Armenian text to speach

«ԱՅՍ ԽԵՂՃՈՒԿՐԱԿ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԵՌ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԹԱՏՐՈՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի արտիստուհի, «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում այս տարի լավագույն դերասանուհի ճանաչված Ագնեսա Շահնազարյանը նոյեմբերին «Շատերից մեկը» մոնոներկայացմամբ հանդես կգա Գերմանիայում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց իր ստեղծագործական կյանքի ներկայիս փուլի մասին, պատասխանեց երկրպագուներին հուզող այն հարցին, թե արդյոք առաջիկայում մի շարք հեռուստասերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասանուհուն կտեսնենք էկրաններին:

-Ագնեսա՛, թատերական կյանքում ի՞նչ նորություններ ունեք: Գիտենք, որ վերջին շրջանում Ձեր ժամանակի զգալի մասը տրամադրում եք մոնոներկայացումներին:
-Ես շարունակում եմ շրջագայել իմ մոնոներկայացումներով, արտերկրում մասնակցում եմ տարբեր փառատոների: Այդ առումով ստեղծագործական կյանքիս ընթացքից գոհ եմ: Ինձ համար պատվաբեր եւ հաճելի է դրսում ներկայացնել Հայաստանը: Նոյեմբերի 11-19-ը Գերմանիայում մասնակցելու եմ մրցութային փառատոնի, այնտեղ ներկայանալու եմ մայրիկիս` արձակագիր Նելլի Շահնազարյանի «Շատերից մեկը» մոնոներկայացմամբ (Հենց այս գործի համար «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում 2016-ին Ագնեսան դարձավ տարվա լավագույն դերասանուհի): Այն տրագիկոմեդիա է «տանը մնացած» աղջկա մասին: Գերմանիայում կմասնակցեմ փառատոնին արդեն երկրորդ անգամ. առաջին անգամ այնտեղ ներկայացել եմ Կարինե Խոդիկյանի «Պենելոպե» պիեսով: Առհասարակ, կարծում եմ` մոնոներկայացումը շատ ծանր, պատասխանատու, բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր եւ հաճելի ժանր է: Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ երբ ներկայացումը խաղացած ես լինում դրսում, հայ հանդիսատեսն ավելի շահագրգռված է լինում այն դիտել:
-Կար ժամանակ, երբ հանդես էիք գալիս սերիալներում: Ընդ որում, հեռուստադիտողների կողմից Ձեր կերպարները բավական սիրվել էին: Հիմա նման նախագծերում ընդգրկվելու ցանկություն չունե՞ք:
-Այնպես չէ, որ չեմ ուզում նկարահանվել. իհարկե, ուզում եմ: Բայց դրա համար պետք է համապատասխան դեր առաջարկվի, իմ ուզած մոտեցումը ցուցաբերվի սերիալին: Թող որպես մեծամտություն չհնչի, բայց լուրջ, լավ առաջարկ որպես այդպիսին, դեռ չեմ ստացել, իսկ այդ պարագայում, կարծում եմ, իրավունք չունեմ ներկայանալու հանդիսատեսին: Երբ նշաձողդ հասցնում ես որոշակի բարձրության, այն այլեւս չպետք է իջեցնես: Գումար աշխատելն ու անընդմեջ էկրանին երեւալն անցողիկ են. մնում է արժեքը, որը ստեղծել ես: Հատկապես տարվա լավագույն դերասանուհի ճանաչվելուց հետո ինձ էժան գնահատելու իրավունք է՛լ չունեմ: Խոսքը ֆինանսի մասին չէ, այլ գործի որակի:
-Ստեղծագործական կյանքի այս փուլը ինչպե՞ս կբնութագրեք:
-Ես աշխատող տեսակ եմ, եթե չաշխատեմ, կհիվանդանամ: Հիմա փորձում եմ կայանալ ուրիշ ասպարեզում, ձգտում եմ ինձ ռեալիզացնել ուրիշ գծով: Խոսքը հեռուստատեսային նախագծի մասին է, որի շրջանակում արդեն ես որպես դերասանուհի չեմ ներկայանա: Տեսնեմ` որքանով կստացվի:
-Հնարավո՞ր է` Ձեզ որպես հաղորդավարուհի տեսնենք:
-Ո՛չ, ես ինձ այդ դերում չեմ պատկերացնում: Լինել դերասան դեռ չի նշանակում, որ կարող ես նաեւ հաղորդավարուհի լինել: Ինձ էկրանին դեռ չեք տեսնի:
-Այսինքն` Ձեզ չենք տեսնի, այլ Ձեր կատարած աշխատանքը:
-Այո՛:
-Իսկ գեղարվեստական ֆիլմերից առաջարկներ ունե՞ք:
-Հանդես եմ եկել մի երկու փոքրիկ էպիզոդիկ դերերում, բայց գլխավոր դերում` ոչ: Անկեղծ ասած` այժմ երբ ինձ տեսնում եմ էկրանին, զգում եմ, որ գիրացել եմ, «ֆորմայից» ընկել եմ: Ուստի ոչ ոքի չեմ մեղադրում, որ ինձ քասթինգի չեն հրավիրում: Արտաքինս բարձիթողի վիճակում է… Իմ մասնակցությամբ ֆիլմից մի էպիզոդ նայեցի, ասացի. «Աստված ջան, լավ էլի»: Պետք է փորձեմ շտկել այդ թերությունը:
-Մեր խոսակցությունը սկսեցինք թատրոնով, ավարտենք կրկին թատրոնով: Հայ թատրոնի թիվ մեկ խնդիրն այսօր ո՞րն է:
-Խնդիրը հայ թատրոնինը չէ, այլ պետությանը: Մարդիկ սոցիալական վատ վիճակի մեջ են, հացի խնդիր ունեն լուծելու, թվում է` նրանց աչքին ոչինչ չպետք է երեւա… Եվ, չնայած այդ ամենին, այս խեղճուկրակ ժողովուրդը դեռ այցելում է թատրոն: Ուրեմն անհրաժեշտ է նախեւառաջ լուծել մարդկանց սոցիալական խնդիրները, հետո անցնել մյուս հարցերին…

 

 

 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԼԱՆՆԵՐ ՉԵՄ ԿԱՊՈՒՄ»

Երգչուհի Ռիփփին իր երկրպագուներին ուրախացնելու առիթ կունենա. նա աշխատում է փոփ, R&B-փոփ, փոփ-ռոք ոճերի միքսից ծնված նոր երգի վրա: Ռիփփին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ստեղծագործության երաժշտության հեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, իսկ խոսքերինը` ինքը: Երգը կունենա ե՛ւ հայերեն, ե՛ւ անգլերեն տարբերակներ: Ռիփփիի խոսքով` այն ունի յուրահատուկ թեմատիկա: Երգչուհին, սակայն նախընտրեց դեռեւս փակագծերը չբացել՝ հավելելով միայն, որ երգն անպայման կներկայացվի տեսահոլովակի տեսքով:

Ինչպես հայտնի է՝ Ռիփփին հանդես է գալիս նաեւ որպես դերասանուհի: «Դոմինո» սիթքոմի նոր` երրորդ եթերաշրջանում նրա մարմնավորած կերպարը` Կառան, նոր զարգացում կապրի. «Ասեմ, որ Կառայի անձնական կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, կիմանաք սիթքոմը դիտելուց հետո»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ, մեկ ու կես տարի առաջ, երբ Ռիփփին Ռուսաստանի Դաշնությունում էր, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ մտադիր է առաջիկայի իր պլանները կապել այդ երկրի հետ: Նա ապրում եւ աշխատում էր այնտեղ: Բայց, ահա, Հայաստան կատարած վերջին այցը փոխեց բոլոր պլանները:
«Այնպես ստացվեց, որ Հայաստանից մի շարք առաջարկներ ստացա եւ պայմանագրեր կնքեցի: Այդպիսով՝ վերդարձս դեպի Ռուսաստան հետաձգվեց: Այնինչ՝ ես ծրագրել էի Հայաստան գալուց 10 օր անց վերադառնալ ՌԴ: Ընկերներս անընդմեջ զանգահարում են, հարցնում, թե երբ եմ հետ գնալու: Բայց, այնուամենայնիվ, Հայաստանի հետ շատ պլաններ չեմ կապում: Դրսում տրվող հնարավորություններն ավելի մեծ են: Ցավոք, մեր շուկան փոքր է, արտիստների հնարավորությունները` սահմանափակ»,-մեկնաբանեց Ռիփփին:
Հարցին, թե երգչուհին երգո՞ւմ էր Մոսկվայի ակումբներում եւ արդյոք ապագայի իր պլանները կապում է այդ քաղաքի հետ, Ռիփփին պատասխանեց. «Այնտեղ ակումբներում մշտական չէի աշխատում, այլ հանդես էի գալիս որպես հրավիրյալ երգչուհի: Հիմա էլ Մոսկվայի հետ կապված շատ ծրագրեր կան, սակայն մանրամասներ չեմ կարող հայտնել. ապագան դեռ անորոշ է»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՓԱԿՈՒՄԸ` ԲԱԶՄԱԲԵՐԴՈՒՄ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` «Սասնա տուն» հասարակության զարգացման աջակցության կենտրոն» ՀԿ-ն 2011 թվականից իրականացնում է «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը: 2013-ից այն անցկացվում է հանրապետական ձեւաչափով` ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը:
Հոկտեմբերի 9-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում տեղի կունենա «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված փառատոնի հանդիսավոր փակումը: Միջոցառմանը կպարգեւատրվեն շարադրությունների մրցույթի հաղթողները, կատարումներով հանդես կգան էպոսասացության մրցույթի հաղթողները եւ լավագույն ասացողները, ելույթ կունենան ազգագրական երգ ու պարի խմբեր, անհատ կատարողներ:

 

 

ԹԻԿՆԱՊԱ՞ՀՆ Է ԿՈՂՈՊՏԵԼ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի վերաբերյալ օրեցօր նոր վարկածներ են ի հայտ գալիս: Վերջերս Ֆրանսիայի ոստիկանությունը ներկայացրել է երկու կասկածյալների լուսանկարներ: Իսկ որոշ փորձագետներ էլ կատարվածի հարցում ուղղակիորեն մեղադրում են Քարդաշյանի թիկնապահներին: Ավելին` Daily Mail-ի առաջ քաշած վարկածի համաձայն՝ Քարդաշյանի թիկնապահ Պասկալ Դյուվյեն կարող է աստղի կողոպուտի գործում սեփական շահն ունենալ: Բանն այն է, որ Պասկալը, ով անվտանգության ապահովման ProtectSecurity գերմանական ընկերության ղեկավարն ու հիմնադիրն է, ըստ պարբերականի, թաղված է ֆինանսական խնդիրների մեջ. նա սնանկ է` մեկ միլիոն եվրո պարտքով: Երկու ամիս առաջ թիկնապահն այդ մասին հայտարարել էր Գերմանիայի հարկային ծառայությանը: Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ` Պասկալը շատ ավելի մեծ պարտքեր ունի, քան հայտարարում է: Իրավաբանները փորձում են պարզել, թե ինչպես է նա մաքրելու վարկատուների հետ իր հաշիվներն այն դեպքում, երբ վերջնաժամկետը հոկտեմբեր 10-ն է:
Հիշեցնենք, որ կողոպուտը տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-ի գիշերը, փարիզյան հյուրանոցներից մեկում: Քիմ Քարդաշյանից հափշտակել էին 5-6 միլիոն եվրո արժողությամբ զարդեր, այդ թվում` 4 մլն եվրո գնահատվող մատանի եւ այլ թանկարժեք իրեր:

 

 

ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԲԱՆԻ
Միջազգային լրատվամիջոցները շարունակում են ուշադրության ներքո պահել հոլիվուդյան ամենահայտնի զույգերից մեկի` Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնալուծության գործընթացը: People ամսագիրը հայտնում է, որ Ջոլին եւ նրա վեց երեխաները սկսել են այցելել հոգեբանի: Ըստ պարբերականի` դերասանուհին հանուն երեխաների իրեն ուժեղ է պահում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջոլին Բրեդ Փիթից բաժանվելու հայց էր ներկայացրել: BBC-ի փոխանցմամբ` նա այդպիսի որոշում է կայացրել «առողջ ընտանիք ունենալու համար»:




Լրահոս