Վաղը թիվ 30 ԸԸՀ-ն կամփոփի Վանաձորի ավագանու ընտրությունները: Իսկ Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հաջոր օրը` առաջիկա երկուշաբթի:
Հիշեցնենք, երբ հոկտեմբերի 3-ին Վանաձորի ավագանու ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանը» ԲՀԿ-ին եւ «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ-ին) կոչ արեց միավորվել ու Վանաձորի քաղաքապետ ընտրել, հիմնականում քննարկվում էր, թե ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերները ինչպես են մերժելու առաջարկը, որ իրենց «խիստ ընդդիմադիր» կեցվածքը չվնասվի: Այնուհետեւ ՀՎԿ-ն (ՕԵԿ-ը) հայտարարեց, թե «Լուսավոր Հայաստանը» կարող է իրենց միանալ կամ էլ այսօրվանից պետք է խոստանա գալիք ԱԺ ընտրություններին միասին մասնակցել: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ՕԵԿ-ի առաջարկը հրապարակավ մերժեց, եւ լուծումը տեսանելի չէր:
Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ՀՎԿ-ի Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակի առաջին համարը` Արկադի Փելեշյանը, Վանաձորում իր քրեական անցյալով հայտնի Ական, ավետարանական եկեղեցու հովիվին ծեծեց: Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին տեղի է ունեցել ՀՎԿ-ի (ՕԵԿ-ի) նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հանդիպումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ թեկնածուի վարքի հիմնավորմամբ է կայացվել այդ դժվար որոշումը, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ոչ իշխանական թեկնածուն լինելու է ԼՀԿ-ի ցուցակի առաջին համարը` Քրիստ Մարուքյանը: ԲՀԿ-ն եւս հայտարարել է, որ Մարուքյանին է սատարելու: Հուշագիրը կստորագրվի այսօր:
Այսպիսով՝ Վանաձորի ավագանու տեղերը հետեւյալ կերպ են բաշխվել. ՀՀԿ՝ 13 մանդատ, ՀՅԴ՝ 2, ԼՀԿ՝ 10, ՕԵԿ՝ 5, ԲՀԿ՝ 3: Ստացվում է, որ ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին ունի 15 մանդատ: ԼՀԿ-ն, ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ ունեն 18 մանդատ: Բոլոր ավագանիները պետք է փակ-գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրեն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզի ՀՀԿ-ականներն արդեն սկսել են լոկալ ճնշումները ընտրված բոլոր ավագանիների նկատմամբ, որպեսզի Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկեն: Տեսնենք՝ ինչով կավարտվի գործընթացը:
Մովսես Հակոբյանին ՀՀ պաշտպանության փոխնախարար-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելուց եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ նշանակելուց հետո ՊՆ ղեկավար կազմում այլեւս ոչ մի գեներալ չի մնացել: ՀՀ ՊՆ բոլոր երեք տեղեկալները` Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը եւ Դավիթ Փախչանյանը, քաղաքացիական անձինք են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության մյուս ղեկավար պաշտոններից եւս առաջիկայում զինվորականները ազատվելու են: Երիտասարդ կադրերը կտեղափոխվեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության ստորաբաժիններ, իսկ տարեցները կուղարկվեն թոշակի: Ենթադրվում է, որ աստիճանաբար պաշտպանության նախարարությունը կվերածվի մի գերատեսչության, որը մշակում է բանակի զարգացման քաղաքականությունը ու լուծում նյութական ապահովության հետ կապված խնդիրները, իսկ ռազմական գործառույթները կվերապահվեն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին եւ նրա ստորաբաժիններին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության եւ նրա փոխարեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակելու քաղաքական որոշումներն այլեւս կայացված են: Ենթադրվում է, որ գալիք շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրերն արդեն կհրապարակվեն: Մեր տեղեկություններով՝ այս կադրային փոփոխության մասին պաշտոնական հայտարարության ձգձգումը երկու պատճառ ունի, նախ Վարդան Հարությունյանը պետք է հանձնի գլխավոր տնօրենի գործառույթները, ինչի համար ժամանակ է հարկավոր: Մյուս կողմից էլ իշխանական քարոզչության տեսանկյունից նախընտրելի է, որ շաբաթը մեկ առանցքային փոփոխություն ներկայացվի հանրությանը, որպեսզի իշխանությունների վերափոխման շոուն, որը արդեն մոտ մեկ ամիս է՝ ընթանում է, հնարավորինս երկար շարունակվի:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, պարզվում է, բավական պատկառելի հարստություն ունի: Նա պաշտոնապես հայտարարագրել է 2 բնակարան, մեկական հողամաս, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, այգետնակ եւ անհատական բնակելի տուն: Նա ունի «Mercedes-Benz S 350 L», «Merceses-Benz S 500 L 4 Matic» եւ «Posche Panamera GTS 4.8» մակնիշի ավտոմեքենաներ: Հայտարարագրել է 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս: Նրա փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 520 հազար դոլար եւ 15 մլն 200 հազար դրամ: Իսկ ինչ վերաբերում է գումարային ունեցվածքին, ապա նշենք, որ նախարարը պաշտոնապես ունի 26 մլն 192 հազար դրամ, 627 հազար 926 դոլար, 321 հազար 966 եվրո: Այս տարվա ութ ամիսներին նրա եկամուտները կազմել են 56 մլն 157 հազար դրամ, որից աշխատավարձը կազմել է ընդամենը 1 մլն 440 հազար դրամ: Իսկ մնացած գումարները նա հայտարարագրել է որպես շահաբաժին կամ վարձակալության դիմաց ստացված եկամուտ: Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը մինչեւ նախարար նշանակվելը զբաղեցրել է «GNC-ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:
ԲԱՐՏԵՐԱՅԻՆ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին երկու օրերին լարվածութան մեծացումը բավականին մտահոգիչ է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախորդ գիշեր ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1800 կրակոց՝ կիրառելով «Սեւ նետ» եւ «Իստիգալ» տիպի հեռահար դիպուկահար հրացաններ: Հակառակորդի նման կտրուկ գործողությունների արդյունքում վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող:
Թե ինչով է պայմանավորված ադրբեջանական կողմի այս ակտիվացումը, դժվար է միանշանակ ասել: Դա կարող է կապված լինել միանգամից մի քանի գործոնների հետ՝ սկսած ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերիի՝ նախօրեին արած հայտարարությունից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, ավարտած սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 25-ամյակի զորահանդեսի ընթացքում ՀՀ գերարդիական զինատեսակների ցուցադրությամբ:
Անշուշտ միամտություն է մտածելը, որ Ադրբեջանում նոր միայն տեղեկացան այդ սպառազինությունների մասին, սակայն նման արձագանքը նաեւ որոշակի քաղաքական ուղերձ է՝ ուղղված գերտերություններին եւ նպատակ ունի ուշադրություն գրավել:
Ադրբեջանի վերաակտիվացման համար, սակայն, կարող է լինել եւ, ըստ ամենայնի, կա մեկ այլ՝ առավել հիմնավոր պատճառ. խոսքը Սիրիայում ընթացող զարգացումների եւ այդ հողի վրա Ռուսաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների վերստին վատթարացման մասին է: Մենք տեսնում ենք, որ անգամ ռուսական զինուժի՝ Սիրիա մուտք գործելուց առաջ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները այդքան լարված չէին, որքան հիմա: Իսկ քանի որ աշխարհաքաղաքականության մեջ ազդեցության գոտիների համար մրցակցությունը տարբեր կետերում տարբեր դրսեւորումներ ունի, մենք պարբերաբար արձանագրում ենք, որ Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի եւ Սիրիայի հիմնախնդիրները առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում ՌԴ եւ ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից դիտարկվում են մեկ փաթեթի մեջ: Եվ շատ հաճախ մի կետում կողմերից մեկի կոմպրոմիսի փոխարեն բարտերային սկզբունքով վերադիրքավորումներ են լինում մյուս կետում:
Այս առումով ղարաբաղյան ճակատում լարվածության մեծացումը կարող է լինել մի նոր՝ բարտերային վերադիրքավորումների տրամաբանության շրջանակներում: Մյուս կողմից էլ Ադրբեջանը կարող է հընթացս օգտվելով այս իրավիճակից՝ փորձել վերստին դրսեւորել իր պատրաստակամությունը Ռուսաստանի հետ նոր սիրախաղի համար: Առավել եւս, որ Քերիի՝ վերը նշված հայտարարությամբ, կարծես թե, ամերիկյան կողմից սպասելիքներ չկան, եւ բացի այդ՝ Ադրբեջանը, բնականաբար, կցանկանա ռուսներին համոզել իրեն եւս վաճառել «Իսկանդեր» հրթիռներ:
Անկախ նրանից, թե ինչ խաղ է սկսում Ադրբեջանը, հայկական կողմը պետք է մշտապես գերզգոն եւ պատրաստ լինի: Հուսանք, որ ապրիլյան քառօրյայից հետո դասերն, իսկապես, քաղվել են: