ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ Սեյրան Օհանյանի, որպես ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակաշրջանն այլեւս պատմություն է: Մինչ նրա ապագային անդրադառնալը, նրա 2007-2016 թվականների գործունեությունից մի քանի դրվագներ վերհիշենք:

Մինչեւ 2007 թվականի մայիսին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակվելը եւ Երեւան տեղափոխվելը, Սեյրան Օհանյանը զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Նա ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2000 թվականից: Ու պետք է խոստովանել, որ մինչ Երեւան գալը Օհանյանը հայ հանրության շրջանում հիմնականում դրական կողմերից էր հայտնի, իբրեւ Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից-հրամանատար, Արցախի հերոս, պարկեշտ անձնավորություն: Սակայն 2008-ի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ բացահայտվեց Սեյրան Օհանյանի տեսակը այլ հարթության մեջ: Հիշեցնենք, որ հենց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանն էր այն անձը, որը ստանձնել էր Երեւանի պարեկի պաշտոնը: Հենց նա էր զորքը դուրս բերել Հայաստանի մայրաքաղաքի փողոցներ եւ պաշարել այն: Հենց նա էր ՀՀ քաղաքացիներին սպառնում երկու-երեք հոգով Երեւանի փողոցներում չհավաքվել, հակառակ դեպքում սպառնալով նրանց նկատմամբ ուժ կիրառել եւ բերման ենթարկել ոստիկանության բաժիններ: Սեյրան Օհանյանն իր այս «ծառայության» դիմաց էլ 2008-ի ապրիլի 14-ին նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Այնուհետեւ հաջորդած ութ տարիներին հինգ անգամ վերանշանակվեց այդ պաշտոնում:
Սեյրան Օհանյանի վերը նշված «ծառայությունները» հաշվի առնելով էլ, երբ այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նրա պաշտոնանկության մասին լուրեր տարածվեցին, հարցերի հարցն այն է, որ Սերժ Սարգսյանը «չի կարող» նրան ազատել, քանի որ մշտապես կա վտանգ, որ նա Մարտի 1-ի հետ կապված փաստեր (փաստաթղթեր) կարող է բացահայտել: Սակայն Հովիկ Աբրահամյանի հրաժարականից եւ կառավարության արձակվելուց հետո ակնհայտ էր, որ Սեյրան Օհանյանն այլեւս չի վերանշանակվի իր պաշտոնում: Սակայն մյուս կողմից ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը միջոցներ պետք է ձեռնարկեր, որպեսզի նա հնարավորություն չունենա նեղացածի դիրքերից հանդես գալ եւ իր դեմ ուղղված քայլեր կատարել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին իր մոտ է հրավիրել Սեյրան Օհանյանին եւ տեղեկացրել, որ չի պատրաստվում նրան կրկին պաշտպանության նախարար նշանակել: Նա նախկին նախարարին առաջարկել է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը, սակայն Օհանյանը հրաժարվել է դրանից: Ու երբ հետաքրքրվել է, թե «շեֆն» ինչու չի ցանկանում իրեն վերանշանակել, Սերժ Սարգսյանը բացատրել է, թե ցանկանում է, որ պաշտպանության նախարարը չլինի զինվորական, այլ լինի քաղաքացիական անձ` կառավարիչ:
Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանից հետաքրքրվել է, թե պաշտպանության նախարարից բացի ուրիշ ինչ պաշտոնում է ցանկանում նշանակվել, սակայն Սեյրան Օհանյանը անդրդվելի է մնացել եւ պատասխանել է, որ ոչինչ էլ չի ուզում:
Երկու օր անց Սարգսյանը եւ Օհանյանը հանդիպել են եւս մեկ անգամ: Սերժ Սարգսյանը նախկին նախարարին առաջարկել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, սակայն նա կրկին հրաժարվել է: Իբրեւ այլընտրանք Օհանյանին առաջարկվել է նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, բայց դրանից եւս նա հրաժարվել է եւ ասել. «Այդ դեպքում ես գնում եմ»: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի այն հարցին, թե ինչով ես զբաղվելու, Սեյրան Օհանյանը պատասխանել է, թե ոչինչ էլ չի անելու:
1-Հ.Գ. Ի դեպ, հոկտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը նախագահականի աշխատակազմին է ներկայացրել Արմեն Գեւորգյանին, նա պարզաբանել է, թե ինչու է որոշել աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակել: Նա մատնանշել է Վ. Սարգսյանի կազմակերպչական ունակությունները՝ որպես օրինակ մատնանշելով այն փաստը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պատասխանատուն եղել է հենց Վիգեն Սարգսյանը եւ փայլուն իրականացրել է այն: Բացի այդ, ներկաներին հիշեցրել է, որ Վիգեն Սարգսյանը ղեկավարել է նաեւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցելության հետ կապված միջոցառումների կազմակերպումը: Իսկ թե կազմակերպչական այդ ունակությունները որքանով նրան կօգնեն պաշտպանության նախարարի պաշտոնում, ցույց կտա ժամանակը:
2-Հ.Գ. Նույն օրը՝ միջոցառման ժամանակ, Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ զրույցում անդրադարձել է նաեւ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես, նա ասել է, որ իրենց, այսինքն՝ ՀՀԿ-ի նկատմամբ հանրության շրջանում ձեւավորված տրամադրությունները խիստ բացասական են, բայց Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ այդ բացասական տրամադրությունները «մահացու չեն»:
Այդ պահին թերեւս Սերժ Սարգսյանը մոռացել էր այս տարվա հուլիսին գրանցված արյունալի միջադեպը, երբ «Սասնա ծռերը» զենքով գրավեցին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, որի արդյունքում 3 ոստիկաններ սպանվեցին: Սրանից ավելի մահացու վատ տրամադրություն էլ է լինո՞ւմ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո հայտարարեց, որ ցանկություն ունի ստեղծել «Վարչապետերի ակումբ», որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր նախկին վարչապետերը եւ կքննարկեն տնտեսական, քաղաքական գործընթացներ: Այդ ձեւաչափով նախկին վարչապետերի ընդամենը երկու հանդիպում է կայացել, որին մասնակցելու համար հրավիրված են եղել նորանկախ Հայաստանի բոլոր վարչապետերը: Հովիկ Աբրահամյանի հրավերին արձագանքել են միայն երեքը` Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը եւ Վազգեն Մանուկյանը: Տիգրան Սարգսյանն այդ օրերին երկրից բացակայելու պատճառաբանությամբ չի մասնակցել հանդիպմանը: Իսկ Արամ Զ. Սարգսյանը, Գագիկ Հարությունյանը եւ Արմեն Դարբինյանն իրենց չներկայանալը չեն էլ պատճառաբանել: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել` արդյո՞ք նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է վերականգնել վարչապետերի ակումբի ֆորմատը: Ի պատասխան՝ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանն ասաց. «Կառավարությունում այդ հարցը դեռեւս չի դիտարկվել»:

