ԵՐԲ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉՈՒՆԵԻՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստը սովորականի պես չսկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Կառավարություն այցելեց Սերժ Սարգսյանը եւ նոր ձեւավորված կառավարության առաջին նիստից առաջ հանդիպեց վարչապետի եւ նորանշանակ նախարարների հետ: Սերժ Սարգսյանը շնորհավորեց կառավարության նորանշանակ անդամներին` պետական բարձր պաշտոններում նշանակվելու առթիվ եւ մաղթեց արգասաբեր աշխատանք:

Մինչ «խաղին անցնելը» Սերժ Սարգսյանը սահմանեց գլխավոր կանոնը` «նեղանալ, նեղսրտել չկա»: Հարկ համարեց հիշեցնել այս կարգը, որովհետեւ նախորդ կառավարության անդամներն իսկապես նեղացել եւ նեղսրտվել էին իրենց չվերանշանակման պատճառով: Մամուլում անգամ նեղացածների անունները շրջանառվեցին` Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Սեյրան Օհանյան, իսկ օրվա «գլխավոր նեղացողի» կարգավիճակում էր Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Սերժ Սարգսյանը իր ելույթում փաստեց, որ հավատում է այս կառավարության ուժերին, հավատում է, որ Հայաստանի Հանրապետության այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին: Եվ ինքնագոհ այս հայտարարությունից հետո մեկ հարց է առաջանում. ինչո՞ւ նախորդ կառավարությունները որեւէ պատասխանատվություն չեն կրել իրենց ձախողած աշխատանքների համար, ոչ միայն չեն կրել, այլեւ նախորդի անդամները վերանշանակվում են այս կառավարությունում: Սարգսյանը ոգեւորեց ու «թեւեր տվեց» նորանշանակներին` ասելով. «Դուք միայնակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները: Ես դա խոստանում եմ»: Սակայն թե քանի այսպիսի խոստումներ են մնացել օդում, անգամ կարիք չկա թվել, չենք էլ կարող, անհաշվելի են դրանք:
Իհարկե, մեզ համար ո՛չ զարմանալի, ո՛չ էլ անակնկալ են Ս. Սարգսյանի նման խոստումներն ու վերամբարձ ձեւակերպումներով առատ ելույթները: Զարմանալին այլ բան է. իր ելույթի վերջում Սերժ Սարգսյանը հարցրեց` արդյո՞ք կառավարության անդամները չունեն իրեն ուղղված հարցեր: Քար լռություն: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ողբերգական է, երբ մի ամբողջ ազգի կառավարություն ոչ մի հարց չունի ուղղված իր նախագահին: Իրողությունը կարծես զարմանք հարուցեց նաեւ Սերժ Սարգսյանի մոտ, նա երկրորդ անգամ հարցրեց` հարցեր չունե՞ք: Սայլը տեղից չշարժվեց: Ու սա ոչ թե հարցեր չունենալու պատճառով էր, այլ պարզապես համարձակության բացակայության: Ինչեւէ, Սերժ Սարգսյանը հեռացավ կառավարությունից՝ այս անգամ եւս «արհամարհական» վերաբերմունք ցուցաբերելով լրագրողների նկատմամբ: Հավանաբար պատճառն այն էր, որ ի տարբերություն բերանները ջուր առած նախարարների՝ լրագրողները բազմաթիվ ոչ ցանկալի հարցեր կունենային, ինչից էլ հերթական անգամ նա փորձ արեց խուսափել:
Ս. Սարգսյանի այցից հետո կառավարությունը անցավ իր օրակարգին, եւ նիստը շարունակվեց սովորական հունով: Փոփոխվել էր միայն Վիգեն Սարգսյանի կարգավիճակը: Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավարը մեկ աթոռով իր տեղը զիջել էր իրեն փոխարինողին` Ս. Սարգսյանի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գեւորգյանին: Հատկանշական է, որ կառավարության մաս կազմող գերատեսչությունների ղեկավարները նորանշանակ վարչապետի գլխավորած նիստերին մեկ մարդու պես ներկա են լինում` հնարավորություն չտալով բացակայության առիթը օգտագործել եւ հեռացնել իրենց «համակարգից»: Նկատենք` ինչ Կարեն Կարապետյանը նշանակվել է վարչապետ, կառավարության նիստերին ակտիվ մասնակցում է նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նիստի ընթացքում սովորականի պես հնչեցին հանձնարարականներ, որոնք Կարեն Կարապետյանի նախընտրած լակոնիկ բնորոշմամբ էին: Սակայն սովորականի պես չհնչեց Կարապետյանի ավարտի խոսքը: Եթե մշտապես նիստի վերջում Կարեն Կարապետյանը բոլորին մաղթում էր բարի օր եւ լավ տրամադրություն, այս անգամ հավելեց նաեւ, որ ՀՀ նախագահն իր խոսքում հստակ նշել է կառավարությունից իր սպասելիքներն ու ակնկալիքները: «Բոլորիդ ցանկանում եմ համարձակ, դուխով այդ ամենը իրականացնել»,- ասաց վարչապետը: Կարեն Կարապետյանը կարծես ականջալուր էր եղել նախօրեին ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հորդորին` ժպտալ, քանի որ դա սազում է վարչապետին:
Մինչ կառավարության շենքի ներսում հնչում էին հանձնարարականներ, բոլոր մուտքերի առջեւ կրկին հոծ բազմություն էր հավաքվել: Դժգոհ քաղաքացիների թվում էին «Եվրոֆուտբոլ» ընկերության աշխատակիցները, Ֆիրդուսի, Կոնդի բնակիչները, զինծառայողների ծնողները, մի խոսքով, իրավազրկված քաղաքացիների այն ողջ «պալիտրան», որին գրեթե ամեն հինգշաբթի տեսնում ենք կառավարության շենքի առջեւ: Իսկ կառավարության այն հետնամուտքի մոտ հավաքված բնակիչները, որտեղով միշտ ելումուտ են անում ուժային կառույցների ղեկավարները, «Ժողովուրդ»-ին ոգեւորված տեղեկացրին, որ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը հեռանալիս կանգնեցրել է իր մեքենան եւ լսել նրանց պահանջները: Կառավարության նիստից մոտ մեկ ժամ անց «Ժողովուրդ»-ը նկատեց, որ նախարարների կողմից տարօրինակ ելումուտ է լինում կառավարության շենք: Թե ինչու՞ են կառավարության անդամները կրկին հավաքվում կառավարությունում, փորձեցինք պարզել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից: Վերջինս, ի պատասխան մեր հարցման, նշեց. «Հանդիպում է տեղի ունենալու»: Այլ մանրամասներ Մանուկյանը չհաղորդեց: Նշված հանդիպման մասին չկարողացան տեղեկություն հաղորդել նաեւ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 
ԳԱՐԵՋՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Հայաստանում գարեջրի արտադրության ծավալները շարունակում են նվազել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գարեջրի արտադրության ծավալները 11 տոկոսով նվազել են: Վերոնշյալ ժամանակահատվածում նվազել են նաեւ օղու արտադրության ծավալները՝ 7.9 տոկոսով: Հայաստանի տնտեսության համար գարեջրի արտադրության ծավալների նվազումը մտահոգիչ է, քանի որ այն նաեւ մեծ քանակությամբ արտահանվում է դեպի Ռուսաստան:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ գինու արտադրության ծավալները 8.4 տոկոսով աճել են, կոնյակինը՝ 29.3 տոկոսով: Նշենք, որ գինի, կոնյակ արտադրողները նման ցուցանիշներ արձանագրել են այն դեպքում, երբ անցած տարի խաղողագործներից մեծ քանակությամբ խաղող են մթերել: Եւ չնայած սրան՝ ներքին շուկայում գնողունակության անկման հետեւանքով զգալի նվազել են գինու, կոնյակի իրացման ծավալները: Իսկ ՌԴ արտահանել չեն կարող, քանի որ ռուսական շուկայի անկայունության պատճառով այնտեղ գինի, կոնյակ իրացնելը դարձել է ոչ եկամտաբեր:
Պատճառն այն է, որ 2014 թվականի նոյեմբերին ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները եւ նավթի գների անկումը հանգեցրին ռուսական ռուբլու արժեզրկմանը, ՌԴ տնտեսության վատթարացմանը: Ու քանի որ ռուսական շուկան հայկական կոնյակի, գարեջրի եւ գինու արտահանման շուկան է, վերը նշված պատճառները բացասական ազդեցություն ունեցան տեղական արտադրողների համար: Արդյունքում անցած տարի նրանց գերակշիռ մասը ոչ միայն զրոյական եկամուտով աշխատեցին, այլեւ հսկայական վնասներ կրեցին: Բանն այն է, որ տեղական արտադրողները ռուսական շուկայում իրենց արտադրանքն իրացնում են ռուսական ռուբլիով: Ինչի արդյունքում էլ եկամուտ չեն ստանում եւ միայն ռուսական շուկայում տեղ զբաղեցնելու համար շարունակում են վնասներ կրելով արտահանել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԼՈՒԾԱՐՎԵԼ Է
«Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանումը լուծարվել է: Այն տեղավորված էր Իջեւան քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող երկհարկանի շենքում: Կադաստրի մարզային ստորաբաժանումն այդտեղ էր տեղափոխվել 2012թ. հունվարի 28-ից: Մինչ այդ այն գործում էր Տավուշի մարզպետարանի կողքին գտնվող շենքում: Նոր շենքը մինչ այդ եղել է Իջեւանի գորգագործական կոմբինատի նախկին մանկապարտեզի շենքը: Այն սեփականաշնորհվել եւ գրանցվել է Սարիգյուղի բնակիչ Սեյրան Սարիբեկյանի անունով: Իջեւանում ասում են, որ այդ շենքը փաստացի հանդիսանում է Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի սեփականությունը: Կադաստրի պետական կոմիտեն սեփականատիրոջ հետ պայմանագիր էր կնքել, համաձայն որի՝ կադաստրի կոմիտեն վարձակալության համար ամեն ամիս վճարում էր շուրջ 1 միլիոն դրամ: 2014թ. սեպտեմբերին Վ. Ներսիսյանը նշանակվեց կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար: Նրա նշանակումից հետո նախկին մանկապարտեզի տարածքի վարձակալության ամսական վճարը շուրջ 1 միլիոն դրամի փոխարեն սահմանվեց ավելի քան 600 հազար դրամ: Կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման լուծարումից հետո ստորաբաժանման 20 աշխատողներից մնացել են 3-ը: Նրանք այժմ աշխատում են Իջեւանի վերին հատվածում գտնվող մեծահասակների կրթության ակումբի շենքում: Կադաստրի պետական կոմիտեի ինտերնետային կայքից անհետացել է Տավուշի մարզային ստորաբաժանման մասին գրառումը, սակայն առկա են նոր կառույցի՝ մարզերի միավորված ստորաբաժանման մասին տեղեկություններ:

 

 

ԹԱՂՈՒՄՆԵՐ՝ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՏԱԿ
Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանի գերեզմանատունը գտնվում է ադրբեջանական հենակետի դիմաց: Բարեկամավանի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանն ասաց, որ 1990-ականներին թաղումները գիշերով էին կատարում, որպեսզի ադրբեջանական զինուժը չնկատեր եւ կրակ չբացեր: Ներկայումս թաղումները արվում են ցերեկով, սակայն քիչ մարդկանցով: Նախկին գյուղապետի խոսքերով՝ այս տարի թաղման ժամանակ ադրբեջանական հենակետից թափորի վրա կրակ են բացել, բարեբախտաբար, տուժող չի եղել: Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել, այժմ գյուղում փաստացի մոտ 140 մարդ է բնակվում: Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 21 աշակերտ, կրթօջախում առաջին դասարան չկա: Նախկին գյուղապետն ասաց, որ համայնքների խոշորացումից, Բարեկամավանի գյուղապետարանի լուծարումից հետո ինքը եւ գյուղապետարանի աշխատակիցներն անգործ են մնացել: Եկող տարի առաջին դասարան պետք է հաճախեն Գ. Աբազյանի եւ նրա եղբոր երեխաները: Եթե նախկին գյուղապետն ու նրա եղբայրն էլ գյուղից հեռանան, 2016-2017 ուսումնական տարում եւս դպրոցն առաջին դասարան չի ունենա: Գ. Աբազյանի խոսքով՝ գյուղապետի տեղակալ Ջոնիկ Միքայելյանի երեխան, գյուղապետարանի քարտուղար Արտակ Ղարագյոզյանի 2 զավակները Բարեկամավանի դպրոցում են սովորում: Եթե գյուղապետարանի նախկին աշխատողները գյուղից դուրս գործ գտնեն, ընտանիքներով Բարեկամավանից կհեռանան եւ սահմանամերձ դպրոցի աշակետների փոքր քանակն ավելի կնվազի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս