ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնարավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում կշարունակվեն զարգանալ և ընդլայնվել:
«Մեզ համար շատ կարևոր է Ֆրանսիայի հետ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում, ֆրանսիական ներդրումներով տարբեր ծրագրերի իրականացումը և փորձի կիրառումը մեր երկրի ագրարային բնագավառում: Ֆրանսիան մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, իրականացվում են համատեղ ծրագրեր, կազմակերպվում խորհրդատվություններ: Հուսով ենք, որ այս ոլորտում ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները ոչ միայն կշարունակեն աստիճանաբար զարգանալ, այլև կունենան իրենց գործնական դրսևորումը տարբեր ճյուղերում», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Ընդգծելով, որ հայ-ֆրանսիական համատեղ ծրագրերը բարեհաջող են ընթանում` նախարարը միաժամանակ հնարավոր է համարել ընդլայնել համագործակցության շրջանակները և առաջիկայում համատեղ քայլեր ձեռնարկել, մասնավորապես, ինտենսիվ այգիների հիմնման, ջերմոցային տնտեսությունների ստեղծման, կոոպերացիայի զարգացման և այլ ուղղություններով: Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ այսօր անհրաժեշտ է զարգացնել ագրարային բնագավառի հատկապես այն ուղղությունները, որոնք թույլ կտան ավելացնել գյուղացիների և փոքր ու միջին ֆերմերների եկամուտները:
Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին վերահաստատել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը խորացնել ագրարային ոլորտում երկու երկրների միջև ձևավորված ակտիվ փոխգործակցությունը:
Դեսպանն առանձնակի կարևորել է նաև Ֆրանսիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը և ընդգծել դրանք շարունակելու մտադրությունը:
Տեղեկացնելով, որ դեկտեմբեր ամսին նախատեսվում է անցկացնել ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի հերթական նիստը, որի քննարկման թեմաների մեջ ներառված են նաև գյուղատնտեսությանն առնչվող հարցեր, դեսպանը հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին մասնակցել այդ միջոցառմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին