Ինչպես հայտնի է՝ իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է նոյեմբերի 26-ին համագումար հրավիրել, որի ընթացքում նաեւ նոր գործադիր մարմին եւ խորհուրդ պետք է կազմավորվի:
Այդ երկու մարմիններում ընդգրկվածների անձերը հետաքրքիր են, քանի որ նրանք, ի վերջո, գործող պաշտոնյաներ են կամ այդպիսին դառնալու ճանապարհին գտնվող անձինք: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում քննարկվում է 19 հոգանոց ԳՄ կազմը եւ 206 հոգանոց խորհուրդի թվաքանակը նվազեցնելու եւ կազմում լուրջ կադրային փոփոխություններ իրականացնելու հարցը:
Գրել էինք, որ ՀՀԿ-ում այլեւս ավանդույթ է դառնում համագումարից առաջ նոր կառավարություն ձեւավորելը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի վերջին` 15-րդ համագումարը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 24-ին: Դրանից ընդամենը մեկուկես ամիս առաջ` ապրիլի 3-ին, հրաժարական էր ներկայացրել վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ ապրիլի 13-ին նրան փոխարինել էր Հովիկ Աբրահամյանը:
Այսպիսով՝ ինչպիսին կլինի վարչապետ Կարեն Կարապետյանի կուսակցական հեռանկարը: Ինչպես հայտնի է՝ նա նշանակվելիս անկուսակցական էր, բայց ենթադրվում է, որ նա այդպիսին չի մնա, քանի որ, ըստ լուրերի, մինչեւ համագումարը նա կանդամագրվի ՀՀԿ-ին եւ նոյեմբերի 26-ին կդառնա կուսակցության փոխնախագահ: Ըստ նույն տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանի հետ կառավարություն եկած նոր նախարարները եւ մնացած պաշտոնյաները եւս, ամենայն հավանականությամբ, կանդամագրվեն ՀՀԿ-ին: Ենթադրվում է, որ նրանց միջոցով իշխող կուսակցությունը փորձելու է նոր` ինտելեկտուալ «դիմապատկերով» հանդես գալ:
Ներկայումս ՀՀԿ գործադիր մարմնի անդամներն են`
Սերժ Սարգսյանը,
նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը,
ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը,
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանը,
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը,
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը,
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը,
ՏԿ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը,
առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը,
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը,
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը,
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը,
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը,
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը,
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ այլք:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերը թվարկված անձանցից շատերը նոր գործադիր մարմնում այլեւս չեն լինի: Մասնավորապես, ենթադրվում է, որ ԳՄ կազմում չեն լինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Նիկոյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, որի հարցը դեռ քննարկվում է, ինչպես նաեւ Դերենիկ Դումանյանը:
Ի դեպ, նկատենք, որ Գագիկ Բեգլարյանը եւ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի վերջին` սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած նիստին չէին մասնակցում: Այսինքն՝ այն տեղեկությունները, որ վերը թվարկված անձինք կուսակիցներից նեղացած են, նաեւ այդ իրողությամբ է ապացուցվում: Սակայն բացառված չէ, որ Հովիկ Աբրահամյանը փորձի կուսակցությունում ունեցած դիրքերը գոնե մասնակի պահպանել` ապագայում ռեւանշի հասնելու համար:
Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե Սերժ Սարգսյանն իր այս գործողություններով ինքն իրեն վնասում է, քանի որ տարիներ շարունակ ընտրություններում իրենց քվեները «ապահովված» անձանց հետին պլան է մղում: Սակայն իրականում նա պարտադրված է նման քայլի գնալ եւ իշխող կուսակցությունը նոր` բարեկիրթ տեսքով ներկայացնել, քանի որ մեծ է վտանգը, որ հակառակ դեպքում գալիք ԱԺ ընտրությունները կարող են դառնալ պայթյունավտանգ:
Հարցերի հարցն այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանը, քրեական ՀՀԿ-ականներին առաջին շարքերից հետ քաշելով, չի կտրում այն ճյուղը, որի վրա ինքը նստած է: Գործնականում Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը համոզված են, որ իրենց այս ընթացքում հաջողվել է «նոր ճյուղ» կազմավորել, որը քվեները կկարողանա այլ` ավելի բարեկիրթ մեթոդներով «ապահովել», առանց ծեծուջարդի եւ բացահայտ կեղծիքների` ընտրակաշառքների եւ վարչական ռեսուրսի նպատակաուղղված կիրառմամբ:
Ի դեպ, ՀՀԿ-ի խորհուրդը ներկայումս ունի 206 անդամ, ենթադրվում է, որ նորը, որը նոյեմբերի 26-ի համագումարից հետո է ձեւավորվելու, կունենա 160 անդամ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԿԱՆԵՆ
Սեւանի ավագանու ԲՀԿ-ական նախկին անդամ Արմեն Սաղաթելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Սեւանում կայացած ավագանու ընտրությունների արդյունքը վերանայելու համար: Սաղաթելյանի փոխանցմամբ` հոկտեմբերի 2-ին կայացած ընտրատեղամասերից մեկում ավագանու ընտրությունների ժամանակ ստացել է 319 քվե, սակայն ավելի ուշ պարզվել է, որ իր քվեները 10-ով պակասել են: Արմեն Սաղաթելյանի փոխանցմամբ` այսօր տեղի կունենա վերահաշվարկի գործընթացը:
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ` ՈՒՍԱՆՈՂ
Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը քսան տարի ու 26 օր պատիժը կրելուց հետո դիմել է դատարան՝ պահանջելով վերացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի որոշումը: Նա պահանջում է պարտավորեցնել ՔԿՀ-ին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագրով հանդես գալ: Ա. Տեր-Սահակյանի ներկայացուցիչ, փաստաբան Էմին Բեգլարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ՔԿՀ ներկայացուցչի` մերժման պատճառաբանությունն այն է եղել, թե դատապարտյալը լիովին չի վերադաստիարակվել, եւ նրա հետ դեռեւս աշխատանքներ կան տանելու, որոնք կտեւեն մեկ տարի: «Մենք էլ, սրան ի պատասխան, հարց ենք բարձրացրել` եթե 20 տարվա ընթացքում մարդուն չեք վերադաստիարակել, մեկ տարում ինչպես եք դա անելու: Նրանք էլ ասում են, որ ՔԿՀ-ում հատուկ խմբակներ կան` անգլերենի ուսուցման, սպորտային մարզումների, կարող է դրանց մասնակցել: Արմեն Տեր-Սահակյանը տվել է իր համաձայնությունը, բայց նրան հիմա էլ չեն ապահովում խմբակներին մասնակցել»,- ասաց Բեգլարյանը:
ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԱՄՍՎԱ ՎԵՐՋԻՆ
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններին հանձնարարել էր, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման աշխատանքներ իրականացնեն: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց առաջարկները շուտով պատրաստ կլինեն: «Քննարկումները դեռ ընթանում են, այս ամսվա վերջ առաջարկներ կներկայացնենք վարչապետին»,- ասաց Նազարյանը:
ԱԺ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԿԳՈՒՄԱՐԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ կառավարությունը խորհրդարանին կներկայացնի իր ծրագիրը: Հիշեցնենք, որ ծրագրի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 23-ն է: Ենթադրվում է, որ հենց այդ օրը կամ հաջորդ օրը ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի, քանի որ կառավարության ծրագիրը ներկայացվելուց հետո պետք է հինգօրյա ժամկետում քննարկվի:
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ:
ԼԱՎՐՈՎԸ ԿԳԱ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երեւանում կմասնակցի ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ նիստի մասնակիցները կքննարկեն հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման հետ կապված հարցեր, նաեւ այն փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացվեն ՀԱՊԿ երկրների հաստատմանը:
ՎՃԱՐԵԼ Է
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը երեկ հայտարարել է, որ արդեն իսկ 90.000 տոննա խաղող է մթերվել հանրապետությունում, եւ գործընթացը շարունակվում է: Նա հավաստիացրել է, որ մթերման հետ կապված խնդիրներ չեն լինի: Խոսելով Աղավնաձոր համայնքում դեռեւս նախորդ տարվանից գյուղացիներին չվճարված գումարների մասին՝ փոխնախարարն ասել է. «Աղավնաձորում «Վեդի Ալկո» ընկերությունը պարտքերը վճարել է, մնացել էր 130 միլիոն դրամի չափով գումար, այսօր առավոտյան խոսել եմ սեփականատիրոջ հետ, հավաստիացրեց, որ մնացել են մի քանի հոգի, իրենց էլ մինչեւ շաբաթվա վերջ կվճարեն»: Հարցին, թե ի՞նչ միջոցների հաշվին է սեփականատերը վճարումները կատարել, եթե մինչ այդ հավաստիացնում էր, որ գումար չունի, Ռոբերտ Մակարյանը պատասխանել է. «Սպիրտ ուներ, վաճառեց, պարտքերը մարեց»:
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ
Բարձր ճշգրտության հեռահար զենքերը եւ ռազմական տեխնիկան ցույց տվեցին իրենց արդյունավետությունը Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի գործողության ընթացքում: Սիրիայում հաջողվեց կայունացնել իրավիճակը եւ գրոհայիններից զգալի տարածք ազատագրել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: Նա հիշեցրել է, որ «անցած մեկ տարվա ընթացքում օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել գրոհայինների կուտակման վայրերի եւ նրանց ենթակառուցվածքների ուղղությամբ, իրականացրել են սիրիացի քաղաքացիներին մարդասիրական բեռների մատակարարում եւ լուծել են այլ, ոչ պակաս կարեւոր խնդիրներ»:
ԱՄԵՆԱՔՆՆԱՐԿՎԱԾՆԵՐԻՑ
ԱԺ-ում քննարկման է դրվել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ այդ նախագիծը կառավարությունում ամենաշատ քննարկվածներից է՝ ՀԿ-ների, միջազգային կառույցների եւ այլնի հետ: «Նախագծի սկզբունքն այն է, որ անհարկի չմիջամտենք ՀԿ-ների գործունեությանը, միեւնույն ժամանակ պատշաճ կերպով ձեռքը պահենք զարկերակի վրա,-ասել է նա՝ հավելելով,-այս նախագծով առաջարկվում է, որ ՀԿ-ների անդամ կարող են լինել ինչպես քաղաքացիները, այնպես էլ իրավաբանական անձինք: ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռվել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կարող են ստեղծել կամ էլ մասնակից լինել առեւտրային կազմակերպությանը»:
ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆ
ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնական է նշանակվել Ա. Սուքիասյանը: