Անցած շաբաթ ԱԺ-ում ընդունված աղմկահարույց «Հարկային օրենսգիրքը» տվեց իր առաջին բացասական արդյունքը: Գրել էինք, որ նոր օրենսգրքով շահումով խաղերի պետական տուրքը 5 անգամ ավելանում է: Եւ հիմա այդ ոլորտում գործունեություն իրականացնողներից ավելի շատ գումար պիտի գանձվի` բնականաբար քաղաքացիների մեջ խաղամոլությունը զարգացնելու գնով: Արդյունքում, ՀՀ կառավարության շենքի դիմաց հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ առցանց խաղատների եւ սպորտային միջոցառումների վրա խաղադրույքներ ընդունող ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիան: Վերջիններս իրենց մտահոգությունների շուրջ նամակ փոխանցեցին վարչապետ Կարեն Կարապետյանին եւ սպասում են նրա արձագանքին:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ:
-Պարո՛ն Արամյան, հարկային նոր օրենսգրքով շահումով խաղերի պետական տուրքը 5 անգամ բարձրացվել է` ներկայիս 100 միլիոն դրամի փոխարեն սահմանվելով 500 միլիոն դրամ: Հիմա այդ ոլորտի տնտեսվարողներից ավելի շատ գումար պիտի գանձվի, ինչը նրանց դրդել է բողոքի ակցիա իրականացնել:
-Շահումով խաղերի եւ վիճակախաղերի մասով ուսումնասիրվել է նաեւ իրենց իսկ կողմից ներկայացված շրջանառությունը: Ձեզ ասեմ, որ նույնիսկ վիճակագրական վարչությունն է դա ֆիքսել, որ երկու տարի անընդմեջ բավականին բարձր աճի տեմպեր մենք ունենք: Ասենք, օրինակ, հանգստի կազմակերպում այդ ենթաճյուղով, որը ՀՆԱ-ի ճյուղերից մեկն է, դրա մասով 2014 թվականին, 2015 թվականին տարեկան համապատասխանաբար 40 եւ 80 տոկոսանոց աճ է գրանցվել:
-Աճը արձանագրվել է, եւ հիմա նրանցից ավելի շատ գումար պիտի գանձվի` բնականաբար քաղաքացիների մեջ խաղամոլությունը զարգացնելու գնով: Դա չի մտահոգո՞ւմ Ձեզ:
-Իսկ ով ասեց, որ քաղաքացիների հաշվին է:
-Բնական է, որ խաղադրույքով հետաքրքրվածը կգնա ու ավելի բարձր գումար կվճարի ու կխաղա, իսկ ընկերություններն էլ, հանուն իրենց բիզնեսի, այնպիսի առաջարկներ կգովազդեն, որ արդյունքում քաղաքացին կտուժի:
-Ձեզ վստահեցնում են, որ շահումով խաղերը եւ վիճակախաղերը դա մի ոլորտ է, որը իրականում նոր ավելացված արժեք չի ստեղծում, այլ եկամուտների վերաբաշխում է կատարում: Ինչպես, հավաքում են մարդկանցից գումարները, 100 հազար հոգուց հավաքում են, վերաբաշխում են ընդամենը դրա, չգիտեմ, 10 կամ 20 տոկոսի փոխարեն, որովհետեւ դրանից տալիս են աշխատավարձ, դրանից հետ են վերադարձնում որոշակի շահումներ սահմանափակ մարդկանց համար, եւ դրանից մնում է իրենց շահույթը: Եթե աշխարհում ինչ-որ մեկը կա, որ ինձ կասի, որ այդտեղ վերաբաշխումը չի տանում եկամուտների կենտրոնացման, ես կասեմ՝ կներեք, ես սխալ եմ: Բայց դա միջազգային պրակտիկան է թույլ տալիս:
-«Հարկային օրենսգրք»-ի շուրջ սա միակ աղմուկը չէ: Պատգամավորները այն դիվերսիա են համարում, նշում, որ նոր օրենսգիրքը ավելացանելու է հարկային բեռը: Ձեզ չի անհանգստացնո՞ւմ գործարար պատգամավորների մտահոգությունը: Էլ չասած, որ նախագիծը Ազգային ժողով էին բերել բավականին ուշ:
-Գիտեք, ուզում եմ հղում կատարել պարոն Այվազյանին, որը արձագանքեց նմանատիպ…, իհարկե, շատ մեծ հարգանք ունեմ բոլոր իմ գործընկերների հանդեպ, ընդդիմադիր, թե դիմադիր, բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ հարկային օրենսգրքի քննարկման համար պլատֆորմ տրվել է: Նույն պարոն Այվազյանը, որը տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահն է, բարձրաձայնեց, որ 25 անգամ քննարկում եղել է, եւ այդ քննարկումներին մարդիկ չեն մասնակցել: Կարծում եմ՝ ճիշտ է որ մենք ունենանք բաց քննարկում, եւ մարդիկ մասնակցեն այդ պլատֆորմի քննարկումներին:
-Չեն մասնակցել, բայց բարձրաձայնում են, թե որտեղ են խնդիր տեսնում, օրինակ՝ բարձրաձայնվեց, որ ստուգումների մասով խնդիր են տեսնում:
-Պետք է հասկանանք բարձրացված փաստարկի հիմնական բովանդակությունը եւ փորձենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը:
-Ըստ լուրերի՝ իշխող կուսակցության գործարար պատգամավորները լռում են, քանի որ նրանց նման հրահանգ է տրվել:
-Այդպիսի բան չի լինում:
-Ի՞նչ գիտեք:
-Չի լինում:
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՐՑՈՎ
Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Շիրակի մարզում անցկացված ՏԻՄ ընտրություններին, որտեղ ՀՅԴ-ն չհաղթահարեց 5 տոկոսանոց շեմը, եւ այն խոսակցություններին, որ դրա արդյունքում Շիրակի դաշնակցական մարզպետը պաշտոնանկ է արվելու, ասաց.«Մարզպետի դերը ձայն ապահովելը չէ, մենք դրա համար չենք նշանակել մարզպետ, որ ձայն հավաքի: Մենք հայտարարել ենք, որ դժգոհ ենք մեր արդյունքներից: Մյուս կողմից մենք դրական միտում ենք նկատում առ այն, որ մրցակցային են դառում ՏԻՄ ընտրությունները: Հիմա մենք քննություն ենք նշանակել` ՏԻՄ ընտրություններում մեր արդյունքները վերլուծելու համար եւ այդ պատկերի հետ կապված` կկայացնենք մեր որոշումը, որը կվերաբերի ամեն մեկի ունեցած դերին. հաշվետվություն պետք է ներկայացնեն բոլոր օղակները»:
Անկախ ձեւակերպումներից՝ ակնհայտ է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրությունները կարող են ճակատագրական դառնալ մարզպետ Հովսեփ Սիմոնյանի համար: Չի բացառվում, որ ՀՅԴ-ն անգամ չսպասի քննության արդյունքներին: Ըստ էության, սպասելու բան էլ չկա, քանի որ Շիրակում 5 տոկոսանոց շեմը չհաղթահարելն արդեն իսկ խոսում է կատարված ու չկատարված աշխատանքների մասին: Սակայն այս ֆոնին ուշագրավ է այն, որ Շիրակի դաշնակցական մարզպետը, ընկալելով իր շուրջ ստեղծված իրավիճակը, իրեն «քցած» մարդկանց որոշել է պատժել: Գրել էինք, որ հոկտեմբերի 2-ին Արփի գյուղում եւս տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ, որոնց արդյունքում հաղթել է անկուսակցական Մերգել Ղարիբյանը: Արփի գյուղն իր մեջ ներառում է ՀՀ Շիրակի մարզի մի շարք համայնքներ, որոնց մեջ կա Աղվորիկ համայնքը: Վերոնշյալ համայնքի նախկին գյուղապետ Նար Ղարիբջանյանն ու դպրոցի տնօրեն Արմեն Սոլոյանը դաշնակցականներ են, սակայն նրանց հայրենի գյուղում իրենց կուսակիցը զրո ձայն է ստացել, փոխարենը անկուսակցական Մերգել Ղարիբյանը ստացել է 63 քվե: Արդյունքում, մարզպետը Արմեն Սոլոյանին ասել է, որ նա դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում պետք է գրի:
-Պարո՛ն Ռուստամյան, մինչ ՀՅԴ գործադիր մարմնում քննություն է ընթանում, Շիրակի մարզում ՏԻՄ ընտրությունների հետ կապված դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը որոշել է պատժել կուսակիցներին, որոնք, հնարավոր է, դառնան իր պաշտոնանկության պատճառը: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը:
