Ինձ հաջողվել է ստանալ դուդուկի ուրիշ, նոր ձայներ. Ջիվան Գասպարյան կրտսեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջիվան Գասպարյան կրտսերը պատրաստվում է թողարկել նոր ձայնասկավառակ, որում ընդգրկված են ջազային, բլյուզային ռիթմերի ուղեկցությամբ եւ կենդանի նվագակցությամբ 9-10 գործեր: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը` դուդուկահարը:

Նա նաեւ նշեց, որ ծրագրում է առաջիկայում հանդիսատեսի դատին հանձնել 2 նոր տեսահոլովակ` մեկը նկարահանվել է Լոս Անջելեսում՝ «Գիշերային քաղաք» ստեղծագործության հիման վրա, իսկ մյուսի հիմքում «Օտար, ամայի ճամփեքի վրա» գործն է:

«Բոլորովին այլ նպատակներով այցելել էինք Կալիֆորնիա: Այնտեղ տեսանք անապատի պես մի տեղ, որտեղ նախկինում լիճ է եղել: Հանպատրաստից որոշեցինք, որ այդ չորացած եւ խորը ճաքերով աչքի ընկնող տեղանքում կարելի է համապատասխան թեմատիկայով տեսահոլովակ նկարահանել»,- մանրամասնեց Ջիվանը:

Խոսելով առաջիկա համագործակցություններից` դուդուկահարը պատմեց, որ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ելույթներից մեկի ընթացքում նվագակցելու է Սերժ Թանկյանին` նրա սիմֆոնիկ ստեղծագործության` ORCA-ի («Կետադելֆին») շրջանակում:

Մենք հետաքրքրվեցինք` դուդուկահարը, որը երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում, ծրագրում է առաջիկայում ապրել Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում. «Դրսում ապրելու մտադրություն չունեմ, այստեղ լավ է: Մարդ իրեն լավ է զգում ի՛ր երկրում»,- ասաց նա:

Իսկ հարցին, թե ե՞րբ ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյանները համերգով հանդես կգան Հայաստանում, դուդուկահարը պատասխանեց. «Մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում մեր գործունեությունը ավելի կակտիվանա: Այնպես որ, մյուս տարի անպայման կներկայանանք համերգով»:

Նաեւ հարցրինք` դուդուկը, լինելով Հայաստանի այցեքարտ-գործիքը, արդյոք պահանջարկ ունի՞ մեր երկրում. «Եթե խոսքը վերաբերում է ֆինանսականին, ապա դուդուկի միջոցով Հայաստանում հնարավոր է գումար աշխատել խնջույքների ժամանակ, բայց ես նման հավաքույթներում չեմ նվագում, ուրիշ ճանապարհ եմ ընտրել: Նախընտրում եմ դուդուկը ներկայացնել նորովի: Տարբեր կատարումներ լսելով` հիմնականում չեմ տարբերում այդ գործիքի տեմբրերը. բոլորը նույնատիպ ձայներ են: Իսկ ինձ հաջողվել է ստանալ դուդուկի ուրիշ, նոր ձայներ, պապիկս էլ է դա ասում»,- նշեց Ջիվանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս