Հայաստանի պետական պարտքն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ հասել է 5 միլիարդ 594 միլիոն 900 հազար դոլարի ցուցանիշին: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ մեկ ամսում Հայաստանի պետական պարտքը աճել է ուղիղ 100 միլիոն դոլարի չափով:
Նշենք, որ վերջին երեք ամսում Հայաստանի պետական պարտքը աճել է 249 միլիոն 700 հազար դոլարով, իսկ այս տարվա ինն ամիսների կտրվածքով պետական պարտքը աճել է ավելի քան կես միլիարդով՝ 517 միլիոն 200 հազար դոլարով: Հայաստանի պետական պարտքի 4 միլիարդ 590 միլիոն 500 հազար դոլարը արտաքին պետական պարտքն է: Այսինքն՝ այդ գումարը Հայաստանի կառավարությունը եւ կենտրոնական բանկը պարտք են միջազգային ֆինանսական կազմակերպություններին, բանկերին եւ այլ երկրների կառավարություններին: Այս տարվա ինն ամիսներին Հայաստանի արտաքին պետական պարտքը աճել է 274 միլիոն 300 հազար դոլարով:
Հայաստանի ներքին պետական պարտքը, որը գոյանում է պետական պարտատոմսերի թողարկումից, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1 միլիարդ 4 միլիոն 400 հազար դոլար: Այս տարվա անցած ինն ամիսներին Հայաստանի ներքին պետական պարտքն աճել է 242 միլիոն 900 հազար դոլարով: Ի դեպ, ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի նոր ձեռք բերած պետական պարտքից 177 միլիարդ 500 միլիոն դրամն ուղղվել է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Այսինքն՝ ստացվում է, որ նոր ձեւավորված պետական պարտքի մոտ 375 միլիոն դոլարը ծախսվել է պետական բյուջեի պակասուրդը սպասարկելու համար: Այլ կերպ ասած՝ պետական բյուջեում գումար չի եղել նախատեսված ծախսերը հոգալու համար, ՀՀ կառավարությունն անհրաժեշտ գումարները հայթայթել է միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր վերցնելով եւ պետական պարտատոմսեր թողարկելով: Ի դեպ, միայն վերջին մեկ ամսում՝ սեպտեմբերին, պետական բյուջեի պակասուրդը սպասարկելու համար նոր վերցված պարտքերից հատկացվել է 43 միլիարդ 800 միլիոն դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ սեպտեմբերին ձեւավորված նոր՝ 100 միլիոն դոլարի պետական պարտքից 92 միլիոնը ծախսվել է պետական բյուջեի պակասուրդը սպասարկելու համար: Սա նշանակում է, որ Հայաստանը սկսել է ամբողջությամբ պարտքով ապրել: Ի դեպ, նախկինում վերցված վարկային միջոցների տոկոսավճարների համար անցած ինն ամիսներին պետական բյուջեից հատկացվել է 73 միլիարդ 300 միլիոն դրամ: Ստացվում է, որ պետական պարտքի սպասարկման համար պետական բյուջեից հատկացվող գումարները գնալով ավելանում են: Բավական է նշել, որ տոկոսավճարների համար հատկացված գումարը կազմում է այս տարվա ութ ամիսների համար պետական բյուջեով նախատեսված ընդհանուր ծախսերի մոտ տասը տոկոսը:
Ընթացիկ ամսում եւս ՀՀ կառավարությունը ծրագրում է պետական պարտքը շեշտակի ավելացնել: Միայն նոր պետական պարտատոմսեր տեղաբաշխելով՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական ներքին պարտքն ավելացնել 29 միլիարդ 710 միլիոն դրամով: Իսկ թե միջազգային ֆինանսական կազմակերպություններից վերցված վարկերը որքան կկազմեն, պարզ կդառնա հոկտեմբերի արդյունքներն ամփոփելուց հետո:
Իհարկե, ինքնին պետական պարտքի ավելացումը վատ բան չէ, եթե արդյունքում այդ միջոցները այնպես են ծախսվում, որ նպաստում են երկրի տնտեսության զարգացմանը, այսինքն՝ վերջնաարդյունքում դրանց շնորհիվ ավելանում են պետբյուջե վճարվող հարկերը, ասել է, թե հանգեցնում են պետության եկամուտների աճին: Սակայն ողջ խնդիրն այն է, որ որքան էլ ավելանում է Հայաստանի պետական պարտքը, տնտեսության վիճակը դրանից չի փոխվում, այն շարունակում է անկում ապրել: Հայաստանի բնակչության մի զգալի մասը շարունակում է ուղիներ փնտրել երկրից հեռանալու եւ այլ երկրում բնակություն հաստատելու համար: Սա նույնն է, թե որեւէ ընտանիք շարունակական նորանոր պարտքեր ձեռք բերի եւ այդ գումարները վատնի: Ի վերջո, գալու է այն պահը, երբ պարտքատերերը գումարները ետ են պահանջելու, այդ ժամանակ պարզվելու է, որ ընտանիքը սնանկ է: Գրեթե նույն իրավիճակն է նաեւ պետության դեպքում: Պարզապես պարտքերի տակ ընկած ընտանիքից իր ունեցած-չունեցածը խլում են: Իսկ պետության դեպքում այդ «խլոցին» մի փոքր ավելի բարդ եւ խուճուճ ձեւով է տեղի ունենում, բայց վերջնարդյունքը փաստացի գրեթե նույնն է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՆՈՐ ՔՐԳՈՐԾ
Էջմիածին քաղաքի ՏԻՄ ընտրությունների նախորդ օրը` սեպտեմբերի 16-ին, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին ՀՀ քննչական կոմիտեից` հավելելով, որ քրեական գործով ձերբակալված անձինք չկան: ՔԿ-ից փոխանցեցին նաեւ, որ խուզարկությունների արդյունքում Կ. Արմենակյանի բնակարանից հայտնաբերվել են փամփուշտներ, արդյունքում նոր քրգործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք պահելը) հատկանիշներով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Կարեն Արմենակյանը աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանում որպես վարորդ, նա դեպքի ժամանակ եղել է քաղաքապետ Կ. Գրիգորյանի հետ նույն ավտոմեքենայում:
ԱՎՏՈԲՈՒՍԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԳՈՐԾՈՎ
Այս տարվա ապրիլի 25-ի ուշ երեկոյան Երեւանի Հալաբյան փողոցում հասարակական տրանսպորտի պայթյունի ենթադրյալ հեղինակ Ռուբեն Բալյանի մայրը` Կլարա Ոսկանյանը, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ պատրաստվում է դիմում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Բանն այն է, որ Ձորաղբյուրում գտնվող առանձնատունը, որտեղ բնակվելիս է եղել Ռուբեն Բալյանը, պատկանում է Կլարա Ոսկանյանին: Վերջինիս խոսքերով` դեպքի օրը իրավապահները կապարակնքել են առանձնատունը եւ մինչ օրս իրեն արգելում են այնտեղ մուտք գործել: «Ես խորհրդակցել եմ իրավաբանների հետ, եւ բոլորը միաբերան փաստում են, որ հնարավոր չէ ամիսներ շարունակ փորձաքննություններն ու խուզարկություններն ավարտին չհասցնել` արդյունքում խոչընդոտելով քաղաքացու ել ու մուտի իրավունքը»,- դժգոհեց Կ. Ոսկանյանը:
ՀԻՆ ԿԱԴՐԻՆ ՀԵՏ Է ԲԵՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը հոկտեմբերի 3-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ պաշտոնանկությունը հետեւյալ կերպ ներկայացրեց. «Նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր սեփական դիմումի համաձայն: Ես նրա հետ ոչ մի տեսակի կոնֆլիկտ եւ խնդիր չեմ ունեցել»: Նշենք, որ հոկտեմբերի 7-ին ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ավետիսյանը, որը 1999-2009 թվականներին աշխատել է նշված վարչության պետի պաշտոնում: Ավետիսյանը մարզպետարանում աշխատել է այն ժամանակ, երբ Գյոզալյանն է եղել մարզպետը՝ 2003-ից 2009 թթ.:
ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ` ԵԽԽՎ-ՈՒՄ
«Ապրիլին ես առաջարկել էի խորհրդարանական հետազոտություն անցկացնել այս թեմայով, եւ հիմա լիահույս եմ, որ «Պանամայի փաստաթղթերի» հարցի քննարկումը բազմաթիվ քաղաքական գործիչների ետ կպահի հանցագործ փողերից եւ օֆշորային սկանդալներից»,- երեկ ԵԽԽՎ-ում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
«Մի քանի ամիս առաջ աշխարհը ցնցված էր «Պանամայի փաստաթղթերի» հրապարակումից, որտեղ իր պատվավոր տեղն էր զբաղեցնում Ադրբեջանի նախագահը իր ընտանիքի հետ միասին՝ կինը, դստրերը, քույրը եւ այլն: Եվ մինչ նախագահական ընտանիքի կանայք իրենց գեղեցիկ կյանքն են վայելում, ստանալով միլիոնավոր դոլարների այնպիսի եկամուտ, որ նույնիսկ Ալիեւի ընտանիքի տասը սերունդն ունակ չի լինի ծախսելու, Ալիեւի ռեժիմը երկարաձգում է իր կառավարման դարաշրջանը՝ ընդունելով նոր Սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս Ալիեւի կլանին իշխանությունն իրենց ձեռքում պահել նաեւ առաջիկա երկար տարիների ընթացքում: Ի դեպ, այսպես կոչված Սահմանադրությունը խստագույն քննադատության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից»,- հայտարարել է Նաիրա Կարապետյանը:
Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հարազատ ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում հիշել է նաեւ Միհրան Պողոսյանին; Նա մասնավորապես ասաց. «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը լուրջ աշխատանք է կատարել եւ մինչ կքննվեր այդ գործը, Հայաստանում աշխատանքից ազատվեց ՀՀ ԴԱՀԿ պետ Միրհան Պողոսյանը:Սա ադեկվատ արձագանք էր…»: Թե ինչու Պողոսյանին համեմատեց Ալիեւի ընտանիքի հետ, թերեւս դժվար չէ կռահել:
ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԲԱՑԱՏՐԻ
Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել է «հետագայում բացատրել», թե ինչու փոխեցին Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին: Երեկ ՊԵԿ-ի ղեկավարությանը կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին ներկայացնելուց հետո «Ազատության» հարցին, թե ինչու ընտրեցին հենց Վարդան Հարությունյանին, վարչապետը պատասխանել է. «Որովհետեւ վստահում եմ»: Արդյո՞ք վարչապետը չէր վստահում ՊԵԿ-ի նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանին, պարզ չի դարձել, քանի որ Կարապետյանը չի պատասխանել մնացած հարցերին:
ՊՈՒՏԻՆԸ ԿԳԱ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի ՀՀ, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի (ՀԱՊԿ) նիստին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Գործակալության փոխանցմամբ՝ նիստի շրջանակներում հատուկ ուշադրություն կհատկացվի ահաբեկչության դեմ պայքարի միջոցներին, ինչպես նաեւ ՀԱՊԿ համակարգի հետագա կատարելագործմանը: Հաղորդվում է նաեւ, որ ՀԱՊԿ-ում նախագահությունը ՀՀ-ից կանցնի Բելառուսին:
ԱԶԱՏԵՑ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանագրով Գագիկ Միրիջանյանը ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը ավելի վաղ գրել էր, որ նորանշանակ առողջապահության նախարարը տարաձայնություններ ունի փոխնախարար Միրիջանյանի հետ: