Ինչպես ՀՀ Կառավարությունում, այնպես էլ ՀՀ ոստիկանական համակարգում պարբերաբար փոփոխվում են դեմքերը, «դիմակահանդեսի» դերակատարների գործառույթները, բայց դրանից հայ հասարակության կյանքում ոչինչ չի փոխվում: Անվստահությունը իշխանության` հատկապես ուժային կառույցների նկատմամբ, շարունակում է խորանալ:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանական համակարգում կադրային մի քանի փոփոխություններ են եղել: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ նշանակվեց Արամ Ղազարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Վանաձորի Բազումի պետի պաշտոնը: Ոստիկանության Բազումի բաժնի պետ նշանակվեց Արա Կարապետյանը, ով մինչ այս տարվա մայիս ամիսը աշխատում էր որպես ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, սակայն ոստիկանապետի հրամանով ազատվել էր աշխատանքից ու անցել կադրերի ռեզերվ:
Փոփոխություններ եղան նաեւ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում: Վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վախթանգ Ավագյանը հեռացավ` տեղը զիջելով Արշավիր Գեւորգյանին, ով նախկինում զբաղեցնում էր Լոռու մարզային վարչության պետի պաշտոնը:
Իսկ ինչով են հայտնի նորանշանակ պաշտոնյաները, ի՞նչ է տալու նրանց փոփոխությունը համակարգին: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արամ Ղազարյանի հետ:
-Պարո՛ն Ղազարյան, Դուք հետայսու ավելի պատասխանատու եւ ծանրաբեռնված աշխատանքի եք անցել: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ուժերը, կկարողանա՞ք:
-Բնականաբար, ավելի բարձր պաշտոնում ծանրաբեռնվածությունը կավելանա: Գնահատականները ես չեմ տալու: Փոփոխությունների հետ կապված գնահատականը ղեկավարությունը կտա:
-Խոսակցություններ կան, որ Լոռիում նման կադրային փոփոխությունը հետընտրական վիճակի հետ է կապված: Ձեր առջեւ ապրիլին կայանալիք ԱԺ ընտրությունների անցկացման մասով ի՞նչ պայման է դրվել:
-Սխալ հարցադրում եք անում:
-Դուք փոփոխությունները ընտրությունների արդյունքների եւ ընթացքի հետ չե՞ք կապում:
-Խնդրում եմ՝ Ձեր հարցերը լրատվականին ուղղեք: Ես կարող եմ պարզաբանել միայն իմ կողմից տրված հրամանները: Իսկ ոստիկանապետի արձակած հրամանները մեկնաբանելու իրավասություն չունեմ: Եվ ինձ թույլ չեմ տա նման բան անել:
Հարկ ենք համարում նշել, որ Լոռու մարզի նոր ոստիկանապետի անունը հայտնի է դեռեւս 2012 թվականից: Այդ ժամանակ Արամ Ղազարյանը ոստիկանության Վանաձորի բաժնի շարքային աշխատակից էր, ում դեմ քաղաքացիների կողմից բողոքներ են եղել: Այսպես, 2012 թվականի օգոստոսի 17-ին, ըստ մամուլի հրապարակումների, Արամ Ղազարյանը ոստիկանության Վանաձորի բաժնում բռնություն է գործադրել քաղաքացի Նարեկ Ափինյանի նկատմամբ, ով հրաժարվել է ցուցմունք տալ: Քաղաքացին հաղորդում է տվել կատարվածի վերաբերյալ, հայտնել, որ ոստիկանն իրեն ծեծել է, սակայն քրեական գործ այդպես էլ չի հարուցել: Ահա, այսպես ծեծով գործ բացահայտելով՝ նա հարթել է իր ուղին: Ավելի ուշ դարձել ոստիկանության Բազումի բաժնի պետ, իսկ հիմա էլ Լոռու մարզային վարչության պետ դարձավ:
Ինչպես վերը նշեցինք` ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վախթանգ Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Սյունիքում նման փոփոխությունը, թերեւս, սպասելի էր, քանի որ այստեղ մշտապես խոսվում է տարբեր բաժինների ոստիկանապետերի չարաշահումների մասին: Հիշեցնենք` Գորիսում ընթացիկ տարվա մարտի 8-ին տեղի ունեցած հայտնի աղմկահարույց դեպքը, որի կիզակետում էր հայտնվել Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը: «Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է այս դեպքին՝ մասնավորապես նշելով, որ ոստիկանապետը, չարաշահելով իր դիրքը, մի շարք քաղաքացիների, այդ թվում` իր ենթակաների ներկայությամբ բռնություն է գործադրել Գորիսի բնակիչ Արթուր Գեւորգյանի նկատմամբ: Իհարկե, ծառայողական քննություն նշանակվեց, սակայն հետագայում ոստիկանապետը վերանշանակվեց իր պաշտոնում: Սա նշանակում է, որ ամենաբարձր մակարդակով խրախուսվում է ՀՀ ոստիկանությունում ղեկավարների այն տեսակը, որոնք ծեծով են հարցեր լուծում:
Թարմ է նաեւ ոստիկանության Կապանի բաժնի շուրջ բարձրացված աղմուկը: Ինչպես հայտնի է՝ դեռեւս նախորդ տարի հեռացվեց ոստիկանապետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» արած չարաշահումների, փաստաթղթերի կեղծմամբ դիզվառելիք գողանալուն օժանադակելու եւ մի շարք այլ խախտումների համար: Ավելին, որոշ տեղեկություններով` այս գործում շոշափվում էր նաեւ Կապանի` արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Գեւորգյանի անունը:
Ահա այսպես, որքան էլ ոստիկանական համակարգը կոսմետիկ փոփոխություններ անի՝ իմիտացիա ստեղծելով, թե վերափոխվում են, միեւնույն է՝ դրանից ոստիկանության որակը չի փոխվում, որովհետեւ ոստիկանությունից մասնագիտական ու քաղաքական ակնկալիքները այլ են: Նրանք պետք է ծեծեն, բռնանան, սպառնան, «գործ սարքեն», սադրեն, որպեսզի «աչքի ընկնեն» ու «առաջ գնան»: Ինչպես ասում են` «Օ՜ մարդիկ, օ՜ բարքեր»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԾԵԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ
shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանի ծեծի դեպքով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ հայտնի դարձան: Այսպես՝ մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` իրավապահները հարցաքննել են «Տոսկանա» հյուրանոցի աշխատակիցներին, որոնք սակայն, գործի համար էական տեղեկություններ չեն հայտնել` ասելով, որ որեւէ բանից տեղյակ չեն, ծեծված քաղաքացու չեն տեսել: Ըստ լուրերի՝ այն, ինչ տեղի է ունեցել Ա. Խաչատրյանի հետ, ամբողջությամբ նկարահանվել է կատարող խմբի կողմից: Խաչատրյանին տուն հասցրած ընկերները մասնավոր զրույցներում պատմում են, որ նա անճանաչելի վիճակում է եղել` ոչ միայն ծեծված, այլեւ անհաղորդ: Կարծիք կա, որ, ամենայն հավանականությամբ, Ա. Խաչատրյանը թմրանյութի ազդեցության տակ է եղել: Քանի որ դեպքից 5 օր անցել է, «Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի հարցերի պատասխաններ ստանալ ծեծված խմբագրից.
-Պարո՛ն Խաչատրյան, կներկայացնեք` ի՞նչ վիճակում էիք գտնվում հյուրանոցում: Դուրս գալու հնարավորություն ունեցե՞լ եք:
-Այո՛, կարծում եմ` եթե փորձեի դուրս գալ, ինձ չէին խանգարի:
-Ստացվում է` Ձեզ ստիպողաբա՞ր չեն պահել, ազատությունից չե՞ն զրկել: Այդ դեպքում ինչո՞ւ չեք փորձել դուրս գալ:
-Գիտեք` երբ մարդը նման վիճակում է հայտնվում, անորոշությունից չի հասկանում` ինչ անել…
-Երեւի թե, առաջին հերթին փորձում է ազատ արձակվել: Դուք, սակայն, մնացել եք..
-Այո՛: Այնտեղ Տիգրան Ուրիխանյանի տղաներն էլ էին: Հետո որ ընկերներս ինձ տուն տարան, ասացին, որ երկու տղա հսկում էին կողքի սենյակից: Ու չի բացառվում, որ եթե ես փորձեի դուրս գալ, ինձ վնասեին:
-Ըստ լուրերի` Ձեր ընկերների մոտ կասկածներ կան, որ Դուք թմրանյութի ազդեցության տակ եք եղել…
-Այո՛, ես եւս դա չեմ բացառում: Իննսունինը տոկոսով դա հավանական բան է: Ես այն վիճակում էի, որ իմ ուտելիքի մեջ ամեն բան էլ կարող էին գցել: Ուղղակի իրավապահները, չգիտես ինչու, փորձաքննություններ չեն նշանակում, որպեսզի ես էլ ստանամ այդ հարցերի պատասխանները:
«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանից` հասկանալու համար` ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ իր հորդորներն՝ ուղղված ՀՀ իրավապահներին` սուտ մատնության հատկանիշներով քրգործ հարուցելու վերաբերյալ, դեռեւս չեն իրականացել: Ավելին՝ Ուրիխանյանի գրասենյակի հայտարարությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ծեծի գործով: Արդյո՞ք Տ. Ուրիխանյանը հրավիրվել է հարցաքննության: Մեր հարցերին ի պատասխան` Ուրիխանյանի գրասենյակից փոխանցեցին լուսանկար, որտեղ Արտյոմ Խաչատրյանն է մի աղջկա հետ` մեկնաբանելով. «Ինչպես երեւում է՝ առանց որեւէ մարմնական վնասվածքի Ա. Խաչատրյանը լուսանկարվել է Տոսկանա համալիրում, որտեղ նա մի քանի օր, իր խոսքերով, գտնվել է, նրանից հետո, երբ իրեն, իբր, ծեծել են: Կարծում ենք ե՛ւ լուսանկարում պատկերված կինը, ե՛ւ այդ օբյեկտի անձնակազմն ու տեսախցիկները կհաստատեն բոլոր ամսաթվերը»:
Թե որտեղից նրանց այդ լուսանկարը, այդպես էլ անհայտ մնաց: «Ժողովուրդ»-ը նպատակահարմար գտավ չհրապարակել այն` ելնելով լրագրողական էթիկայի սահմանված նորմերից:
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԲՈՅԿՈՏԵՆ
ԲՀԿ-ն որոշել է միանալ «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնությանը՝ ավագանու նիստերը բոյկոտելու շուրջ: ԲՀԿ Վանաձոր-Գուգարք տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Հրանտ Մարգարյանն ասել է. «Բոյկոտելու ենք ավագանու նիստը, մինչեւ որոշում կկայացվի քաղաքական խորհրդի կողմից, որից հետո մենք մեր հետագա անելիքները կիմանանք: Այսինքն՝ մենք համաձայն չենք արդյունքների հետ»:
ԸՆՏՐԵՑԻՆ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում ընտրել է հանձնաժողովի նախագահի տեղակալին եւ քարտուղարին: ԿԸՀ նախագահը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Լաուրա Գալստյանի թեկնածությունը. հանձնաժողովի մյուս անդամները թեկնածուներ չեն առաջադրել, եւ միաձայն քվեարկությամբ Լաուրա Գալստյանն ընտրվել է ԿԸՀ նախագահի տեղակալ: ԿԸՀ քարտուղարի պաշտոնում էլ առաջադրվել է Արմեն Սմբատյանի թեկնածությունը, որին եւս հանձնաժողովի 6 անդամները եւ նախագահը կողմ են քվեարկել:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՍՊԻՏԱԿ ՓՈՇԵՆՄԱՆ ԶԱՆԳՎԱԾ
Օրերս ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել քաղաքացի Մ. Ս.-ի կողմից դատապարտյալ Կ. Ք.-ի անվամբ բերված հանձնուքը, որի արդյունքում գործարանային փակ վիճակում գազավորված ըմպելիքի պիտակի տակ նկատել են կասկածելի թափանցիկ, կպչուն ժապավեն: Հոկտեմբերի 3-ին` ժամը 19:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի դիմացի ցայտաղբյուրի մոտից հայտնաբերվել է կասկածելի փաթեթով ծխախոտի տուփ: Զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա է 8 գրամ կանեփանման զանգված: Հոկտեմբերի 10-ին` նույն ցայտաղբյուրի մոտ, կրկին հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որում առկա էր 36 գրամ սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։