ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ Ի ՍԿԶԲԱՆԵ ԽԱՓԱՆՎԱԾ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցան կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրությունները: ԿԸՀ նախագահ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Տիգրան Մուկուչյանը: Քվեարկությանը մասնակցեցին 103 պատգամավոր, նրանցից 96-ը կողմ էր քվեարկել, 4-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: ԿԸՀ անդամները նույնպես վերընտրվեցին: Քննարկումների ընթացքում պարզվեց, որ իշխող ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից բացի՝ ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածությունները պաշտպանում են նաեւ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները: Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում նորից առաջադրվել էր Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը, իսկ անդամների համար առաջադրվել էին Լաուրա Գալստյանի, Արմեն Սմբատյանի, Սեյրան Շահսուվարյանի, Նունե Հովհաննիսյանի, Գեորգի Մարտիրոսյանի եւ Սիլվա Մարկոսյանի թեկնածությունները: Թվարկված վեց անձինք նույնպես ԿԸՀ գործող անդամներ են, որեւէ նոր թեկնածություն չէր առաջադրվել:

«Ժողովուրդ»-ը նշված խմբակցությունների ներկայացուցիչներից փորձեց պարզել, թե արդյո՞ք իրենց ընդդիմադիր կեցվածքը եւ իշխանական թեկնածուներին պաշտպանելու քայլը իրար չեն հակասում:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյան
-Պարո՛ն Խաչատրյան, Դուք, որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, ինչո՞ւ չառաջադրեցիք ԿԸՀ այլ անդամի թեկնածություն, որը կարող էր այլընտրանք լինել գործող անդամներին:
-Մենք ունենք այնտեղ մեր թեկնածուն:
-Ո՞վ է նա:
-Լաուրան, որի հետ աշխատել ենք տարիների ընթացքում, առիթ է եղել շփվելու, եւ ես իր աշխատանքից գոհ եմ եղել: Դրա համաձայն էլ՝ հանձնաժողովում քվեարկեցի միայն իր օգտին եւ այսօր մասնակցեցի քվեարկությանը: Մեկ անձի կողմ եմ քվեարկել, իսկ մյուս անձանց՝ ձեռնպահ:
-Իսկ ինչո՞ւ մյուս թեկնածուների դեմ չքվեարկեցիք, ի վերջո, ԱԺ ամբիոնից այդքան հայտարարություններ հնչեցին, որ բազմաթիվ խախտումներ են եղել, որ ԿԸՀ-ն պարզապես անգործության էր մատնված եւ այլն, եւ այլն:
-Քանի որ պետք է կուսակցությունում լիներ քննարկում՝ ինչպես քվեարկել, ես պարզապես ձեռնպահ էի մինչ որոշում կայացնելը, իսկ որոշումը եղավ ազատ քվեարկությունը:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյան
-Պարո՛ն Շահգելդյան, Դուք, որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, ինչո՞ւ չառաջադրեցիք ԿԸՀ այլ անդամի թեկնածություն, որը կարող էր այլընտրանք լինել գործող անդամներին:
-Խնդիրը հետեւյալն էր. եթե չէր առաջադրվում այս կազմը, ապա առաջադրվում էր մի կազմ, որը, բոլորիս համար պարզ էր, ձեւավորված էր լինելու Հանրապետական կուսակցության նեկայացուցիչներից:
-Բայց ինչն էր խանգարում Ձեզ՝ առաջադրելու Ձեր թեկնածուներին: Դուք առաջադրեիք ու գնայիք Ձեր առաջադրածի օգտին քվեարկեիք ու ասեիք՝ տեսեք, մենք արեցինք, ու նա չանցավ:
-Գիտեք, ուժերի հաշվարկ պետք է անել, մենք կարող էինք առաջարկել: Մենք, դեպքեր է եղել, որ առաջարկել ենք, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված, բայց ուժերի հարաբերակցությունը, որ Դուք հաշվարկում եք, պարզ է դառնում, որ եթե նույնիսկ մենք առաջարկեինք, քվեարկություն էր լինելու, գալու էին ամբողջական Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Այս ամենի արդյունքում մենք դիտարկեցինք, որ գերադասելի է այս հանձնաժողովը, քան թե գան բոլորը հանրապետականներ:
-Բայց այսպես ստացվում է, որ ընտրախախտումների մասին ՕԵԿ-ի արած հայտարարություններն ու ԿԸՀ անդամների վերաբերյալ քվեարկությունը հակասում են իրար:
-Չէ՛, չէ՛, մենք արել ենք, մենք պայքարել ու պայքարելու ենք տեղերում, գիտեք ինչ, դա խոսելով չի, դա պայքարելով է, հանձնաժողովներում, տեղերում, ինչը արել ենք միշտ:
-Բայց դա արդեն ձեւական է դիտվում, քանի որ Դուք ասում եք մեկ բան, կատարում այլ բան:
-Տեսեք՝ ինչում է խնդիրը, դու գործ ես անում, մաքսիմում, ինչքան կարողանում ես լիակատար: Այսօր խնդիրները մեծ չափով պայմանավորված են ընտրակաշառքով:
-Այսինքն՝ ԿԸՀ-ն մեղք չունի՞, այնտեղ արդար աշխատո՞ւմ են:
-Չէ՛, ԿԸՀ-ն, բոլորն ունեն իրենց խնդիրները եւ դերակատարումները: Խախտումների մեծ մասը կատարվում է ընտրակաշառքով, իմ համոզմամբ՝ «Այ-Դի» քարտերով, սա նշանակում է կառուսելի հնարավորություն: Մենք հիմա նախընտրեցինք այս տարբերակը, քան թե Հանրապետական կուսակցությունից ձեւավորված կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քանի որ այդ դեպքում հաստատ իրենք էին ձեւավորելու՝ ունենալով մեծամասնություն:
-Դուք անձամբ ինչպե՞ս քվեարկեցիք:
-Դա գաղտնիք է, եթե փակ է, փակ է:

«Ժառանգություն» խմբակցություն պատգամավոր Զարուհի Փոստանջյան
-Տիկի՛ն Փոստանջյան, ԿԸՀ անդամներից ո՞ւմ եք կողմ կամ դեմ քվեարկել:
-Բոլորին դեմ եմ քվեարկել:
-Այդ դեպքում Դուք, որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, ինչո՞ւ չառաջադրեցիք ԿԸՀ այլ անդամի թեկնածություն, որը կարող էր այլընտրանք հանդիսանալ:
-Հնարավորություն չունեի առաջարկելու, քանի որ արդեն ի սկզբանե այդ արգելքը դրված էր, եթե մենք մրցակցային ընտրություններ անեինք, ապա յուրաքանչյուր հանձնաժողովի անդամ պետք է ունենար այդ իրավունքը առաջադրելու, եւ բացի այդ՝ քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակից լիներ առաջադրմանը: Այսինքն՝ առաջադրման գործընթացը ի սկզբանե խափանված էր, Դուք տեսաք՝ ովքեր էին առաջադրել, Դուք տեսաք սահմանափակում, իսկ եթե դու միայնակ չես կարող առաջադրել, հետեւաբար այդ սահմանափակումն է արդեն գործում:

 

 

 
ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ Է ԳՆՈՒՄ

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 20-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ տրանսպորտի եւ կապի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակվեց Վահան Մարտիրոսյանը: Եվ երբ սեպտեմբերի 22-ին վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատակազմերին էր ներկայացնում նորանշանակ նախարարներին, գրեթե բոլոր նախկին նախարարները ներկա էին, բացի մեկից. ՀՀ տրանսպորտի եւ կապի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին ներկայացնելու ժամանակ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ներկա չէր, նրան փոխարինում էր փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Ինչեւէ: Անցել է 12 աշխատանքային օր, եւ «Ժողովուրդ»-ը ՀՀ տրանսպորտի եւ կապի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե այս օրերի ընթացքում արդյո՞ք նորանշանակ նախարարը հասցրել է շրջել մայրաքաղաքում եւ մարզերում՝ տեղում ծանոթանալու ճանապարհների վիճակին:
-Պարո՛ն Մարտիրոսյան, շրջե՞լ եք, տեսե՞լ եք՝ ինչ վիճակում են ճանապարհները:
-Իհարկե, գնացել եմ, շրջել եմ, մեր կայքում դա կա, լուսաբանվել է:
-Հիմա մեզ կոնկրետ կասեք, թե որտեղ եք գնացել, երբ եւ ինչ վիճակ եք արձանագրել:
-Շատ տեղեր եմ գնացել, հյուսիս-հարավի վրա արդեն երկու անգամ եղել եմ, բայց նկատեմ՝ որտեղ գնում եմ, առանց զգուշացնելու եմ գնում, հիմա դրա մասին չեմ ուզում ասել:
-Իսկ կոնկրետ որտեղ որ արդեն գնացել եք, ի՞նչ եք տեսել:
-Հիմա Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանը փակվել է, եւ այնտեղ աշխատանքներ են իրականացվում, ծրագրում կան այլ վայրեր եւս: Մենք հիմա մոնիթորինգ ենք անում՝ որտեղ ավելի արդյունավետ օգտագործենք աշխատանքները: Հիմա նաեւ շատ հանդիպումներ եմ ունենում միջազգային ներդրողների հետ համաշխարհային բանկի հետ, Ասիական զարգացման բանկի եւ այլ ներդրողների հետ, որ փորձենք միջոցներ ներդնել:
-Դուք միակ նախարարն էիք, որի ներկայացման ժամանակ Ձեր նախորդը՝ տվյալ դեպքում Գագիկ Բեգլարյանը, ներկա չէր: Փորձեցի՞ք հասկանալ, թե ինչու նա չէր եկել:
-Ես չպետք է դա մեկնաբանեմ: Ինչ ասեմ, չեմ կարող ասել, թե ինչու:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 
ԽՈՍՏԱՑԵԼ Է ԶԵԿՈՒՑԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ որոշվել է շահումով խաղերի ոլորտի համար նախատեսված տարեկան տուրքը 4,5 անգամ բարձրացվի: Սա նշանակում է, որ շուկայում առկա 4 ընկերություններից կմնա միայն 65%-ը տիրապետող մեկ ընկերություն, այն է` «Վիվառո» ՍՊԸ-ն: Ոլորտում առկա մյուս ընկերությունները` «Եվրոֆուտբոլ», «Տոտո Գեյմինգ» եւ «Գուդվին», պատրաստվում են դիմել ընդվզման տարբեր միջոցների, որպեսզի պաշտպանեն իրենց իրավունքները, որոնք ոտնահարվել են այդ որոշմամբ: Արդեն երեկ կառավարության շենքի առջեւ հավաքվել էին «Եվրոֆուտբոլ» ընկերության աշխատակիցները: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկանալ` արդյո՞ք որեւէ արձագանք եղել է կառավարության կողմից: Ի պատասխան մեր հարցման` ընկերության իրավաբանական գծով տնօրեն Մառլեն Սմբատյանը տեղեկացրեց. «Կառավարության նամակների բաժնի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը հանդիպեց մեզ հետ, վերցրեց նամակը եւ խոստացավ զեկուցել վարչապետին»:

 

 

ՄԻԼԻՈՆՆԵՐ՝ ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ բնապահպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 125 մլն 400 հազար դրամ՝ միայն Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայությունների համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս նպատակով նույնքան գումար հատկացվել է նաեւ այս տարի: Իսկ, ահա, 2015 թվականին Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայությունների համար հատկացվել էր 125 մլն 366 հազար դրամ: Այլ հարց է, թե հատկացված գումարով արդյոք մաքրվում է Սեւանա լիճը ջրածածկ անտառտնկարկներից:

 

 

ՀԱՆՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վաճառքի է հանվել ՀՀ Արարատի մարզի «Մխչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ-ի անշարժ գույքը: Հիմնականում աճուրդի է հանված վերոնշյալ ընկերության ծածկարանը՝ 379 հազար 900 մեկնարկային գնով, 3 մլն 310 հազար 600 դրամ մեկնարկային գնով հողատարածքը եւ այլն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Մխչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ-ն ՀՀ կառավարության անցած տարվա օգոստոսի 31-ի որոշմամբ լուծարվել է: Նշենք, որ Մխչյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդավայրն է:




Լրահոս