ՈՎ ՓՈՐԵՑ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՏՔԻ ՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի՝ Սուրիկ Խաչատրյանի տիրապետման տարիները այսպիսով կարող ենք համարել պատմական անցյալ: Խաչատրյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի մարտից: Իհարկե, 2013-ի հունիսին նա ստիպված էր Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո հրաժարական ներկայացնել, սակայն 2014-ի սեպտեմբերին կրկին վերանշանակվեց նախկին պաշտոնում: Վերանշանակումը համընկավ «Զանգեզուրի ՊՄԿ»-ն Մաքսիմ Հակոբյանի տիրապետման տակից վերցնելու փուլի հետ: 2013-ի հունիսին մարզպետ էր նշանակվել հենց Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը: Բայց երբ 2014-ի հուլիսին Մաքսիմ Հակոբյանը ազատվեց «Զանգեզուրի ՊՄԿ» գլխավոր տնօրենի պաշտոնից, երկու ամսից նրա որդին եւս պաշտոնազրկվեց, եւ մարզպետի «աթոռը» վերադարձվեց Սուրիկ Խաչատրյանին:

Ճակատագրի հեգնանքով Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում երեկ փոխարինած անձը կրկին Վահե Հակոբյանն է, սակայն նա առաջին Վահե Հակոբյանի հետ ոչ մի կապ չունի: Իսկ ո՞վ է նա. այս Հակոբյանն այն անձն է, որը 2014-ին, նշանակվելով «Զանգեզուր ՊՄԿ» վարչական գծով տնօրեն, Մաքսիմ Հակոբյանին «գահընկեց արեց» եւ ներկայումս ամբողջությամբ տիրապետում է կոմբինատը: Ու դա արեց Սերժ Սարգսյանի ու նրա երիտթեւի անունից: Վահե Հակոբյանի կարիերան սկսվել է 1996-ին ՀՀ ԱԱԾ-ում, երբ այդ գերատեսչությունը ղեկավարել է Սերժ Սարգսյանը: Վերջինիս ԱԱԾ ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո՝ 2000-ին, Վահե Հակոբյանը եւս աշխատանքից ազատվել է: Հետագայում նա մոտ տասը տարի աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ լինելով Սերժ Սարգսյանի «ներկայացուցիչը»: Թերեւս այդ գործը փայլուն կատարելու համար էլ նրան վստահվել է «Զանգեզուրի ՊՄԿ»-ն Մաքսիմ Հակոբյանից վերցնելու բարդ եւ պատասխանատու գործը, որը եւս նա ամբողջությամբ իրագործել է, ուստի այժմ էլ կարող է ստանձնել ողջ մարզի կառավարումը:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է նոյեմբերի 26-ին համագումար անցկացնել: Այդ համագումարի արդյունքում ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը էապես փոխվելու է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ծրագրել է ՀՀԿ-ի` «քրեական» դիմանկարն ամբողջությամբ փոխել, որպեսզի կուսակցությունը 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանա նոր` «ինծիլիգենտ» կերպարով: Մյուս կողմից քաղաքական դաշտում շատ է խոսվում այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր համար հիմնական քվե «ապահովողներին» հետին պլան տեղափոխելով եւ նրանց այդպիսով նեղացնելով՝ կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: Սակայն Սերժ Սարգսյանն արդեն մի քանի տարի է, այսպես կոչված, փոխարինող անձնակազմ է պատրաստում: Այլ կերպ ասած՝ իշխանական համակարգի հատկապես երիտթեւում համոզված են, որ «նոր ճյուղը», որի վրա «նստած» կլինի իշխանությունը, վաղուց աճել է, եւ ժամանակն է «կտելու հին ճյուղերը»:

 

 

 
Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը որոշել է պատժել իր այն կուսակիցներին, որոնք լավ չեն «աշխատել»: Բանն այն է, որ Արփի գյուղում եւս տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ, որոնց արդյունքում հաղթել է անկուսակցական Մերգել Ղարիբյանը: Նրա մյուս երկու մրցակիցներից մեկը եղել է դաշնակցական Երվանդ Ախցխեցյանը, իսկ երրորդը՝ ՀՀԿ-ական Վաղինակ Մանուկյանը: Նշենք, որ Արփի գյուղն այժմ իր մեջ ներառում է ՀՀ Շիրակի մարզի Բերդաշեն, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ գյուղերը: Աղվորիկի նախկին գյուղապետ Նար Ղարիբջանյանն ու դպրոցի տնօրեն Արմեն Սոլոյանը դաշնակցականներ են: Սակայն նրանց հայրենի գյուղում իրենց կուսակիցը զրո ձայն է ստացել, փոխարենը անկուսակցական Մերգել Ղարիբյանը ստացել է 63 քվե: Արդյունքում, մարզպետը Արմեն Սոլոյանին ասել է, որ նա դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում պետք է գրի:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումն արդեն կայացրել է: Ենթադրվում է, որ ոստիկանապետի համապատասխան հրամանը առաջիկա օրերին կհրապարակվի: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից պարզել, թե նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ Աշոտ Ահարոնյանն ասաց, թե հերքում է այդ լուրերը: Սակայն այս պատմության մեջ ուշագրավ է նաեւ այն փաստը, որ արդեն երկու օր է՝ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի հեռախոսն անջատված է, նրան գործընկերներն էլ չեն կարողանում գտնել: «Ժողովուրդ»-ի՝ նրա հետ ուղղակի կապվելու բոլոր փորձերը եւս անցան ապարդյուն:

 

 

 
ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ
Սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակած եւ այդպես էլ կաբինետին չներկայացրած Սերժ Սարգսյանը երեկ, փաստորեն, որոշեց լրացնել այդ բացը եւ այցելելով կառավարություն՝ միանգամից հանդիպեց արդեն ողջ նորանշանակ կառավարության հետ: Նա նաեւ հանդես եկավ ելույթով, որում բավականին ուշագրավ ակնարկներ կային:
Խոսելով նոր կառավարության անելիքներից՝ Սարգսյանը նախ հայտարարեց, որ նոր Սահմանադրությամբ փոփոխվում է երկրի ամբողջ կառավարման համակարգը, ապա ընդգծեց. «Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում. այն է՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, դառնալ այս փոփոխությունների շարժիչ ուժն ու իրականացնողը»: Թե ինչպես պետք է Կարապետյանի կառավարությունն առաջիկա 7 ամիսներին դառնա իրականացնողն այն փոփոխությունների, որոնք համաձյան նոր Սահմանադրության անցումային դրույթների, դեռ ուժի մեջ չեն մտել եւ սկսելու են կենսագործվել միայն հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո, հավանաբար միայն Սերժ Սարգսյանին է հայտնի: Հետեւաբար, նա այդպիսով ակնարկեց, որ սա 7 ամսվա կառավարություն չէ:
Այս կարեւոր ուղերձից հետո նա անցավ արդեն հաճոյախոսություններին. «Ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ ՀՀ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին»: Թե կոնկրետ ինչի վրա էր հիմնված Սերժ Սարգսյանի հավատը, այդպես էլ չներկայացվեց: Մինչդեռ եթե հիշում ենք, նա նույնկերպ հավատում էր երկրորդ եւ անգամ արդեն երրորդ սերնդի «բարեփոխումների հայր» Տիգրան Սարգսյանին, ապա՝ Հովիկ Աբրահամյանին, ում հրապարակավ «քարտ բլանշ» տվեց: Իսկ հիմա, պարզվում է, որ այդ կառավարությունները չեն հաջողել իրենց գործունեությունում: Բայց այդ մասին Սարգսյանը ասում է հպանցիկ եւ անցնում երաշխիքների հնչեցմանը.«Իհարկե, այս աշխատանքում դուք միայնակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները: Ես դա խոստանում եմ»:
Սարգսյանի այս հայտարարությունից, փաստորեն, կարելի է եզրակացնել, որ մինչ այս մեր երկրի պետական օղակները գործել են ոչ ներդաշնակ, եթե չասենք՝ միմյանց դեմ: Իհարկե, նույն Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան մրցակցության փուլում՝ 2013-2014թթ., դա առավել քան տեսանելի էր: Եվ այն, որ հիմա Սարգսյանը նման հայտարարություններ է անում, փաստում է, որ այդպիսի տրամադրություններ կան նաեւ այս կառավարությունում: Այդ մասին էր, ի դեպ, խոսում նաեւ «չնեղանալու, չնեղսրտելու» մասին Սարգսյանի հորդորը, նաեւ զգուշացումը, որ վարչապետի կշտամբանքները անձնական բնույթ չեն կրելու: Արդյոք Սարգսյանի երաշխիքներն ու հորդորները հանգստացրին իրենից անհասկանալի սիմբիոզ ներկայացնող այս կառավարության բոլոր անդամներին, կերեւա առաջիկայում:




Լրահոս