Ռիգայում հանդիսավորությամբ բացվել է «Երևան» անունը կրող այգի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին ներկա է գտնվել «Երևան» անունը կրող այգու հանդիսավոր բացման արարողությանը:

Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ու Ռիգայի հայ համայնքին` այգու կառուցումն իրականություն դարձնելու համար, համոզմունք է հայտնել, որ այն կդառնա քաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը:

«Ռիգայում բացված «Երևան» անունը կրող այգին իսկապես մեծ նվեր է հանգստի գոտու հարևանությամբ ապրող տարբեր տարիքի բնակիչների համար: Այն նաև լավագույն խորհրդանիշներից մեկն է երկու քաղաքների միջև ձևավորված ամուր բարեկամության ու հաջողված համագործակցության: Երևանի և Ռիգայի միջև հաստատվել են հրաշալի հարաբերություններ, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Երևանի գործընկերոջս՝ Տարոն Մարգարյանին, ով իր ջանքերը ներդրեց այս համագործակցությունն իսկապես արդյունավետ դարձնելու գործում: Այգու կառուցման հարցում ևս մենք մշտապես զգացել ենք Երևանի քաղաքապետի աջակցությունն ու հետևողականությունը, ինչի արդյունքում է նաև, որ հանգստի գոտում առկա է երևանյան շունչը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր քաղաքի հայ և լատիշ բնակիչներին ու մաղթում հաճելի հանգիստ «Երևան» այգում»,- նշել է Նիլ Ուշակովը:

Ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին` նկատելով, որ այն ևս մեկ վկայությունն է երկու քաղաքների միջև օր օրի զարգացող բարեկամական ու գործընկերային հարաբերությունների:

«Երևանի և Ռիգայի միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Մեր երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններն օր օրի զարգանում են, որի համատեքստում ամրապնդվում են մեր երկու քույր քաղաքների կապերը։ Ուրախալի է, որ այն իրականացվում է կոնկրետ ծրագրերի միջոցով։ Այսօր էլ մենք այստեղ ենք Ռիգայում «Երևան» անունը կրող այգու բացման առիթով, ինչի համար, նախ և առաջ, շնորհակալ եմ գործընկերոջս՝ Նիլ Ուշակովին, նաև իր ողջ թիմին՝ այս նախագծի կյանքի կոչմանը մեծապես աջակցելու համար:

Երախտագիտությունս եմ հայտնում նաև Ռիգայի դումայի բոլոր պատգամավորներին, ովքեր միաձայն կողմ քվեարկեցին այս այգին «Երևան» անվանակոչելու համար։ Բարձր եմ գնահատում նաև այս ծրագրի իրականացման հարցում տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ Յուրի Սահակյանի և Արամ Հարությունյանի նախաձեռնությունը, նրանց ջանքերն ու կատարած աշխատանքը։ Շնորհակալ եմ նաև Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանին՝ երկու մայրաքաղաքների միջև ծրագրերի իրականացման գործում ցուցաբերվող մշտական ակտիվ աջակցության համար։ Եվ, իհարկե, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ռիգայում «Երևան» այգու ստեղծման գործում: Վստահ եմ, որ այս գեղեցիկ այգին, որը նախագծված է հայկական և երևանյան տարրերով, կդառնա ինչպես Ռիգայի բնակիչների, այնպես էլ մեր քույր քաղաքի հյուրերի սիրված վայրերից մեկը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։

Այգու հանդիսավոր բացման արարողության շրջանակում երկու քաղաքապետերը Երևանի և Ռիգայի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև «Երևան» անունը կրող այգու նախագիծը կյանքի կոչելու համար շնորհակալագրերով են պարգևատրել մի շարք անձանց:
Երևանի և Ռիգայի քաղաքապետերը, ի նշան երկու ժողովուրդների ու երկու քաղաքների բարեկամության, նաև կաղնի են տնկել հանգստի գոտում, որը լատիշ ժողովրդի ազգային խորհրդանիշներից մեկն է համարվում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը նշել է, որ բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Նորակառույց հանգստի գոտին կահավորվել է մանկական ժամանակակից խաղերով, մարզական գույքով, ինչպես նաև «Երևան» գրառումով նստարաններով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս