ՄԱՐԶՊԵՏԸ ՉԻ ՀԱՇՏՎՈՒՄ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀ Շիրակի մարզպետարանում խառնաշփոթ է ստեղծվել: Բանն այն է, որ հոկտեմբերի 2-ին Արփի գյուղում անցկացվել են գյուղապետի ընտրություններ, ինչի արդյունքում անկուսակցական Մերգել Ղարիբյանը ընտրվել է, իսկ մյուս թեկնածուները՝ ՀՅԴ-ական Երվանդ Ախցխեցյանը եւ ՀՀԿ-ական Վաղինակ Մանուկյանը, պարտվել են: Սակայն դաշնակցական թեկնածուի պարտության հետ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը չի կարողանում համակերպվել:

Նշենք, որ կառավարության այս տարվա հունիսի 2-ին կայացրած որոշմամբ՝ ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի համայնքներում տեղի է ունեցել համայնքների խոշորացման գործընթաց: Այսինքն՝ Արփի գյուղին են միավորվել եւս 9՝ Բերդաշեն, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ գյուղերը:
Արդյունքում՝ հոկտեմբերի 2-ին Արփիի գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երեքն են եղել՝ անկուսակցական Մերգել Ղարիբյանը, որը Արդենիսի գյուղապետն է եղել, Գառնառիճի ՀՀԿ-ական գյուղապետ Վանիկ Մանուկյանը եւ ՀՅԴ-ական Երվանդ Ախցխեցյանը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութունների արդյունքում Արփի համայնքի ղեկավար է ընտրվել Մերգել Ղարիբյանը՝ հավաքելով 366 ձայն: ՀՀԿ-ական Վաղինակ Մանուկյանը հավաքել է 300 ձայն, իսկ, ահա, դաշնակցական Երվանդ Ախցխեցյանը՝ 223 ձայն:
Արփիի գյուղապետի ընտրություններին մասնակցել է 9 գյուղի բնակիչ: Այդ թվում նաեւ Աղվորիկը, ի դեպ, որի գյուղապետ Նար Ղարիբջանյանն ու դպրոցի տնօրեն Արմեն Սոլոյանը դաշնակցականներ են: Այսպես, Աղվորիկ գյուղում անկուսակցական Մերգել Ղարիբյանը հավաքել է 63, իսկ ՀՀԿ-ական Վաղինակ Մանուկյանը` 11 ձայն: Սակայն Արփիի գյուղապետի պաշտոնի համար առաջադրված մյուս թեկնածուին՝ Երվանդ Ախցխեցյանին Աղվորիկ համայնքում ոչ ոք ձայն չի տվել: Նա հավաքել է 0 ձայն, ինչը խիստ զայրացրել է մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: Աղվորիկի բնակիչների պատմելով՝ ընտրությունների հաջորդ օրը դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Աղվորիկի դպրոցի տնօրեն Արմեն Սոլոյանին կանչել է իր մոտ եւ հորդորել աշխատանքից ազատվելու դիմում գրել` ՀՀԿ-ական թեկնածուին՝ Վաղինակ Մանուկյանին պաշտպանելու համար:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Աղվորիկի դպրոցի դաշնակցական տնօրեն Արմեն Սոլոյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց հետեւյալը. «Տվյալների համար խոսակցություն եղել է: Առանձին ինչ-որ մի խոսակցություն է եղել եւ վերջ: Բայց այլ թեմայով խոսակցություն չի եղել: Խնդրում եմ՝ այլ կերպ մի՛ մեկնաբանեք: Կուսակցական խնդիրների վերաբերյալ խոսակցությունն այլ է: Դրանք կուսակցական հարցեր են: Ես դաշնակցական եմ եւ չեմ հրաժարվում դրանից: Եթե իմ կուսակից ընկերները ընտրության արդյունքները համարեն չկատարված, չկայացած, ես դրանում մեղք ունե՞մ: Ես մեղք չունեմ: Եթե պարզվի, որ դաշնակցական թեկնածուն մեր գյուղում մեր պատճառով է պարտվել, ուրեմն մեղքի բաժին ունենք»: Դպրոցի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ ՀՅԴ-ն դեռ այս հարցով կոմիտեում քննարկում չի անցկացրել:
«Ես ՀՀԿ-ականին չեմ պաշտպանել, այլ անձին: Այսօր ես ո՞ւմ ձայնին կարող եմ բռնանալ, ձայնի ազատություն է: Եթե մեր ընդհանուր ժողովի ժամանակ կոմիտեն որոշեց ինձ հեռացնել, հրաժարվել ինձանից, այս դեպքում պարզ կլինի, թե ինչ ձեւ կստանա իմ հարաբերությունները իմ կուսակից ընկերների հետ: Բայց առայժմ կոմիտեն դեռ նման հարց չի քննարկել: Ես չգիտեմ, կքննարկի արդյոք, թե ոչ»,- նկատեց Սոլոյանը: Նա նաեւ նշեց, որ Շիրակի մարզպետը կամ ՀՅԴ-ն չեն կարող որոշել իր՝ դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվելու հարցը. «Ես վերապատրաստվել եմ, քննություն եմ տվել»:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչո՞ւ որոշեց ՀՀԿ-ական Վաղինակ Մանուկյանի օգտին քվեարկել, Սոլոյանը պատասխանեց. «Միայն նրա համար, որ ինքը կրթված անձնավորություն է, գիտելիքներով հարուստ է: Իսկ ես էլ գիտության, կրթության ոլորտի անձի համար պայքարող եմ»:
Իսկ, ահա, Աղվորիկի դաշնակցական գյուղապետ Նար Ղարիբջանյանին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նախատինք չի տվել՝ անկուսակցական Մերգել Ղարիբյանին աջակցելու ու սատարելու համար: «Ինձ իր մոտ չի հրավիրել, եւ իմ հետ տհաճ խոսակցություն չեն կարող ունենալ: Ես դաշնակցական եմ եւ եթե մի բան արել եմ, ուրեմն ճիշտ եմ արել: Անձի խնդիր է եղել, եւ ես մեկ այլ անձի թեկնածությունն եմ պաշտպանել: Եթե կուսակցության, պատգամավորի խնդիր լիներ, ապա ամեն բան այլ կլիներ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց Ղարիբջանյանը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զանգահարեց նաեւ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ խորհրդակցության է եւ չի կարող խոսել: Առաջիկայում կներկայացնենք նաեւ նրա տեսակետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ Է ԳՏՆՎՈՒՄ

Լոռու մարզի Ջիլիզա համայքնը սահմանակից է Վրաստանին: Գյուղն ունի 125 բնակիչ, հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու հողագործությունն է: Համայնքի հեռավորությունը շրջկենտրոն Ալավերդիից 30 կմ է: Սահմանամերձ գյուղը ստեղծման օրվանից գազաֆիկացված չէ, մանկապարտեզ եւս չկա գյուղում: Միջնակարգ դպրոցում սովորում է 10 աշակերտ: Գյուղն ունի բուժկետ, որտեղ առաջին օգնություն են ցուցաբերում հիվանդներին, իսկ երբ կարիք է լինում շտապօգնության, այն հասնում է Ալավերդու բժշկական կենտրոնից, քարուքանդ ճանապարհների ու 30 կմ հեռավորության պատճառով լավագույն դեպքում մեկ ժամում, որն, իհարկե, հիվանդի համար շատ հաճախ ճակատագրական է դառնում:

Համայնքի ղեկավար Մհեր Վարդանյանն ասում է, որ գյուղը ժամանակին սահմանային անցակետ է ունեցել Վրաստանի Հանրապետության հետ: Համայնքի բնակիչների կապը առավել շատ եղել է Վրաստանի Հանրապետության Խոժոռնի եւ Չանախչի գյուղերի հետ: Ջիլիզայից Խոժոռնի կամ Չանախչի ոտքով քայլելու համար 15-20 րոպե է պահանջվել: Ջիլիզեցիները տարիների ընթացքում այցելելով նշված համայնքներ, կապեր են ստեղծել, ամուսնացել, ընտանիք կազմել, ընտնանիքների մի մասը բնակվել է Վրաստանում, մի մասը՝ Ջիլիզայում:
Շուրջ 7 տարի է, ինչ սահմանային անցակետը հանվել է, ինչի հետեւանքով Վրաստան այցելելու համար ջիլիզեցին 1-2 կմ տարածք անցնելու փոխարեն ստիպված է 100 կմ գնալ ու նույնքան էլ հետ գալ գյուղ:
Համայնքի ղեկավար Մհեր Վարդանյանն ասում է. «Մի քանի տարի է, ինչ փակ է հայ-վրացական սահմանը, չունենք անցակետ, ինչի պատճառով բնակիչները չեն կարողանում անցնել Վրաստանի սահման: Իմ ունեցած տեղեկություններով սահմանային անցակետի բացման հետ կապված ձգձգումների հիմնական մեղավորը Վրաստանի Հանրապետությունն է, հայկական կողմը բազմաթիվ անգամ քայլեր է ձեռնարկել, սակայն միակողմանի հնարավոր չէ անցակետ բացել»,-ասում է նա:
Տարիների ընթացքում գյուղից շատ ընտանիքներ են հեռացել ու այլ համայնքներում բնակություն հաստատել: Համայնքի ղեկավարը վստահեցնում է՝ սահմանային անցակետի բացումը ոչ միայն գյուղից հեռացողների աճը կկանգնեցնի, այլ նաեւ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը կբարելավվի:
Նշենք, որ աշխատատեղեր գյուղում, որպես այդպիսիք, չկան, մի քանի հոգի գյուղապետարանում ու դպրոցում է աշխատում, մի քանիսն էլ՝ անտառտնտեսությունում:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր

 

 

 
ԱՆՏԱՌԱՇԵՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐ
Լոռու մարզի Անտառաշեն գյուղը գնալով դատարկվում է: Երբեմնի 300 բնակիչ ունեցող գյուղում այսօր 100 բնակիչ հազիվ թե լինի: Գյուղում չկա դպրոց ու մանկապարտեզ, չկա բուժկետ ու համայնքը Վանաձորին կապող երթուղային տրանսպորտ: Ճանապարհներն ամբողջությամբ անբարեկարգ են: Շատ հաճախ անգամ տաքսիներն են հրաժարվում գյուղ հասնել:
Անտառաշենի գյուղապետ Ռաֆիկ Խառատյանն ասում է, որ համայնքի 30 աշակերտներն այցելում են հարեւան Լերմոնտովոյի միջնակարգ դպրոց: Մարզպետարանի ու համայնքի բյուջեի միջոցներով ավտոբուս է վարձակալվել, որն էլ երեխաներին դպրոց է տանում:
Որպես գյուղապետարան ծառայող շենքը վթարային է՝ քարուքանդ եղած: Գյուղը գազաֆիկացված չէ, սակայն գյուղում ամերիկաբնակ մի քաղաքացի ամառանոց ունի, որն էլ սեփական ուժերով գազաֆիկացրել է: Գյուղապետը խնդրել է նրան թույլատրել բնակչությանը օգտվել իր գազատար խողովակից:
Անտառաշենում անգամ խանութ չկա: Օգտվում են Լերմոնտովոյի թե՛ խանութից, թե՛ ավտոբուսից:
Համայնքի բնակիչներն ասում են, որ տարիների ընթացքում գյուղում, առհասարակ, ոչինչ չի փոխվել, միայն խնդիրներն են ավելացել: 3,5 մլն բյուջե ունեցող գյուղապետարանում 4 աշխատակից կա, որոնց աշխատավարձերն են հազիվ վճարվում, ասում է համայնքի ղեկավարն ու հույսով սպասում, թե մի օր մի ծրագիր գուցե լինի, որով կկարողանան ե՛ւ ճանապարհները հիմնանորոգել, ե՛ւ գյուղապետարանի շենքը բարեկարգել:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր

 

 

 

ՓԱԿԵԼ ԷԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Երեկ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում, որտեղ 8 ընտանիք՝ ի նշան բողոքի, փակել էին Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նիգավան գյուղ մտնող խաչմերուկը։
ArmLur.am-ի հետ զրույցում Նիգավանի գյուղապետ Արտաշես Գալստյանը հայտնել է, որ բողոքող ընտանիքները անասուններ են վաճառել մոտ 8 մլն դրամով: Այնուհետեւ գումարը չվճարելու հետեւանքով քաշքշուկներ են առաջացել երկու կողմերի միջեւ, որից հետո էլ կողմերը դիմել են դատարան: «Ում որ վաճառել էին անասունները, այդ մարդը չէր կարողացել գումարը վճարել, դրա փոխարեն մեքենա էր տվել, որը իր կնոջ կամ հարսի անունով է եղել: Մեր գյուղացին էլ փորձել է մեքենան վաճառել, սակայն ի հայտ է եկել, որ մեքենան գտնվում է կալանքի տակ: Վաղը պետք է երկու կողմերի ներկայացուցիչները գնան մարզպետի մոտ, որպեսզի հասկանան, թե ինչ պետք է անեն»,- ներկայացրել է համայնքապետը:




Լրահոս