Հիմնավոր և արդյունավետ որևէ ծրագիր դուրս չի մնա նոր կառավարության ու ՋՏՊԿ-ի ուշադրության կենտրոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը կարևոր է հայկական կողմի համար»: Այս մասին ԱԶԲ պատվիրակության հետ հանդիպման ընթացքում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Սա նորանշանակ նախագահի հերթական աշխատանքային հանդիպումն էր միջազգային գործընկերների հետ, որի հիմնական նպատակը ընթացիկ ծրագրերի քննարկումը և հետագա համագործակցության համար ուղենիշերի մշակումն է:
Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենս Ալվարեսը շնորհավորեց Արսեն Հարությունյանին վերջերս ստանձնած պաշտոնի կապակցությամբ և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը ևս արդյունավետ կլինի:

«Հայաստանում մինչ օրս իրականացված ծրագրերը հուսադրող են ԱԶԲ-ի համար»,- շեշտեց Ս. Լորենս Ալվարեսը:

ՋՏՊԿ նախագահը վստահեցրեց գործընկերներին, որ հիմնավոր և արդյունավետ որևէ ծրագիր դուրս չի մնա նոր կառավարության և Ջրային տնտեսության պետական կոմիտեի ուշադրության կենտրոնից:

Ա. Հարությունյանը ներկայացրեց նաև իր մոտեցումները ՋՏՊԿ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով.

«Հատկապես կցանկանայի ներկայացնել իմ մոտեցումները ԾԻԳ-երի հետ կապված: Միջազգային գործընկերների համար լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար ԾԻԳ-երում կառանձնացվեն մասնագետներ, ովքեր կհամակարգեն աշխատանքը որոշակի միջազգային կառույցների հետ՝ ապահովելով նրանց հետ ուղղակի կապն ու անխափան հաղորդակցությունը»,- ասաց Ա. Հարությունյանը:

Ս. Լորենս Ալվարեսը ողջունեց ՋՏՊԿ նախագահի այս մոտեցումը և նշեց, որ պատրաստ են 2018 թ.-ին նախատեսված նոր վարկային ծրագրերն իրականացնել արդեն այդ ձրաչափով:

Հանդիպմանը ներկա էր նաև «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Նա ներկայացրեց, որ Արարատի և Արմավիրի մարզերում այս պահին տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ են ընթանում, որոնց արդյունքները ստանալուց հետո պարզ կլինի, թե ոռոգման և խմելու ջրի համակարգերի բարելավմանն ուղղված ինչ ծրագրեր կարելի է իրականացնել այդ մարզերում:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն




Լրահոս