապա ինչպես է հավակնում հանրապետության ամբողջ գյուղատնտեսական խնդիրները կարգավորել:
Ո՞րն է գյուղնախարարության
գործառույթը
Համաձայն պաշտոնական փաստաթղթի՝ նախարարությունն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետեւյալ գործառույթները. «ագրոպարենային ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող ծրագրերի մշակում եւ դրանց իրականացման մոնիթորինգ, գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին աջակցության ծրագրերի մշակում եւ դրանց իրականացման մոնիթորինգ»:
Այսպիսով՝ նախարարությունը պետք է ծրագրեր առաջարկի եւ հետեւի դրանց իրականացմանը: Ու այստեղ բնական հարց է առաջանում՝ գյուղմթերքի իրացումը արդյոք գյուղատնտեսության, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների լիազորությունների շրջանակում է: Պատասխանը ստացվում է՝ ոչ ուղղակի, բայց գյուղմթերքի իրացման համար անհրաժեշտ տնտեսական պայմաններ ստեղծելուն նպաստող քաղաքականության մշակումն ու իրագործումը նախարարության ուղղակի պարտականությունն է: Ոլորտի զարգացմանը նպաստելը նույնպես իրենց պարտականությունն է: Բայց ստացվում է, որ նախարարությունն իր պարտականությունները չի հասցնում պատշաճ կարգով իրականացնել:
Ստացվում է, որ մարդիկ պետք է իրենց կարտոֆիլը հավաքեն, «նստեն լացեն» դրա վրա, քանի որ ՀՀ կառավարությունը անընդհատ, «սովորության համաձայն», փոփոխությունների է ենթարկվում: Ու մինչեւ նախարարությունները գրասենյակային քննարկումներից դուրս առարկայական քայլեր ձեռնարկեն, կարտոֆիլը կփթի: Իսկ ե՞րբ պետք է իրականացվեն օպերատիվ համարձակ քայլերը: Այս հարցը մնում է օդում կախված:
ՀԿ-ն սուտ գործընկեր
Բացի գյուղնախարարությանը դիմելուց՝ «Ժողովուրդ»-ը 1 հա-ից հավաքված կարտոֆիլի իրացման հարցով «ստուգողական» քայլով դիմեց նաեւ «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանին: Քանի որ նա կարտոֆիլի սերմացուների ներկրմամբ եւ վաճառքով է զբաղվում, նաեւ՝ մեծ-մեծ խոստումներ տալիս գյուղացիներին, հորդորում է գյուղատնտեսությունը զարգացնել, կարտոֆիլի մշակությամբ զբաղվել: Եւ պարզվում է՝ եղել են մարդիկ, որոնք հավատացել են Բերբերյանին, կարտոֆիլ են ցանել եւ «կրակն ընկել», քանի որ նախ գյուղմթերքի այդ տեսակի գինն է շատ ընկել, բացի այդ, գյուղացին չի կարողանում ստացած բերքը վաճառել: Ուստի փորձեցինք Բերբերյանի միջոցով գնորդ գտնել, սակայն պարզվեց, որ վերջինս զբաղված է պոռոտախոսությամբ:
Բերբերյանի մատնանշած գնորդը ֆերմերի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց, գնացին, նմուշը վերցրին, պայմանավորվեցին, որ պետք է բերքահավաք անեն եւ դաշտից գնեն կարտոֆիլը, սակայն բերքահավաքի օրը անհետացան: Հայտնվեցին միայն 3 օր անց, երբ ֆերմերը ստիպված էր եղել սկսել բերքահավաքը եւ հայտարարեցին, որ կարտոֆիլի որակական ցուցանիշներն իրենց չի բավարարում: Այսպես թողնելով ֆերմերին հավաքած կարտոֆիլի հետ միայնակ: Սա այն դեպքում, որ օրեր առաջ նրանք նույն կարտոֆիլից արդեն նմուշ էին վերցրել:
Այսպիսով՝ «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ն ֆերմերի նկատմամբ ցուցաբերեց բացարձակ անպատասխանատվություն: Նույնիսկ եթե կարտոֆիլի որակը վատն էր, ապա այդ դեպքում պետք էր նախապես ասել՝ նմուշը վերցնելուց հետո, այլ ոչ թե բերքահավաքը սկսելուց, բացի այդ էլ՝ առավել վատ որակ, փոքր չափեր ունեցող կարտոֆիլն էլ իր գինն ունի:
Նշենք, որ 1 կգ կարտոֆիլը մանրածախ շուկայում 150-200 դրամ արժի, սակայն ֆերմերներից գնորդները խոշոր կարտոֆիլը գնում են 80, առավել մանրը՝ 60 դրամով:
Ինչո՞ւ կարտոֆիլը էժանացավ
Կարտոֆիլի ցածր գինն էլ իր պատճառներն ունի: Նախկին գյուղնախարարն, իհարկե, սիրում էր դաշտերում լուսանկարվել բերքի ֆոնին, բայց միեւնույն ժամանակ անկարող էր ՀՀ կառավարության ներսում պաշտպանել գյուղացու շահերը: Ու արդյունքը եղավ այն, որ այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվել է 2 մլն 358 հազար 725 կգ կարտոֆիլ՝ 40-60 դրամով: Արդյունքում ներքին շուկան հագեցվեց ռուսական կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլի գինն էլ կտրուկ ընկավ եւ դարձավ 90-100 դրամ: Ու այս ցածր գինն էլ եկամտաբեր չէ մեծ ծախսեր կատարած գյուղացիների համար:
Իսկ ի՞նչ է անում այստեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Կոնկրետ կարտոֆիլի ցանքս իրականացրած ֆերմերների ու գյուղացիների վրա սերմացու, ազոտական պարատանյութ եւ դիզելային վառելիք է վաճառում ՀՀ պետբյուջեի հաշվին որոշակի արտոնյալ պայմաններով: Եւ վերջ:
Մինչդեռ Հայաստանում կան բազմաթիվ հաջողակ գործարարներ, որոնք կարող են առավել մատչելի գներով գյուղացուն վաճառել վերը նշված անհրաժեշտությունները: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի մի ողջ նախարարության վրա ՀՀ պետբյուջեից գումար հատկացնել: Նշենք, որ այս տարի նշված գերատեսչությանը հատկացվել է 15 մլրդ 905 մլն 49 հազար 500 դրամ:
Անիմաստ կառույց
Վերլուծելով կոնկրետ մեկ օրինակով առկա իրավիճակը՝ «Ժողովուրդ» օրաթերթն առաջարկում է ՀՀ վարչապետին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լուծարել կամ այն կցել տնտեսական զարգացման եւ ներդրումների կամ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություններից մեկին՝ դարձնելով մի վարչություն: Գոնե գյուղացիները կիմանան, որ չկա մի ողջ նախարարություն, որը ոչինչ չանելու դիմաց պետությունից տարեկան ավելի քան 15 մլրդ ՀՀ դրամ գումար է ստանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԶԳԱԼԻՈՐԵՆ ԹԱՆԿ Է
Սահմանամերձ Տավուշի մարզում գազի գինը զգալիորեն ավելի թանկ է, քան Հայաստանի այլ մարզերում ու մայրաքաղաք Երեւանում: Տավուշի մարզի Նոյեմբերյանի եւ մյուս տարածաշրջաններում վարորդներն իրենց մեքենաները լիցքավորում են մեկ խորանարդ մետր գազի համար վճարելով 200 դրամ, մինչդեռ, օրինակ, Լոռու մարզում՝ 180 դրամ, իսկ Արագածոտնի մարզի Ապարանի գազալցակայաններից մեկում մեկ խմ-ն անգամ 170 դրամ է: Տավուշի մարզի Իջեւան քաղաքում է միայն գազի մեկ խորանարդ մետրը 180 դրամ, փոխարենը սահմանամերձ գյուղերում այն զգալիորեն թանկ է: Տավուշեցի վարորդները մեզ հետ զրույցում նշել են, որ խնդրի մասին իրենք տարիներ շարունակ բարձրաձայնում են բոլոր օղակներում, սակայն գինն այդպես էլ չի էժանանում: Վարորդներն ասում են, որ այս հարցը պետական մակարդակով պետք է լուծում ստանա:
Հատկանշական է, որ Վրաստանից Հայաստան մտնող ռուսական բնական գազի խողովակաշարը ձգվում է Տավուշի մարզի տարածքով: Հավելենք, որ հեղուկ գազի գինը առավել քան բարձր է ԼՂՀ-ում: Մարտակերտի ԱԳԼՃԿ-ներում այն հասնում է մինչեւ 300 դրամի, միեւնույն ժամանակ Մարտակերտ այցելող վարորդները դժգոհում են ոչ միայն գազի թանկ գներից, այլեւ որակից:

Լ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

ԾԱԽՍԵՐԸ ԿՐՃԱՏԵԼ ԱՆՀՆԱՐ Է
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 2017թ. պետական բյուջեն արտացոլում է տնտեսական իրողությունները: Ըստ Վարդան Արամյանի՝ Հայաստանից արտահանումների 50%-ը հանքահումքային ապրանքն է, իսկ վերջին 2-3 տարիներին տրանսֆերտները 700 մլն դոլարի չափով կրճատվել են, այս տարի էլ 140 մլն-ով կկրճատվեն, այսինքն՝ այդքան արտարժույթ չի մտել Հայաստան: Վ. Արամյանը տնտեսությունը համեմատեց մարդու օրգանիզմի հետ, որը սառը քամիներից հյուծվում է, իսկ հաբ ընդունելիս վերականգնումն անմիջապես չի կատարվում: Նորանշանակ նախարարը հայտարարեց, որ եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկեր, ապա արդյունքը բացասական կլիներ: Նա նշեց, որ 2014-15-16 թթ. ՀՀ պարտքը 900 մլն դոլարով աճել է, այսինքն՝ մոտ այնքան, որքան կրճատվել են տրանսֆերտները: Արամյանը նշեց, որ 2016թ. ակնկալում են մոտ 2.4% իրական աճ՝ նախապես կանխատեսված 2.2%-ի փոխարեն, իսկ 2017թ. տնտեսական աճի ցուցանիշը 3.2% է կանխատեսվել: Վ. Արամյանի կարծիքով՝ ծախսերը մի քանի անգամ կրճատել անհնար է, բայց քանի որ պարտքն աճել է, պետք է կոնսոլիդացիայի գնալ, որ կարողանանք առաջիկա տարիներին պարտքը կառավարելի պահել: Նրա խոսքով` հաջորդ տարի 150 մլրդ դրամի պակասուրդ կա, որի 70 մլրդ-ը ներքին աղբյուրների հաշվին կապահովեն, մնացած մոտ 80 մլրդ-ը` արտաքին աղբյուրների հաշվին: Նախարարը նշեց, որ փորձել են հարկերը չափից շատ չկանխատեսել, ինչը նշանակում է՝ տնտեսվարողներից անհարկի գանձումներ: Ըստ նրա՝ սպասվում է 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ եկամուտներ: Վ. Արամյանի գնահատականով` անհրաժեշտ է ՀՆԱ 4.4% աճ, որպեսզի վերելք սկսվի, իսկ 2017-ը լինելու է կայունության տարի:




Լրահոս