«ՊԱՅԾԱՌ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ՀԻՄՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը իր պաշտոնավարման առաջին օրերին, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որն է լինելու իր առաջին ռադիկալ փոփոխությունը մշակույթի ոլորտում, նշել է, որ գրահրատարակչական ոլորտը պետք է կարգավորվի։ «Գրախանութները պիտի դառնան ընտանեկան հանգստի տեղ, որտեղ մարդը կարող է իր ընտանիքով ոչ միայն գիրք ընթերցել, գիրք գնել, այլեւ ընտանեկան հանգիստը կազմակերպել: Կառավարությունը պետք է որոշակի արտոնություններ նախատեսի այն մարդկանց համար, ովքեր այդ ոլորտում պատրաստվում են ներդրումներ անել»,-ասել է նա։ «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, նախարարի առաջիկա ծրագիրը որքանո՞վ եք իրատեսական համարում:
-Ժամանակակից աշխարհում գրախանութները հենց այդպիսինն են, բայց նախարարի պայծառ ցանկությունները պետք է ունենան հիմք: Ի՞նչ է պարոն Ամիրյանն անելու, որ կոշիկի խանութների վերածված նախկին գրախանութների տարածքները տրամադրվեն գրքին: Սա հնարավոր կլիներ այն ժամանակ, երբ իրականացվում էր սեփականաշնորհում. պետությունը կարող էր ներդրողի առջեւ պայման դնել` գրախանութը սեփականաշնորհել հնարավոր է միայն այն դեպքում, եթե առնվազն 50 տարի գրախանութն իր պրոֆիլը չփոխի: Բայց գնացքն արդեն գնացել է, քաղաքի կենտրոնից բոլոր գրախանութները դուրս են մղվել: Այնինչ՝ աշխարհի մայրաքաղաքների ամենակենտրոնական տեղերում կգտնեք գրախանութներ. ինչպե՞ս է սա արվում: Իշխանությունը, որը հակված է ինտելեկտամետ քաղաքականություն վարելուն, ներդրողին ասում է` ես քեզ տալիս եմ հողատարածք, բայց դրա որոշակի տոկոսը պետք է լինի, այսպես ասած, ինտելեկտուալ հատված` կլինի դա ուսումնական կենտրոն, գրախանութ թե թանգարան: Արդյոք մեր կառավարությունը կարո՞ղ է հարստահարել ինչ-որ մեկին: Ո՛չ: Որովհետեւ նրանք, ովքեր պետք է հարստահարվեին, այնպես կանեն, որ հաջորդ օրը այդ կառավարությունը չի լինի:
-Վերադառնալով պարոն Ամիրյանի հեռահար նպատակներին` պետք է նկատել, որ մենք այսօր ունենք գրախանութ-սրճարաններ, որոնք, սակայն, լեփ-լեցուն չեն:
-Դա ստուգված տարբերակ է, չի աշխատում: Գրախանութ այցելողը պետք է ստիմուլ ունենա: Իսկ այսօր մենք հասկանում ենք, որ հայաստանցին չի ուզում շփվել գրքի հետ: Արդյոք վարչապետը կամ նախարարը կարո՞ղ են Հայաստանում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ մարդը հավատա` եթե ինքը գիրք չկարդա, ապա պաշտոն չի ունենա, հավատա, որ գիտելիքն է լավ աշխատանք ունենալու երաշխիքը: Քավոր-սանիկ հարաբերությունները հերիք չե՞ն, որ հայաստանցին կրթվելու ստիմուլ չունենա: Իհարկե, պարոն Ամիրյանի մտադրությունները շատ ողջունելի են, եւ մենք պատրաստ ենք աջակցել բոլոր ռեֆորմներին: Բայց առաջին հերթին երկրում պետք է իրավիճակ փոխել: Պետք է նայես Հայաստանի ղեկավարության աչքերին եւ այնտեղ ինտելեկտը փայլի: Եթե նոր կառավարության օրոք ուսուցիչը կարող է հանցագործ, ընտրակեղծարար չլինել, ուրեմն ես հավատում եմ, որ պետք է գրախանութ բացել: Ես կուզենայի, որ այն հարցը, որով պատրաստվում է զբաղվել Արմեն Ամիրյանը, լիներ նաեւ պաշտպանության նախարարի, վարչապետի, ԱԺ նախագահի ու ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում:
-Ընթերցանության խթանմանն ուղղված ի՞նչ կոնկրետ ծրագրեր, տարբերակներ եք տեսնում:
-Օրինակ` Գերմանիան, ընթերցանության խթանման 120 ծրագիր ունի: Գերմանիան համարում է, որ իր երկրի համար ամենամեծ բիզնեսը ընթերցանության զարգացումն է. այդ ոլորտում ամեն ներդրած եվրո Գերմանիային վերադարձնում է 40 եվրո: Կարծում եմ` պետությունը չպետք է մրցակցի իր հարկատուի հետ. դա նույնն է, ինչ ձեր սիրտը սկսի ձեզ հետ մրցակցել: Պետությունը չպետք է գիրք հրատարակի, մի հրատարակչին փող տա, մյուսին` ոչ, կամ մի գիրքը ֆինանսավորի, մյուսը` ոչ. սա հանգեցնում է մրցակցության խաթարման: Հայաստանում տարին երկու գիրք հրատարակող հրատարակչությունը պետության կողմից ֆինանսավորվում է հենց այդ երկու գրքի համար, ընդամենը երկու գրքի համար ֆինանսավորում է ստանում նաեւ տարին 152 գիրք հրատարակող հրատարակչությունը: Ո՞նց կարող է այսպիսի անարդար վիճակ լինել: Ամեն դեպքում, կարծում եմ` ոչ մի գիրք Հայաստանում պետության կողմից չպետք է ֆինանսավորվի: Պետությունը կարող է այդ փողը ուրիշ տեղ ծախսել: Մենք մեր մշակույթը դրսում տարածելու, մեր դեսպանների աշխատանքը այդ հարցում արդյունավետ դարձնելու խնդիր ունենք: Բացի այդ` պետք է խթանվի ոչ թե առաջարկը, որն անում է պետությունը` ֆինանսավորելով որեւէ հրատարակչության, այլ պահանջարկը: Այսինքն` այդ փողը ինձ տալու փոխարեն պետությունը դա կարող է տալ գրադարանին: Ես կհրատարակեմ, գրադարանը կգնի գիրքը: Թող պետությունը տա այդ գրքի գումարի 30 տոկոսը, մյուս 30 տոկոսը թող գրադարանը տա, 40 տոկոսն էլ հրատարակիչը կէժանացնի: Կստացվի, որ գրադարանում գիրք կա, բայց պետությունը 30 տոկոս է վճարել դրա համար: Գրադարանն էլ կընտրի այն գիրքը, որն իրավամբ իրեն պետք է, ոչ թե սուտ ինտելեգենտի այն գիրքը, որը ֆինանսավորվել է հետեւյալ կերպ. վերջինս խոսել է, ասենք` նախարարի դեմ, նախարարը ֆինանսավորել է այդ գրողին, դրանից հետո նա սկսել է խոսել իրեն ֆինանսավորող իշխանավորի ուզած մարդու դեմ: Կարծում եմ` ընթերցանությունը խթանելու համար անհրաժեշտ է նաեւ, որ Հայաստանը ռուսալեզու գրականություն սպառողից վերածվի հայալեզու գրականություն սպառողի: Վերջերս այցելեցի որոշ գրախանութներ եւ ցավով նկատեցի, որ ռուսական գրականությունը խնամքով շարված է տեսանելի տեղում, նույնը չեմ կարող ասել հայերեն տարբերակով համապատասխան շարքի մասին: Քանի որ Հայաստանում մի շարք բնագավառներ զարգացում չեն ապրում, չի զարգանում նաեւ այդ բնագավառների լեզուն: Օրինակ` վերջերս ֆուտբոլ էի դիտում եւ ոչ մի բառ չհասկացա. մեկնաբանը չափից շատ էր օգտագործում օտարածին բառեր, օտար տերմիններ: Իսկ որպեսզի լեզվի խնդիրը լուծվի, անհրաժեշտ է զարկ տալ թարգմանական ոլորտի զարգացմանը:
Անհրաժեշտ է նաեւ, որ հանվեն պետության կողմից շնորհվող կոչումները: Այլապես մտավորականին ծառայեցնում ես իշխանությանը, ոչ թե ժողովրդին կամ պետությանը: Չպետք է լինի նախագահի մրցանակ: Փոխարենը կարող է հրատարակչությունը հայտարարել, օրինակ, լավագույն վեպի մրցույթ: Շահը մեծ համբավ ունեցող գրողներ ունենալն է, նոր անուններ գտնելը, որոնց գործերը հրատարակչությունը կթողարկի: Եթե պարոն Ամիրյանը կարող է իմ նշած խնդիրներից օր առաջ ձերբազատվել, ես հավատում եմ, որ մեր գրախանութները այցելուներ կունենան:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
«ՉՈՐՍ ՏԱՐԲԵՐԱԿ»-Ը ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Հոկտեմբերի 20-ին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում տեղի կունենա նոր ներկայացման պրեմիերա, այն կոչվում է «Երկու հայ, որ փրկվել են»: Դրամայի հեղինակը Ռիչարդ Կալինոսկին է, բեմադրող ռեժիսորը` Գրիգոր Խաչատրյանը: Ներկայացման շրջանակում հանդես կգան դերասաններ Սամվել Թոփալյանը եւ Քնարիկ Զաքարյանը (փոքրիկ տղայի դերում` Վահագն Մեսրոբյան): Քնարիկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ներկայացումը նվիրված է Հայոց մեծ եղեռնին, բայց այն մատուցվելու է առանց լացուկոծի: «Սա պատմություն է երկու երիտասարդի մասին, որոնք փրկվել են Եղեռնից եւ իրենց կյանքը կապել միմյանց հետ: Այս երկուսի հարաբերություններում ակնհայտ է, թե ինչ հետք է թողել Եղեռնը մարդկանց ճակատագրերի վրա եւ ինչպես է այն արտացոլվում նրանց կենսակերպում»,-մեկնաբանեց դերասանուհին` հավելելով, որ մեկ տարուց ավել զբաղված են եղել ներկայացմամբ, սակայն ժամանակի սղության պատճառով անընդհատ հետաձգել են պրեմիերան:
Ու թեեւ ներկայացման պրեմիերան դեռ չի եղել, սակայն այն արդեն հասցրել է ճանապարհներ խաչել: Քնարիկի խոսքով` եթե չլիներ այս բեմադրությունը, Սամվել Թոփալյանը «Կյանք ու կռիվ» ֆիլմում հազիվ թե խաղար. «Ներկայացման փորձերին առաջին անգամ էր, որ խաղում էի Սամվելի հետ, եւ ինձ շատ դուր եկավ դերասանի նրա տեսակը: Ես Սամվելին ծանոթացրի մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանի հետ, որից հետո վերջինս նրան հրավիրեց նկարահանվելու «Կյանք ու կռիվ» ֆիլմում (ռեժիսոր եւ սցենարիստ` Մ. Մկրտչյան): Այնպես որ, ներկայացումն ակամայից բարի «գործեր է արել»»,-մանրամասնեց դերասանուհին:
Խոսելով ստեղծագործական կյանքում առկա նորություններից` Քնարիկը տեղեկացրեց, որ «Չորս տարբերակ» փոփ խումբը տեւական դադարից հետո շուտով վերադառնալու է. «Արդեն ձայնագրել ենք նոր երգ: Հեղինակները` Վահրամ Պետրոսյանն ու Ավետ Բարսեղյանը, այդ ստեղծագործությունը նվիրել են մեզ: Հիմա աշխատանքային փուլում ենք, առաջիկայում անպայման կլինի տեսահոլովակ: «Չորս տարբերակ»-ի մյուս անդամներն էլ անհամբեր սպասում են խմբի վերադարձին: Մեր ուրախությունը կրկնապատկվեց, երբ հասկացանք, որ հանդիսատեսի շրջանում կա զանգված, որը սպասում է մեզ»,-եզրափակեց նա:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
Երեւանում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված բազմաթիվ ցուցահանդեսների խճանկարում տեղ է գտել Ժամանակակից արվեստի թանգարանում հոկտեմբերի 7-ին բացվող «Անկախություն» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցադրությունը ներառում է 20-21-րդ դդ. ստեղծագործած հայ արվեստագետների բազմաշերտ մեկնաբանումներն ու տեսակետները:
Ցուցահանդեսին ներկայացված են լինելու Գեւորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկու, Լեւոն Թութունջյանի, Մինաս Ավետիսյանի, Էդուարդ Արծրունյանի, Ռոբերտ Էլիբեկյանի եւ այլոց աշխատանքները:

 

 
ԱՆՀԱՅՏ ԿՏԱՎԸ
Փորձագետներ Ջեքի Քլյայինը եւ Բրենդոր Գրովնոն BBC-ի եթերում հայտարարել են, որ հայտնաբերվել է Մարիամ Աստվածածնի պատկերով նոր կտավ, որը, հավանաբար, պատկանում է աշխարհահռչակ նկարիչ Ռաֆայել Սանտիի վրձնին: Կտավը գտնվել է շոտլանդական Հադդո-հաուս բնակավայրում: Եթե այս վարկածը հաստատվի, ապա կտավը կլինի նկարչի միակ աշխատանքը, որը գտնվում է Շոտլանդիայում: Չնայած նոր կտավի շուրջ ծայր առած հետաքրքրությանը, կարծիք կա նաեւ, որ մասնագետների հայտարարությունը պարզապես գովազդային քայլ է` զբոսաշրջիկներին գրավելու նպատակով:

 

 

ՓԻԹՆ ԸՆԿՃՎԱԾ Է
Մամուլը շարունակում է իր ուշադրության ներքո պահել հոլիվուդյան ամենահայտնի զույգի` Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնալուծությունը: Նշենք, որ օրերս նրանք համաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ. դերասանուհին ստացել է երեխաների նկատմամբ ժամանակավոր խնամակալության իրավունք, իսկ Փիթը կարող է երեխաներին այցելել Ջոլիի թույլտվությամբ եւ այն բանից հետո, երբ պատկան մարմինները որոշեն` դերասանը կարող է երեխաներին տեսակցել առանց երրորդ անձի ներկայության, թե ոչ: Spletnik.ru-ի փոխանցմամբ` Փիթը պատրաստ է կատարել Ջոլիի բոլոր ցանկությունները, միայն թե իրավիճակը կարգավորվի. նա անչափ կարոտում է երեխաներին: Դերասանին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Փիթի համար ամուսնալուծությունը անսպասելի է եղել, եւ նա հոգեբանորեն պատրաստ չէ դրան:




Լրահոս