 

 

ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՐՎԻ
Երեկ armlur.am-ը հայտնել էր, որ ուշ երեկոյան տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինս ասել է, որ տրագեդիկ բան չի տեսնում. «Եթե ցանկանան, կաշխատեմ, եթե չեն ցանկանա, տրագեդիկ բան չկա»: Իսկ ով է փոխարինելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանին կփոխարինի «Զանգեզուրի ՊՄԿ» գործադիր տնօրեն Վահե Հակոբյանը: Ի դեպ, վերջինիս պետք չի շփոթել Մաքսիմ Հակոբյանի որդու՝ մեկ անգամ արդեն Սյունիքի մարզպետ դարձած Վահե Հակոբյանի հետ: Ենթադրվում է, որ Սյունիքի մարզպետի փոփոխության հարցը ներառված կլինի ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

 

 

ՀԱՆԿԱՐԾ ՉԿՈՐԵՆ
Երեկ ՀՀ Ազգային ժողովում կրկին կառավարության հետ հարց ու պատասխանի օր էր, եւ նախարարները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ժամանել էին խորհրդարան: Սակայն ուշագրավն այն է, որ նորանշանակ նախարարների մի մասին խորհրդարանի աշխատակազմը հատուկ դիմավորում էր շենքի մուտքի մոտ եւ ուղեկցում նիստերի դահլիճ: Ի դեպ, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանեց, որ ինքը խորհրդարանի շենքում առաջին անգամ է:

 

 
ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ
ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, այս անգամ Սիրիայի իրավիճակի պատճառով: Այդ մասին ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը. «Մենք ունենք մի շարք գործիքներ, որոնք կարող են օգնել Սիրիայի իրավիճակին, եւ, հնարավոր է, Ռուսաստանին: Եվ պատժամիջոցները այդ գործիքներից մեկն են»: Նրա խոսքով՝ սահմանափակումներն առավել արդյունավետ են, եթե դրանք սահմանվեն դաշնակիցների հետ:

 

 

ԴԵՍՊԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
Կարո Եղնուկյանի հարազատները դիմել են տարբեր միջազգային կազմակերպությունների, հայ մշակութային եւ քաղաքական գործիչների` պահանջելով, որպեսզի նրանց միջամտությամբ փոփոխվի Եղնուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Կարո Եղնուկյանի եղբայր Գագիկ Եղնուկյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Կարոյի գործով անհանգստացած է անգամ ԱՄՆ դեսպանը. «Մեզ հաճախ էին հարց ուղղում, թե ինչու ԱՄՆ դեսպանատունը ոչինչ չի ձեռնարկում, եթե եղբայրս ունի ԱՄՆ-ի քաղաքացիություն: Պետք է նշեմ, որ նրանց շնորհիվ է, որ եղբորս կարողացել են շնչառական ապարատ տրամադրել եւ հոկտեմբերի 4-ին ստացել են դեսպանի նամակը, որտեղ նշվում է, որ նրանք մտահոգված են խափանման միջոց կալանքը կիրառելու փաստով»: Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին աջակցելու մեջ:

 

 

ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ ավարտվել է Սարի թաղում «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։ «Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Տիգրան Ահարոնյանը նկատել է լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող եւ իրադարձությունները տեսանկարահանող լրագրող Հովհաննես Մովսիսյանին, կարծել է, թե լրագրողը տեսանկարահանում է իրեն եւ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ վիճաբանել է նրա հետ, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով՝ ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ Տ. Ահարոնյանը լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի», – ասված է հաղորդագրությունում:

 

 

ԴԻՏԱՐԿԵԼ ԵՆ
Հոկտեմբերի 5-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:




Լրահոս