Կենտրոնի թիվ 15 մանկապարտեզի տնօրեն Հերմինե Ավագյանը մի օրում 2 նկատողություն է տվել մանկապարտեզի մեթոդիստ Ռուզաննա Ղեւոնդյանին ու նույն օրն էլ խզել նրա հետ աշխատանքային պայմանագիրը:
Այս մասին հաղորդագրություն էր տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշելով, որ Հերմինե Ավագյանը վերեւներում ունի բարձր հովանավոր:
«Համոզված եմ, որ եթե տիկին Ավագյանը վերեւներում չունենար հովանավոր, նախ՝ չէր նշանակվի, երկրորդ՝ կաշխատեր պարկեշտորեն, իր պարտականությունները կկատարեր բարեխղճորեն ու այն մեթոդիստին, ում մասին շատ դրական են արտահայտվում ծնողներն ու Կենտրոնի կրթության վարչության անձնակազմի ղեկավարը, չէր համարձակվի ասել. «Կաբինետից դուրս արի եւ օդը մաքրի»:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Կենտրոն թիվ 15 մանկապարտեզի տնօրեն Հերմինե Ավագյանի հետ` հասկանալու համար, թե արդյոք իրականում ինչ է տեղի ունեցել: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարող մեր հարցերին պատասխանել, քանի որ նա իրավունք չունի խոսելու, կարգն այսպիսին է, միայն կարող է խոսել , երբ Գայանե Սողոմոնյանն իրեն թույլ տա:
Սակայն,այս խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցեց նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ: Վերջինս մեր հարցմանն ի պատասխան ասաց. «Հարցին տեղեկացված եմ և այս պահին էլ դրա մեջ եմ: Ես հիմա դիմել եմ իրավաբանական վարչությանը, որտեղ կքննարկվի: Օրվա վերջ կամ վաղն առավոտյան հստակ կարող եմ Ձեզ պատասախան տալ, թե ինչ հիմքի վրա է գրված նկատողությունը»:
Իսկ այն հարցին, որ Հերմինե Ավագյանը վերևներում ունի բարձր հովանավոր: նա պատասխանեց, որ իրեն նման բամբասանքները չեն հետաքրքրում:
«Ինձ միայն հետաքրքրում է, որ աշխատող մարդն ազատվել է աշխատանքից: Այժմ մասնագետների հետ այդ հարցն է ուսումնասիրվում»,- նշեց նա:
Լիդա Եղիազարյան