«ԱԶԳԱՅԻՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՄԱՏԱՐԱԾ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդական երգերի հայտնի կատարող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ հանձն է առել ազգային, ժողովրդական երգը հայ հասարակության շրջանում համատարած դարձնելու գործընթացը: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է, թե ինչ կոնկրետ ծրագիր է ղեկավարում Ա. Գրիգորյանը, եւ ինչ կերպ է նա պատրաստվում կյանքի կոչել ազգայինը մասսայական դարձնելու ծրագիրը:

-Պարո՛ն Գրիգորյան, ծրագրի մասին մանրամասներ կհայտնե՞ք: Որքանո՞վ եք այն համարում հեռանկարային եւ իրագործելի:
-Մենք հանդիպել ենք պարոն Ամիրյանի հետ եւ քննարկել ենք այդ հարցը: Նա ասել է, որ պատրաստ է մեզ աջակցել: Առհասարակ, ազգային երգն ու պարը ժողովրդի, հատկապես` երիտասարդների շրջանում տարածելու գործընթացը վաղուց ենք սկսել: «Գութան» ազգագրական երգի, պարի փառատոնը հենց այդ նպատակով է անցկացվում: Պարոն Ամիրյանը ցանկանում է, որ ազգայինը լինի համատարած: Մենք պետք է փորձենք մտնել մարդկանց բակեր, ներկայանալ սահմանամերձ քաղաքներում եւ գյուղերում: Այս ծրագիրը դեռ պետք է մշակել: Պետք է կարողանանք տարվա ընթացքում մեկ-երկու անգամ բեմերից ազգային երգ ու պարով հանդես գալուց զատ` այցելել Հայաստանի տարբեր շրջաններ: Կարծում եմ, որ ժողովուրդը սիրով մասնակից կդառնա այդ ամենին: Ի դեպ, հոկտեմբերի 1-ին «Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթը, «Սասնա ծռերը» եւ «Մասունքը» Ազատության հրապարակում, «Մոսկվա» կինոթատրոնի եւ Հյուսիսային պողոտայի մոտ ֆլեշմոբի պես մի բան անցկացրին: Ընդ որում, խմբերի անդամներն առանց տարազի, սովորական զգեստներով հանպատրաստի երգում էին, պարում եւ, կարելի է ասել, մաստեր-կլասներ էին անցկացնում հանրության շրջանում: Ասեմ, որ ամեն խմբին միացավ 50-60 հոգի, այդ թվում` երեխաներ, երիտասարդներ եւ նույնիսկ` տարեցներ: Սրանով ազդարարեցինք ծրագրի սկիզբը: Այն շարունակվելու է ողջ տարվա ընթացքում: Կարծում եմ` սա կդառնա գեղեցիկ մի ավանդույթ:
-Իսկ ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ, որ ծրագիրը հնարավորինս արագ եւ արդյունավետ իրականացնեք:
-Մենք մեր գործը սկսել ենք` առանց մտածելու, թե ինչ ռեսուրսներ ունենք կամ չունենք: Կարեւորը մարդկային, մասնագիտական, բարոյական ռեսուրսն է, որը ունենք: Իսկ ֆինանսներ, կարծում եմ, կկարողանանք հայթայթել: Մեր ազգագրական երգ ու պարի խմբերը մեծ մասամբ միասնական են եւ սիրով են լցված միմյանց նկատմամբ: Յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացնի Հայաստանի որեւէ մարզ, շրջան, քաղաք` իր մշակույթով. այդպիսով ձեւավորվելու է ազգային երգ ու պարի հայաստանյան քարտեզը: Բոլորս մեկ բան ենք ուզում` որ հայ մշակույթը ավելի տարածված լինի մեր ժողովրդի շրջանում, քան օտարը:
-Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ռաբիսի նկատմամբ հասարակական ընդվզում է առաջ եկել, գուցե այդ ֆոնին ազգային երգն ու պարն էլ ավելի՞ կարեւորվի:
-Ես համաձայն չեմ այդ հարցադրման հետ: Մենք մեր գործը միշտ ենք արել եւ պետք է անենք: Հայը պետք է արարող տեսակ լինի եւ չպետք է նայի` այսօր կարելի է արարել, թե ոչ:
-Իսկ մարզերի ազգային երգ ու պարի խմբերը Ձեզ կմիանա՞ն:
-Բնականաբար: Միանալու են այն խմբերը, որոնք ունեն պատշաճ մասնագիտական որակներ: Օրինակ` Մարտունիում, Վարդենիսում ունենք լավ խմբեր, որոնք աշխատում են երեխաների հետ: Պատկերացնո՞ւմ եք` այդ նույն խմբերին հանենք փողոց, բակեր, ու նրանք սկսեն անցորդին իրենց կողմը գրավել: Հուսով եմ` մի օր կհասնենք նաեւ նրան, որ այս ծրագիրը կիրականացնենք սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՌՈԶԻ ԱՎԵՏԻՍՈՎԱՆ
«Փեսացուն կրկեսից» ֆիլմից, «Հրեշտակների դպրոց», «Տիգրանի մոլորակը», «Ամնեզիա», «Սահմանին» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Ռոզի Ավետիսովան վերջին շրջանում «Վենդետտա» սերիալում ունեցած ոչ մեծ դերակատարումից բացի` էկրաններին չի երեւում: Այնպիսի տպավորություն է, որ դերասանուհին, որին նախկինում հաճախ էինք տեսնում կոմերցիոն նախագծերում, ստեղծագործական դադարի փուլում է: «Ժողովուրդ»-ը Ռոզիից հետաքրքրվեց` նա դիտավորյալ է պասիվացրել իր գործունեությունը, թե դրա համար այլ պատճառ կա: «Կարելի է ասել, որ վերջին շրջանում «կորել եմ», բայց համարում եմ, որ ոչ մի դադար պատահական չի լինում, այն դիտավորյալ չեմ վերցրել. ամեն բան ինքնըստինքյան է ստացվել: Թեպետ պետք է նշեմ, որ ես այս ընթացքում զբաղված եմ նկարահանումներով, այնպես որ, դադարը այս պարագայում հարաբերական բնույթ է կրում: Ուրիշ բան, որ այն, ինչ անում եմ, ամբողջությամբ չի բավարարում ինձ»,-մեկնաբանեց Ռոզին:
Իսկ հարցին, թե ինչ է պակասում դերասանուհուն` գործնական կյանքում իրեն ռեալիզացված զգալու համար, Ռոզին պատասխանեց. «Կուզենայի հեղինակային, ոչ կոմերցիոն ֆիլմերում խաղալու հրավերներ ստանալ: Կոմերցիոն ֆիլմերն իրենց ասելիքով ինձ` որպես դերասանուհու, չեն գոհացնում. ուզում եմ ինձ նոր ռակուրսից բացահայտել»:
Մենք հետաքրքրվեցինք` Ռոզիին առաջիկայում կտեսնենք արդյոք որեւէ ֆիլմում. «Այո, դա կլինի Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ը, որտեղ հանդես եմ եկել էպիզոդիկ դերով»,-տեղեկացրեց նա:
Ինչ վերաբերում է թատրոնի հետ կապված պլաններին, Ռոզին նշեց, որ առաջիկայում Վանաձորում ներկայացվելու է Վ. Շավերդյանի բեմադրությամբ «Ապուշը» ներկայացումը (ստեղծագործության հեղ.` Ֆ. Դոստոեւսկի): Ռոզին անտերպրիզային ներկայացման շրջանակում մարմնավորում է Նաստասյա Ֆիլիպովնայի կերպարը:
Հարցին, թե արդյոք դերասանուհին ցանկություն ունի մշտական աշխատանքի անցնել որեւէ թատրոնում, Ռոզին պատասխանեց. «Ես չեմ տեսնում այն թատրոնը, որտեղ կցանկանայի աշխատել: Այն ներկայացումները, որոնք այսօր դիտում եմ, ինձ համար շատ հին են: Այնպես որ, եթե նույնիսկ մտնեմ որեւէ թատրոն աշխատելու` պայմաններն ինձ չեն բավարարելու»:
Մենք փորձեցինք բավարարել նաեւ երկրպագուների հետաքրքրությունը եւ հարցրինք, թե ինչ հունով է ընթանում Ռոզիի անձնական կյանքը. «Այդ թեմայի շուրջ երկրպագուների հետարքրքրությունը նորմալ եմ համարում, սակայն անձնական կյանքի վերաբերյալ ոչ մի հարցի չեմ պատասխանում»,-եզրափակեց նա:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ԿԱՎԱՖՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ
Թուրքական biristanbulhayali.com կայքն անդրադարձել է Ստամբուլում կանգուն մնացած ամենահին հյուրատանը, որը սյունակագիր Ռամազան Բեդյուքի խոսքով, պատկանել է Կավաֆյան գերդաստանին: Հեղինակը չի նշում Կավաֆյան ազգանվան հայկական լինելու մասին, սակայն նկատում է, որ հնարավոր է` հյուրատունը կառուցած լինի հայ ճարտարապետ:
Որոշ պատմաբանների առաջ քաշած վարկածի համաձայն՝ այն հին հունական տուն է, որը հետագայում անցել է հայ ընտանիքի ձեռքը, սակայն մասնագետների մի խումբ էլ խոստովանում է, որ հյուրատունը կառուցվել է երզնկացի հայ վարպետի կողմից:
Նշենք, որ Բեբեք թաղամասում գտնվող հյուրատունն արդեն 264 տարեկան է: Տան վերջին բնակիչները եղել են Սամվել եւ Բեատրիս Կավաֆյանները:

 

 

ԿՏԱՎԸ ԿԵՂԾ ԷՐ
2011թ-ին Sotheby՚s աճուրդում 10.7 մլն ֆունտ սթեռլինգով վաճառված «Անհայտ անձի դիմանկարը» կտավը կեղծ էր: Այդ մասին տեղեկացրել է BBC հեռուստաընկերությունը: Իրական կտավը, ինչպես հայտնի է, պատկանում է հոլանդացի գեղանկարիչ Ֆրանս Հալսի վրձնին: Կտավի կեղծ լինելու վերաբերյալ կասկածներ են առաջացել ազատության մեջ գտնվող հմուտ կեղծարարի մասին լուրերի տարածումից հետո: Նկարը տեխնիկական անալիզի ենթարկելուց հետո պարզվել է, որ դրա ստեղծման ընթքացքում օգտագործվել են ժամանակակից նյութեր: Սա նշանակում է, որ այն չէր կարող 17-րդ դարի կտավ լինել: Հավելենք, որ հաճախորդի հետ գործարքը չեղարկվել է, նրան վերադարձվել է ողջ գումարը:

 

 

 

ԱՆՍՊԱՍԵԼԻ ԳՈՐԾԱՐՔ
Հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը համագործակցում է նախկին ամուսնու` երգիչ Մարկ Էնթոնիի հետ: The Daily Mail-ի փոխանցմամբ` նրանք ձայնագրում են իսպանալեզու ձայնասկավառակ: Ալբոմի առաջին սինգլը ներկայացվելու է նոյեմբերին, իսկ ալբոմը` 2017-ին: Լոպեսն այս կապակցությամբ նշել է, որ անհամբերությամբ սպասում է Մարկի հետ համագործակցության արդյունքին եւ իր վերադարձին դեպի լատինական արմատները: Էնթոնին էլ իր հերթին գովասանքի խոսքեր է հնչեցրել Լոպեսի հասցեին` շեշտելով նրա արտիստիզմի, պրոֆեսիոնալիզմի եւ մի շարք այլ հատկանիշների մասին:
Նշենք, որ 5 տարի առաջ ամուսնալուծված աստղերը ունեն 2 երեխա` 8-ամյա երկվորյակներ Էմման եւ Մաքսը:




Լրահոս