ԿՐԿԵՍԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում եւ Վանաձորում վերջին երկու օրերին տեղի ունեցող զարգացումները վկայում են այն մասին, որ ինչ-ինչ ուժեր լուրջ ջանքեր են գործադրում Հայաստանի քաղաքական դաշտը կատարյալ լղոզելու նպատակով, որպեսզի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր չլինի պարզել, թե ով ով է:

Իրենց ընդունած օրենքով
Նախօրեին ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ) եւ «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունները համատեղ հայտարարություն ստորագրեցին, որ չեն ընդունում հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու ընտրությունների պաշտոնական տարբերակը եւ պնդում են, թե թիվ 34 ԸԸՀ-ն եւ ԿԸՀ-ն նախագահ Տիգրան Մուկուչյանը «խեղաթյուրում» են ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված նորմերը: Հայտարարությունը ստորագրողները սպառնում են դատական կարգով բողոքարկել ԸԸՀ-ի որոշումը, եթե դրանով «Բալասանյան» դաշինքին (ՀՀԿ-ին) 17 մանդատ տրվի: Իսկ եթե բողոքարկումը օգուտ չտա, հայտարարության ստորագրողները սպառնում են բոյկոտել Գյումրիի ավագանու նիստերը:
Առաջին հայացքից թվում է, թե վերը նշված քաղաքական ուժերը խիստ ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս, բայց իրականում նրանք փաստացի նվեր են մատուցում իշխող ՀՀԿ-ին, միեւնույն ժամանակ իրենց համար: Բանն այն է, որ ՀՀԿ-ին Գյումրիի ավագանու 17 մանդատ է բաժին հասել ՀՀ ընտրական օրենսգրքով, եւ հայտարարությունը ստորագրած ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն կամ նույն ինքը՝ ՕԵԿ-ը, ստեղծված իրավիճակի համար անձնական պատասխանատվություն են կրում, քանի որ քվեարկել են այս ԸՕ-ի համար:
Նկատենք, որ այս տարվա մայիսին ընդունված ՀՀ ընտրական նոր օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունում սահմանվում է. «Մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Գյումրի եւ Վանաձոր համայնքներում նշանակվող ավագանու ընտրությունների քվեարկությունը կազմակերպվում եւ անցկացվում է, իսկ ընտրությունների արդյունքներն ամփոփվում են 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի՝ Երեւանի ավագանու ընտրության համար սահմանված կանոնակարգումներին համապատասխան՝ ընտրատարածքային (տարածքային) ընտրական հանձնաժողովների կողմից»: Հայտարարությունը ստորագրածներն այս փաստը ոչ էլ նկատել են, քանի որ իրենց տեքստում հղում են կատարում ՀՀ ընտրական նոր օրենսգրքի այն հոդվածներին, որոնք վերաբերում են Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփմանը:

Բոնուս է տրվում
Ինչեւէ: ՀՀ ընտրական հին օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով Գյումրիի ավագանու մանդատների նախնական հաշվարկով ՀՀԿ-ն ստանում է 15, ԲՀԿ-ն՝ 9, ՕԵԿ-ը՝ 5 եւ ԳԱԼԱ-ն՝ 4 մանդատ: Սակայն վերը նշված դրույթի երկրորդ մասը սահմանում է. «Եթե սույն մասով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին»: Տվյալ դեպքում ավագանու 33 մանդատների 40 տոկոսը կազմում է 13,2: Այսինքն՝ 14 եւ ավել մանդատ ստանալու դեպքում, եթե դրանց թիվը 17-ից պակաս է, այն լրացվում է պակասող չափով, որպեսզի բացարձակ մեծամասնություն ձեւավորվի: Խնդիրն այն չէ, որ այս ձեւակերպումը վատն է կամ լավը, այլ պարզապես այդպես գրված է օրենքում, եւ ժամանակին նույն ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, որպես ՀՀԿ-ի հետ կոալիցիոն գործընկերներ, 2008-ի դեկտեմբերին կողմ են քվեարկել այդ կարգին:
Հասկանալի է, չէ՞, որ նման պայմաններում թիվ 34 ԸԸՀ-ն պարտավոր է ընտրությունները ամփոփել օրենքով սահմանված կարգով, եւ նրանց՝ վերը նշված հայտարարությունն իրավիճակ չի փոխելու: Ակնհայտ է, չէ, որ եթե վերը նշված քաղաքական ուժերը ընտրությունների արդյունքները բողոքարկեն վարչական դատարանում, ապա նրանց դիմումը մերժվելու է: Արդյունքում, նրանք պետք է կատարեն իրենց վերջին խոստումը եւ բոյկոտեն Գյումրիի ավագանու նիստերը: Եւ ինտրիգը հենց այս քայլի մեջ է:

Բոյկոտը՝ օգնություն
Բանն այն է, որ եթե ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը չբոյկոտեն Գյումրիի ավագանու նիստերը, ապա նրանց ներկայացուցիչները ստիպված պետք է լինեն իրենց ընդդիմադիր դիրքերից դրսեւորել: Իսկ դա նշանակում է, որ Գյումրիի ՀՀԿ-ական իշխանությունները՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, շատ ծանր կացության մեջ կհայտնվեն: Արդյունքում իշխանությունները ստիպված կլինեն նույն ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին մարզային մակարդակով հիշեցնել, որ երկիրը պետք չի կրկեսի վերածել, ու այդ կուսակցությունների ավագանու անդամները, որոնցից յուրաքանչյուրը տասը բազում թելերով իշխանությունների հետ կապված է, կսկսեն հնազանդ ենթարկվել: Սակայն զարգացումների նման ընթացքը, այն էլ ԱԺ ընտրություններից հինգ ամիս առաջ, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին ծանր կացության մեջ կդնի, քանի որ գյումրեցիները կգիտակցեն, որ նրանց տրված քվեներն ուղղակի փոշիացել են: Իսկ բոյկոտելով՝ «ընդդիմադիրները» հա՛մ իրենք արդարանալու տարբերակ ունեն, հա՛մ էլ Սամվել Բալասանյանը կկարողանա իր 17 ավագանիներով առանց խոչընդոտի կառավարել Գյումրին:

Կբացվի խաղը
Հայտարարությունը ստորագրած քաղաքական ուժերի գործողություններն ունեն եւս մեկ շատ կարեւոր հետեւանք, որն առաջին հայացքից նկատելի չէ: Բանն այն է, որ ավագանու ընտրություններից հետո գյումրեցիներն այլեւս համոզվեցին, որ ընտրությունների արդյունքները իրենց քվեով է ձեւավորվում. տեղամասային, ընտրատարածքային ու կենտրոնական ընտրական հանձնաժողովները, մասնավորապես, վերջին երկուսը, արձանագրող օղակներ են: Եւ ԱԺ ընտրություններում կարող են պարզապես հրաժարվել իշխանությունների եւ նրանց կոալիցիոն գործընկերների օգտին քվեարկելուց: Ի վերջո, հայտնի է, որ ընտրողների մեծ մասը ընտրակաշառքով կամ այլ շահագրգռությամբ իշխանական ուժերի օգտին քվեարկում է՝ համոզված լինելով, որ միեւնույն է՝ հակառակ դեպքում ոչինչ չի փոխվելու: Հայտարարության հեղինակները, թիվ 34 ԸԸՀ-ին եւ ԿԸՀ-ին մեղադրելով հոկտեմբերի 2-ի արդյունքները իբր թե «խեղաթյուրելու» մեջ, ակամա նպաստում են, որ գյումրեցիներն իրենց պատասխանատվության բաժինը չզգան եւ դարձյալ տարվեն «միեւնույն է՝ ոչինչ չի փոխվելու» մտայնությամբ:
Ուշագրավ է, որ այս գործընթացի մեջ ներքաշվել է նաեւ ԳԱԼԱ-ն, որը Գյումրիում հիրավի ընդդիմադիր ընտրազանգվածի քվեների հիմնական կրողն է եւ ազնիվ է պայքարում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀԱՄԱԿԱՐԳԸ «ՓՉԱՑՐԵՑ» ՕՀԱՆՅԱՆԻՆ
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը ներկայացրեց իբրեւ անհրաժեշտություն: Ըստ նրա, Սեյրան Օհանյանը վայրկյան առաջ պետք է հեռացվեր նախարարի պաշտոնից, քանի որ ամբողջովին քանդում էր ՊՆ համակարգը: «Ես չեմ կարող որպես մարդկային որակում տալ Վիգեն Սարգսյանին, որովհետեւ չեմ ճանաչում նրան»,- ասաց Բադասյանը: Իսկ նախկին նախարարի մասին հավելեց, թե նա պաշտպանության նախարար լինելով՝ խաթարել էր բոլորիս անվտանգությունը: «Ոչ թե Սեյրան Օհանյանն էր մեղավոր, նա այդպիսին չէր, նա ազնիվ եւ կոռեկտ էր, այլ այդ համակարգը նրան այդպիսին դարձրեց: Ես վստահ չեմ, որ այդ նույն համակարգը Վիգեն Սարգսյանին չի փչացնելու եւ մյուսներին: Ես ցավ եմ ապրում այս բառերն ասել իմ մարտական ընկերոջ` Սեյրան Օհանյանի վերաբերյալ, բայց փաստն է այդպիսին»,- ասաց Բադասյանը:

 

 

ԱՆՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՀՆՉԻ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա օգոստոսի 18-ի ՀՀ կառավարության նիստում այլեւս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ուսումնասիրել եւ իրեն ներկայացնել տեղեկություններն այն մասին, թե վերջին տարիներին մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ քանի վճիռ է կայացրել, եւ ով է այդ ամենի համար մեղավորություն կրում: Մեկ շաբաթ անց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համապատասխան վիճակագրական տվյալները ներկայացրեց: «Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարությունից փորձեց պարզել, թե արդյո՞ք նախկին վարչապետի կողմից տրված հանձնարարականի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ի պատասխան՝ ասացին. «Դավիթ Հարությունյանի պատասխանով սահմանափակվել է, իսկ համակարգային քայլեր միշտ էլ լինում են»: Այլ կերպ ասած՝ ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ վճիռների համար մեղավորների անուններ, այդպես էլ պաշտոնապես չեն հնչի:

 

 

ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա ունի մեկական ավտոտնակ եւ բնակարան` բազմաբնակարան շենքում: Վերջինս մեկ ընկերությունում ունի 10 հազար դրամի չափով բաժնեմաս: Իսկ հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 130 հազար 608 դոլար: Նորանշանակ նախարարի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 12 մլն 813 հազար դրամ եւ 42 հազար 400 ֆունտ ստեռլինգ: Աշոտ Մանուկյանի եկամուտները այս տարվա ութ ամիսներին կազմել են 34 մլն 700 հազար դրամ, որը նա հայտարարագրել է որպես երկու աղբյուրից ստացված աշխատավարձ:

 

 
ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ
«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման եւ անցկացման նպատակով այսօր ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթեւեկությունը Երեւանի հետեւյալ ճանապարհահատվածներում: Ժամը 7-23-ը սահմանափակվելու է երթեւեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում: Ժամը 11-14-ը դադարեցվելու է երթեւեկությունը Արգիշտիի փողոցում: Ժամը 13-23-ը դադարեցվելու է երթեւեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածում:

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ Է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին ցուցաբերվող աջակցություն է որակել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այն հայտարարությունը, որի համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները բազմիցս պնդել են, որ ստատուս քվոն անընդունելի է, չի կարելի երկու կողմերին հավասարաչափ մեղադրել կոնֆլիկտը չլուծելու համար, դա Հայաստանի զավթողական քաղաքականության աջակցություն է», – ասել է Ալիեւը:

 

 

 

ՉԵՆ ՄՏՆԻ
ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի՝ ընտրություններին միասին գնալու (Բագրատյանն «Ազատ դեմոկրատների» ցուցակում է ընդգրկվելու) լուրերի իսկությունը պարզելու նպատակով ArmLur.am-ը դիմել է Հ. Բագրատյանին, ով պարզաբանել է, որ խոսքը միայն միասնական աշխատանքի մասին է, եւ այժմ քննարկվում է առաջիկայում Խ. Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ միասնական գործունեություն ծավալելու հարցը: «Խոսքը համատեղ գործելու մասին է, ոչ մեկը ոչ մեկի մեջ չի մտնելու, նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»:




Լրահոս