Քիչ առաջ ավարտվել են ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերը, որոնք վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության ծրագիրը և հնչել են բազմաթիվ հարցեր: Այս մասին նիստերի ավարտից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ծրագիրը բխում է ՀՀ նախագահի ծրագրային հիմնադրույթներից, փետրվարի 12-ի ծրագրային դրույթներից: Կարապետյանի կառավարության ծրագիրը պետք է ունենար ազդակներ, որը բխում էր Սարգսյանի ելույթից», – նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով` կառավարության ծրագրում շատ մեծ տեղ է հատկացվում ներքին և արտաքին անվտանգությանը: «Արտաքին քաղաքականության վերաբերյալ պետք է նշեմ, որ մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք բանակցությունների միջոցով հասնել Արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը: Շատ կոնկրետ է ամեն ինչ գրված և վեց ամսյա ծրագիր է: Տնտեսության հիմնախնդիրներն մեզ համար շատ կարևոր են: Անելու ենք հնարավորինս, որպեսզի ներդրումային ավելի լավ միջավայր ստեղծվի», – հավելեց նա:
Շարմազանովը հավելեց նաև, որ կարևոր է կրթության հարցը և ուշադրություն կդարձվի մարզային կրթական հաստատություններին: ՀՀԿ խոսնակը նշեց, որ կառավարության ծրագրում առկա է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն: