Ո՞Վ «ԴԱՎԱՃԱՆԵՑ» «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցած Վանաձորի քաղաքապետի ընտրությունները փաստեցին այն, ինչը կանխատեսել էինք դեռեւս անցած շաբաթ՝ ավագանու ընտրությունների արդյունքների՝ հայտնի դառնալուց հետո: Փաստացի, Վանաձորի նորընտիր 33 հոգանոց ավագանու կազմում ՀՀԿ-ն եւ նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ունեին 15 հոգի, ու ի դեմս Մամիկոն Ասլանյանի՝ իրենց քաղաքապետն ունենալու համար նրանց երկու ձայն էր պակասում: Հիշեցնենք, որ Վանաձորի նորընտիր ավագանու կազմում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի 10 անդամ, «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) 5 եւ ԲՀԿ-ն 3 անդամ: Քաղաքապետի ընտրությունների արդյունքով Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 քվե, Քրիստ Մարուքյանը՝ 14: Այսինքն, ՀՀԿ-ին հաջողվել էր հակառակորդ ավագանիներից անհրաժեշտ 2-ի փոխարեն 4-ին «գողանալ»:

Մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան»-ի նախագահ Էդմոն Մարուքյանը եւ վերջինիս հետ համագործակցութան հուշագիր ստորագրած «Հայկական վերածնունդը» ներկայացնող ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ամեն կերպ փորձում էին ուղիներ գտնել՝ քվեարկության ընթացքը վերահսկելու համար: Ակնհայտ էր, որ նրանք ավագանու որոշ անդամների «ազնվության» հետ կապված կասկածներ ունեին: Ընդամենը հաշված րոպեներ անց պարզ դարձավ, թե Էդմոն Մարուքյանն ինչից էր այդքան «վախենում»:
Իհարկե, այս պահին շատ դժվար է ասել, թե Վանաձորի ավագանու՝ ճամբար փոխած անդամներն ովքեր են: Սակայն, մեկ բան ակնհայտ է, այդ հանգամանքը շատ հեշտությամբ կարելի է պարզել: Բանն այն է, որ «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն եւ «վերածնված» ՕԵԿ-ն իրենց 18 ավագանիներով կարող են Մամիկոն Ասլանյանին զրկել Վանաձորը կառավարելու հնարավորությունից: Նորընտիր քաղաքապետը փաստացի կարող է զրկվել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը, բյուջեն եւ մնացած կարեւորագույն որոշումները կայացնելու հնարավորությունից: Այսինքն՝ շատ արագ եւ առանց ավելորդ ջանքերի կարելի է պարզել, թե ովքեր են այդ չորս «քցողները»: Ի վերջո, ավագանու մնացած բոլոր որոշումները պետք է կայացվեն բաց քվեարկությամբ: Իհարկե, ավագանին կարող է որոշել նաեւ գաղտնի քվեարկությամբ որոշումներ կայացնել, բայց մինչ այդ պետք է համապատասխան որոշումը կայացնի: Այսինքն՝ «քցողները» առնվազն պետք է գաղտնի քվեարկությանը բացահայտ կողմ քվեարկեն:
Իսկ «դավաճաններին» պարզելուց հետո անհրաժեշտ կլինի լուծել Վանաձորի ավագանու մանդատից նրանց զրկելու խնդիրը: Իսկ եթե դա չհաջողվի անել, ապա կնշանակի՝ տվյալ դեպքում ոչ թե անհատական «դավաճանության» երեւույթի հետ գործ ունենք, այլ «Լուսավոր Հայաստանի» հետ հուշագիր ստորագրած քաղաքական ուժերի կողմից նախապես ծրագրված դավաճանության, ինչը նրանց հարազատ գործելաոճն է եւ վերջին տասնամյակում անցած ուղու անբաժանելի մասը:
Ի դեպ, անհատական մակարդակում «դավաճանության» դեպքում, անկախ նրանից, թե հուշագիրը ստորագրած կուսակցություններից որ մեկի անդամն են նրանք, իրավիճակը շատ հստակ լուծում ունի՝ հանրային ճնշմամբ նրանց պարտադրվում է ինքնաբացարկ ներկայացնել: Ի վերջո, հասկանալի է չէ՞, որ եթե համապատասխան կուսակցությունները դավաճանությանը մասնակցություն չեն ունեցել, ապա իրենց կուսակցականի կյանքը կարող են դժոխքի վերածել: Դրանից հետո ամեն ինչ կարող է սկսվել նորից. Մամիկոն Ասլանյանը պարզապես կզրկվի կառավարելու հնարավորությունից: Նա կարող է առավելագույնը մեկ տարի մնալ քաղաքապետ, որից հետո հուշագիր ստորագրածները կարող են նրան անվստահություն հայտնել («Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17.1 հոդվածը նման հնարավորություն տալիս է):
Հարկ է նշել, որ Գյումրիում եւս եթե ավագանու 16 անդամ ունեցող ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն (ՕԵԿ) եւ «Գաղափարակից լիբերալների ալյանսը» (ԳԱԼԱ) իսկապես ցանկանում են իշխանություն ունենալ, ապա նրանց ոչինչ չի խանգարում Բալասանյանի կառավարումը «դժոխքի» վերածել: Բավական է նշել, որ ավագանու արտահերթ նիստ հրավիրելու համար ընդամենը մեկ երրորդի՝ 11 ավագանու ստորագրությունն է հարկավոր՝ ՏԻՄ օրենք հոդված 15: Այսինքն՝ եթե վերը նշված եռյակը այդ մարտավարությամբ գործի, ապա Գյումրիի ավագանու ՀՀԿ-ական անդամները պարզապես պարտադրված կլինեն երկրից չբացակայել՝ անհրաժեշտ մեծամասնությունն ապահովելու համար: Սակայն այդ դեպքում հարցերի հարցն այն է, թե նշված քաղաքական ուժերը իրականում որքանով են ցանկանում իշխանությունների համար իրական խոչընդոտներ ստեղծել: Այս պահին առկա փաստերը վկայում են, որ նրանց նպատակը ոչ թե իշխանությունների համար իրական խոչընդոտներ ստեղծելն է, այլ այնպես անել, որ ընտրողները գլխի չընկնեն իրենց իրական մտադրությունների՝ իշխանություններին սպասարկելու գործառույթ ստանձնելու մասին: Մասնավորապես, երեկ Գյումրիում ակնհայտ էր, որ վերը նշված երեք քաղաքական ուժերը, բոյկոտելով ավագանու առաջին նիստը, նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին մեծ լավություն են արել՝ հնարավորություն տալով առանց խոչընդոտի իր ուզած ձեւով ստանձնել քաղաքապետի պաշտոնը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՆՁԱՄԲ ԿԱՍԻ
Վերջին օրերին կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, եւ այս խնդրով պայմանավորված՝ նա օրերս հանդիպել է ԲՀԿ ղեկավար կազմի հետ: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ հանդիպման մասին է խոսքը: «Պարոն Ծառուկյանի մասնավոր հանդիպումների մասին ես որեւէ տեղեկություն չունեմ, բացի հրապարակային այն բոլոր հանդիպումները, որոնք լինում են, եւ մամուլում այն, ինչ հրապարակվում է, ես այդ գործընթացի մասին տեղյակ եմ լինում»,- պատասխանեց Տոնոյանը: Մեր այն հարցին, թե իր վերադարձի մասին լուրերի առնչությամբ Ծառուկյանի կարծիքն ինչպիսին է, Տոնոյանը պատասխանեց. «Եթե Պարոն Ծառուկյանը այդ թեմային անդրադառնալու անհրաժեշտություն տեսնի, ապա ինքը դա կանի անձամբ»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն անցած տարվա փետրվարի 12-ի իր հայտնի ելույթով Գագիկ Ծառուկյանին արգելեց քաղաքականությամբ զբաղվել: Իսկ վերջերս նրանց հարաբերութունները կրկին խիստ ջերմացել են, եւ արդեն ԲՀԿ նախկին առաջնորդի վերադարձի մասին լուրեր են շրջանառվում:

 

 

ԳԻՏԵԻՆ, ՈՐ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՆ
«Ժողովուրդ»-ը Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանից փորձեց պարզել, թե ինքը տեղյակ է՝ ավագանու 4 անդամներից ով է «վաճառել» իր ձայնը եւ քվեարկել Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին: «Գիտեք, պարտվողներն իրենց ահից էին գոռում-գոչում: Ի սկզբանե գիտեին, որ կրված են, դրա համար գոռում-գոչում էին, ադքան բան: Եղավ այն, ինչ պիտի լիներ: Ես քաղաքապետարանում էի ու հետեւում էի, եւ հանրապետականը բարձր մակարդակ պահելով անցկացեց ընտրությունները: Ոչ մեկ չի վաճառվել. նրանք հենց վանաձորի քաղաքացիներ էին եւ իրենց ճիշտ քաղաքապետին ընտրեցին»,- պատասխանեց Դարբինյանը:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԴԱՏԻ ԿՏԱՆ
Հոկտեմբերի 5-ին Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ Էրոս Ռամազոտիի չկայացած համերգի համար վաճառված ոչ բոլոր տոմսերի գումարներն են կազմակերպիչները վերադարձրել: Ռամազոտիին Հայաստան էր հրավիրել «Ֆորպոստարտ» ՍՊԸ-ն: Երեկ «Ֆորպոստարտ»-ի տնօրեն Զառա Մխեյանը հայտարարել էր, թե պատրաստվում է Լյուդմիլա Սագսյանին դատի տալ: Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրեն դատի տալու առնչությամբ ասաց. «Թո՛ղ տան, ես տոմսերով հանդերձ կգնամ իրենց մոտ: Թո՛ղ փորձեն, տեսնեմ՝ ոնց են դատի տալիս: Ուրեմն ասեմ, որ դա իրենց հերթական խաբեություններից մեկն է: Ես երբեւիցե չեմ ասում մի բան, որ փաստարկված չգիտեմ: Ավելին` 10 հոգու ձեռքին այդ տոմսերը մնացել են, բազմաթիվ անգամներ զանգել են եւ չեն կարողացել այդ տոմսերի գումարը հետ ստանալ»:

 

 
ՆՈՐ ՊԵԿ ՂԵԿԱՎԱՐ
Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատելու մասին: Նրա մեկ այլ հրամանագրով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ է նշանակվել Վարդան Հարությունյանը: Նշենք, որ մինչ այս Վարդան Հարությունյանն զբաղեցնում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի պաշտոնը:

 

 

ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԻՑ
Չնայած Գյումրու ավագանիում ընտրված «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդ»-ը երեկ բոյկոտել են ավագանու առաջին նիստը, «Բալասանյան դաշինք»-ի կողմից Գյումրու քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանը նիստի ավարտից հետո շտապել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի մոտ՝ նրանից օրհնություն ստանալու: «Այնուամենայնիվ, մեծամասնության ձայնը Ձերն է եղել, եւ Դուք էլ վերընտրվել եք քաղաքապետ, եւ Ձեր առջեւ նոր մարտահրավերներ կան՝ ոչ միայն քաղաքը շենացնելու, այլեւ վերադարձնելու մեր մանկության քաղաքը մեզ, բայց եւ այնպես բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է լինի քաղաքում բարոյական»,- ասել է Աջապահյանը՝ մաղթելով, որ Գյումրու ավագանիում գործակցության ոգին հաղթի:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, որոնք բարեգործական հիմունքներով բժշկական սպասարկում են իրականացնում ԼՂ քաղաքացիների համար: Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Բ. Սահակյանը երախտագիտություն է հայտնել ամերիկացի բժիշկներին նրանց առաքելության համար:

 

 

ԷԼԻ ԱՃ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը, ով Վաշինգտոնում հոկտեմբերի 7-9-ը մասնակցել է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա ֆորումին, հանդիպել է Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի հետ: Կողմերը քննարկել են ՀԲ-ի եւ ԵՏՀ-ի միջեւ համագործակցության ամուր հիմքերի ստեղծումը: Տիգրան Սարգսյանը նշել է տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացման ապահովման հարցում ՀԲ-ի եւ ԵՏՀ-ի ընդհանուր նպատակներն ու խնդիրները եւ հայտարարել է, որ 2017-2018 թթ. հանձնաժողովը Միության անդամ պետությունների գործնական ակտիվության աճ է կանխատեսում:

 

 

ՍԿՍԵԼ Է
Երեկ Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: ԵԽԽՎ այս նստաշրջանի ընթացքում կքննարկվեն Թուրքիայի իրավիճակը, Ուկրաինայի ճգնաժամն ու դրա հնարավոր հետեւանքները: Ելույթ կունենան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: Ինչպես նաեւ զեկույցով հանդես կգա Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:

 

 

ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Մակար Ղամբարյանը նշանակվել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ: Մակար Ղամբարյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնը:




Լրահոս