ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի տեղամասերից մեկում վստահված անձը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է: Կարծում ենք՝ գոնե այս տեղամասում ընտրական կեղծիքներ ու խախտումներ չեն գրանցվել:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ո՞ր դեպքում անձն իրավունք ունի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել: Ցանկանում եմ ծանոթանալ նաեւ տարկետման կարգին:

Նարինե Հովհաննիսյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է՝
– հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին՝ հանվելով զինվորական հաշվառումից.
– այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
– քաղաքացին կառավարության որոշմամբ.
– մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն այլ պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած քաղաքացին.
– գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին.
– եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրվում է ընտանեկան դրության կապակցությամբ, ուսումը շարունակելու նպատակով եւ առողջական վիճակի պատճառով:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է արդյոք անձը լուծարել անուիտետի պայմանագիրը եւ անուիտետի այլ պայմանագիր կնքել մեկ ուրիշ ապահովագրական ընկերության հետ:

Լարիսա Պետրոսյան (41 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, եթե ապահովագրական ընկերությունը թույլ է տվել անուիտետի պայմանագրի խախտումներ: Ապահովագրական ընկերության կողմից երկու անգամ անընդմեջ անուիտետ չվճարելու դեպքում, կենսաթոշակառուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լուծելու անուիտետի պայմանագիրը՝ պահանջելով պատճառված վնասների փոխհատուցում եւ մնացորդային գումարի վերադարձ: Անուիտետի մնացորդային գումարն անձին չի տրամադրվի միանվագ վճարի տեսքով: Նա պարտավոր է անուիտետի պայմանագիր կնքել մեկ այլ ապահովագրական ընկերության հետ, որի հաշվին էլ կփոխանցվի անուիտետի մնացորդային գումարը:
Ապահովագրական ընկերության սնանկության դեպքում անուիտետի հետագա վճարման հարցը կկարգավորվի ապահովագրական ընկերությունների մասին օրենքով: Մասնավորապես, ապահովագրական ընկերության ամբողջ պորտֆելը, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի թույլտվությամբ, կփոխանցվի այլ ապահովագրական ընկերության, որն էլ, համարվելով իրավահաջորդ, կշարունակի վճարել անուիտետ՝ պայմանագրով նախատեսված չափով եւ կարգով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ապահովագրական ընկերության հետ անուիտետի պայմանագիր կնքելիս դրանում նշվում են անուիտետի տեսակը, մասնակցի՝ կենսաթոշակառուի տարիքը, ապահովագրական ընկերությանը միանվագ փոխանցված գումարի չափը, վճարման ենթակա անուիտետի չափը, ժամկետը եւ վճարման պարբերականությունը, ապահովագրական ընկերության պատասխանատվությունը պայմանագիրը խախտելու համար եւ այլ էական պայմաններ:




Լրահոս