«ԵՐԲ ԻՆՁ ՀԱՅՏՆԵՑԻՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ, ՇՈԿԻ ՄԵՋ ԸՆԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Պարզ եւ անկեղծ հարցուպատասխանի միջոցով մենք կբացահայտենք հանրության կողմից ճանաչված անձանց բնավորության անհայտ գծերը, կանդրադառնանք նրանց կյանքի` քչերին հայտնի պատմություններին, կպարզենք` վերջիններս ինչից են վախենում, ինչի համար են ափսոսում, ինչ են երազում եւ կյանքի հետ ինչ հույսեր են կապում: Այս անգամ «Ժողովուրդ»-ը զրուցել է երգիչ, երգահան, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի հետ (Հայկ Հակոբյան):

-Հայկո՛, չարաճճի՞ երեխա էիք, թե՞ խելոք:
-Ես չարաճճի եմ եղել: Ծնողներս միշտ ազատ են թողել ինձ: Շատ եմ եղել դրսում` բակում, ընկերներիս հետ: Փոքր ժամանակ այնպիսի արարքներ եմ արել, որոնց մասին հիշելով` հիմա փոշմանում եմ, մտածում եմ` փառք Աստծո, որ փորձանքի մեջ չեմ ընկել:
-Ձեր մականունը:
-Մականուն չեմ ունեցել: Բայց բեմական անունս` Հայկոն, արդեն խանգարում է ինձ (նկատի ունի այն, որ տարիքի հետ «Հայկո»-ն կարող է տեղին չհնչել-հեղ.):
-Ձեր ամենասիրելի խաղը:
-Ֆուտբոլը:
-Գիրք, որը շատ է տպավորել:
-«Շանթարամը» (հեղ.` Գրեգորի Դեւիդ Ռոբերթս):
-Ձեր լսած վերջին ուրախ լուրը:
-Այն, որ ռուսաստանցի մի ռեփեր իմ մասին երգ է գրել` կատարածս երգերի մոտիվներով: Երբ ինձ հայտնեցին այդ մասին, շատ ուրախացա, շոկի մեջ ընկա: Դա, իսկապես, սիրուն անակնկալ էր: Առաջիկայում հանդիպելու եմ այդ ռեփերի հետ: Այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող:
-Ձեր ոլորտի ամենամեծ բացը:
-Մեր ասպարեզում աղբը շատ է, ոլորտը բարձիթողի վիճակում է: Բայց եթե լինենք լավատես եւ շատ աշխատենք, ամեն բան կկարգավորվի:
-Կոլեգաների շրջանում տարածված ամենաանտանելի որակը:
-Չեմ սիրում անմիտ, «աստղայինը տարած» մարդկանց, որոնք, որպես կանոն, իրենցից ոչինչ չեն ներկայացնում:
-Ձեր քայլերը, երբ Ձեզ շողոքորթում են:
-Ես դա հասկանում եմ եւ բանի տեղ չեմ դնում, ժպիտով եմ վերաբերվում նման երեւույթներին:
-Մարդու մեջ առաջինը ուշադրություն եք դարձնում նրա…
-Ներաշխարհին եւ էներգետիկային:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր թշնամին:
-Ոչ ոք: Առհասարակ, ես կոնֆլիկտային անձնավորություն չեմ, թշնամիներ չունեմ:
-Կինը պետք է լինի լավատե՞ս, թե՞ հեռատես:
-Լավատես մարդկանց շատ եմ սիրում, ինքս էլ այդպիսին եմ: Բայց կինը, կարծում եմ, պետք է ավելի շուտ լինի հեռատես:
-Ձեր հանդեպ թույլ տրված արարք, որը չեք ներել:
-Նման բան չկա, գիտե՞ք: Ես միշտ ապրում եմ պոզիտիվ կյանքով:
-Երբեք նշանակություն չեք տալիս մարդու…
-Դիրքին:
-Ձեր երազած քաղաքի տեսքը:
-Բնականաբար, խոսքը Երեւանի մասին է: Առհասարակ, շատ եմ գնահատում այն հանգամանքը, որ հնությունները պահպանվում են, եւ տվյալ քաղաքը ունենում է իր դեմքը: Այդ առումով, շատ կցանկանայի, որ Երեւանը Պրահային նման լիներ:
-Վախենում եք, որ…
-Որ շատ գործեր պարզապես չհասցնեմ անել: Որքան մեծանում ես, ժամանակն այնքան արագ է թռչում, թվում է, թե քիչ գործ ես անում:
-Ափսոսում եք, որ…
-Որ ավելի շատ երգեր չեմ գրել, համերգներ չեմ ունեցել, երբեմն տրվել եմ ժամանցին: Բայց կյանքը նաեւ դրանով է հետաքրքիր:
-Ամենամեծ երջանկությունը զգացիք, երբ…
-Երբ ծնվեց որդիս:
-Ձեր ցանկությունը` կյանքից:
-Հաշվի առնելով այն, թե ինչ է կատարվում աշխարհում, ես կյանքից խաղաղություն եմ ուզում:

 

 

 
«ԴՐՍՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ»

Ջիվան Գասպարյան կրտսերը պատրաստվում է թողարկել նոր ձայնասկավառակ, որում ընդգրկված են ջազային, բլյուզային ռիթմերի ուղեկցությամբ եւ կենդանի նվագակցությամբ 9-10 գործեր: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը` դուդուկահարը:

Նա նաեւ նշեց, որ ծրագրում է առաջիկայում հանդիսատեսի դատին հանձնել 2 նոր տեսահոլովակ` մեկը նկարահանվել է Լոս Անջելեսում՝ «Գիշերային քաղաք» ստեղծագործության հիման վրա, իսկ մյուսի հիմքում «Օտար, ամայի ճամփեքի վրա» գործն է:
«Բոլորովին այլ նպատակներով այցելել էինք Կալիֆորնիա: Այնտեղ տեսանք անապատի պես մի տեղ, որտեղ նախկինում լիճ է եղել: Հանպատրաստից որոշեցինք, որ այդ չորացած եւ խորը ճաքերով աչքի ընկնող տեղանքում կարելի է համապատասխան թեմատիկայով տեսահոլովակ նկարահանել»,- մանրամասնեց Ջիվանը:
Խոսելով առաջիկա համագործակցություններից` դուդուկահարը պատմեց, որ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ելույթներից մեկի ընթացքում նվագակցելու է Սերժ Թանկյանին` նրա սիմֆոնիկ ստեղծագործության` ORCA-ի («Կետադելֆին») շրջանակում:
Մենք հետաքրքրվեցինք` դուդուկահարը, որը երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում, ծրագրում է առաջիկայում ապրել Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում. «Դրսում ապրելու մտադրություն չունեմ, այստեղ լավ է: Մարդ իրեն լավ է զգում ի՛ր երկրում»,- ասաց նա:
Իսկ հարցին, թե ե՞րբ ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյանները համերգով հանդես կգան Հայաստանում, դուդուկահարը պատասխանեց. «Մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում մեր գործունեությունը ավելի կակտիվանա: Այնպես որ, մյուս տարի անպայման կներկայանանք համերգով»:
Նաեւ հարցրինք` դուդուկը, լինելով Հայաստանի այցեքարտ-գործիքը, արդյոք պահանջարկ ունի՞ մեր երկրում. «Եթե խոսքը վերաբերում է ֆինանսականին, ապա դուդուկի միջոցով Հայաստանում հնարավոր է գումար աշխատել խնջույքների ժամանակ, բայց ես նման հավաքույթներում չեմ նվագում, ուրիշ ճանապարհ եմ ընտրել: Նախընտրում եմ դուդուկը ներկայացնել նորովի: Տարբեր կատարումներ լսելով` հիմնականում չեմ տարբերում այդ գործիքի տեմբրերը. բոլորը նույնատիպ ձայներ են: Իսկ ինձ հաջողվել է ստանալ դուդուկի ուրիշ, նոր ձայներ, պապիկս էլ է դա ասում»,- նշեց Ջիվանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՄԵԾ ՇՔԵՐԹ
Հայկական կրկեսի կոլեկտիվն այս տարի տոնելու է հիմնադրման 60-ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, այդ առիթով Երեւան է հրավիրվել ռուսական մեծ կրկեսը: «Կրկեսի կազմում ընդգրկված կլինեն 30 ռուս դերասաններ: Մենք ցանկանում ենք այդ օրն իսկական մեծ կրկեսային շքերթի վերածել»,- ասել է նա: Պետրոսյանի խոսքով` քանի որ դեռ ավարտված չեն Երեւանի պետական կրկեսի շենքի շինարարական աշխատանքները, շքերթը կանցկացվի Կոմիտասի այգում` նախկին Դելֆինարիումի տարածքում:
Նշենք, որ հայկական կրկեսի առաջին կոլեկտիվը ձեւավորվել է 1956¬ին` Վ. Արզումանյանի ղեկավարությամբ։ Կոլեկտիվի նպատակն էր զարգացնել հայկական կրկեսի լավագույն ավանդույթները, ստեղծել ժամանակակից հանդիսատեսի գեղագիտական պահանջմունքները բավարարող, ազգային դիմագիծ ունեցող ներկայացումներ։

 

 

ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Փարիզի ոստիկանությունը հայտնաբերել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի գողացված զարդերից մեկը: Այդ մասին փոխանցում է Parizian թերթը` առանց կոնկրետ նշելու, թե որ զարդի մասին է խոսքը: «Այն գտնվել է No Address հյուրանոցի մոտակայքում, որտեղ թալանել էին Քիմ Քարդաշյանին»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Կա կարծիք, որ հանցագործները պատահաբար վայր են գցել այն` փորձելով փախչել ոստիկանությունից: Քննիչները հույս ունեն, որ զարդի վրա կարող են մնացած լինել գողերի ԴՆԹ-ները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ անհայտ անձիք ներխուժել էին Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համար եւ գողացել մոտ 10 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր:

 

 

ԼԵՆՈՆԻ ԿՈՄԻՔՍԸ
Աշխարհահռչակ The Beatles բրիտանական խմբի անդամ Ջոն Լենոնի կյանքի մասին սեւ ու սպիտակ կոմիքս կստեղծվի: The Hollywood Reporter-ի փոխանցմամբ` IDW Publishing հրատարակությունը 2017-ի մայիսին կթողարկի «Լենոն» վերնագրով գրաֆիկական կենսագրությունը:
Կոմիքսը ֆրանսիացի գրող եւ սցենարիստ Դավիդ Ֆոնքինոսի վեպի ադապտացիան է, որտեղ Լենոնի կյանքը ներկայացված է մտացածին հոգեթերապեւտի հետ հանդիպումների միջոցով:




Լրահոս