-Ես նման տեղեկություն չունեմ եւ չգիտեմ, թե որտեղից են գալիս Ձեր այս հաստատումները:
-Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ մարզպետը կանցնի «հաշվեհարդարի» մեթոդին:
-Ձեզ պատասխանեցի, Ձեզ իմ պատասխանը չի բավարարում, մի՛ փորձեք ավելին ստանալ, չի լինելու դա: Արդեն ասացի՝ մարզպետի հետ կապված՝ նշանակվել է քննություն:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
64.2 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԵՐԵՎԱՆԻ ԾՆՈՒՆԴԻՆ
Այսօր Երեւանի հիմնադրման 2798-ամյակն է: Պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ «Երեւանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված Էրեբունի-Երեւան տոնակատարության» միջոցառման կազմակերպման համար Երեւանի հիմնադրամը պայմանագիր է կնքել «Էյդիվիմեդիա Էս» ընկերության հետ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ միայն այս ընկերությանը քաղաքապետարանը հատկացրել է 64 մլն 200 հազար դրամ՝ (մոտ 135 հազար ԱՄՆ դոլար)` Երեւանի տարբեր հատվածներում միջոցառումներ անցկացնելու նպատակով սարքավորումների ապահովման, այգիների ձեւավորման եւ կազմակերպչական այլ հարցերը լուծելու համար:
35 ՀԱՏՈՐԱՆՈՑ ՔՐԳՈՐԾ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար: ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ քրգործը բաղկացած է 35 հատորից, եւ իրենց բավականին ուշ է տրամադրվել: Ուշացումը պատճառաբանվել է պատճենահանման համար անհրաժեշտ ժամանակով: Սակայն Ալումյանն այդ փաստը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Այն ուշացումով են տրամադրել կողմերին, որ մենք քիչ ժամանակ ունենանք՝ քրեական գործին մանրամասն ծանոթանալու»:
ԴԵՌ ՉԻ ԷԼ ՔՆՆԱՐԿԵԼ
«Քոչվորների համաշխարհային 2-րդ խաղերին» Հայաստանի անունից ինքնակոչ մասնակցած սպորտսմենների հարցը դեռ չի պարզաբանվել: ՀՀ սպորտի եւ երիտասարդության նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանից «Ժողովուրդը» փորձեց պարզել, թե ինչ փուլում է գտնվում հետագայում նման ինքնագործումը կանխելու նպատակով իրականացվելիք իրավական շտկումները: «Ձեզ ասեմ, դրանք հասարակական կազմակերպություններ են, իրենք իրենցով մեր արդարադատության նախարարության ծրագրով աշխատում են, մարզական որեւէ առնչություն չունեն: Մենք քննարկում ենք այդ հարցը, եթե մի բանը կապված է մարզական միջոցառման հետ, ապա կլիցենզավորվի նախարարության կողմից: Բայց դրանք խնդիրներ են, որոնք բոլոր շահագրգիռ մարմինների հետ պետք է քննարկենք»,- ասաց նախարարը:
ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ, ՆՈՐ ՀՐԱՀԱՆԳ
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ-ում գործող բանկերի ղեկավարներին ՀՀ ԿԲ-ն հրահանգել է, որ նրանք սկսեն իրենց աշխատակիցներից կուտակային կենսաթոշակները գանձել: Հիշեցնենք, որ մասնավոր ընկերությունների՝ 1974 թվականից հետո ծնված աշխատակիցների համար կուտակային կենսաթոշակի պարտադիր լինելը պետք է սկսի գործել 2018 թվականի հուլիսի 1-ից: Սակայն, ինչպես երեւում է, բանկիրների դեպքում որոշել են իրադարձությունները «ներքին կարգով» արագացնել, առավել եւս, որ այդ ոլորտում աշխատավարձերը բարձր են, եւ գանձվող գումարներն էլ զգալի կլինեն: