Այսօր բելգիացի կինոդերասան և մարտարվեստի վարպետ Ժան Կլոդ վան Դամի ծննդյան օրն է՝ հայտնի իր էքշըն ժանրի մարտաֆիլմերով, որոնցից առավել հաջողվածներն են «Արյունալի սպորտը» (1988 թ.), «Քիքբռնցքամարտիկը» (1989 թ.), «Կրկնակի հարվածը» (1991 թ.), «Ունիվերսալ զինվորը» (1992 թ.), «Դժվար թիրախը» (1993 թ.), «Ժամանակի ոստիկանը» (1994 թ.) և «ԺԿՎԴ»-ն (2008 թ.)։ Քանի որ վան Դամը ֆիզիկապես կոփված է և ծնունդով բելգիացի, նրան կոչում են «Բրյուսելյան մկաններ»։
Վան Դամը ծնվել է Սինթ-Ագաթա Բերքեմում, որն հանդիսանում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի համայնքներից մեկը՝ Յուջին և Էլիաննա Վան Վարենբերգների ընտանիքներում։ Հայրը մասնագիտությամբ հաշվապահ էր և ուներ ծաղկի խանութ։ Նա սկսեց մարտարվեստով զբաղվել տասը տարեկան հասակում, հայրը նրան ներգրավեց շոտոկան կարատեյի դպրոցում։ Վան Դամի մարտարվեստային ոճերն են՝ քիքբռնցքամարտ, շոտոկան, թայ բոքս և թեքվանդո։ Ի վերջո Վան Դամը վաստակեց սև գոտին կարատեով զբաղվելիս։
Նա սկսեց քաշեր բարձրացնել՝ մարմնի կազմվածքը լավացնելու համար։ Այդ եղավ պատճառը, որ նա ստացավ Միսթր Բելգիա բոդիբիլդինգային տիտղոսը։ 16 տարեկան հասակում նա սկսեց զբաղվել բալետով, որը շարունակեց մինչև 5 տարի։ Ըստ Վան Դամի.«Բալետը արվեստ է, սակայն ամենաբարդ սպորտի տեսակներից մեկն է, եթե կարողանաս գոյատևել բալետի մարմնամարզությունների ժամանակ, ապա կկարողանաս գոյատևել ցանկացած այլ սպորտաձևերի պարապմունքներում»։ Ֆրանսախոս աշխարհում Վան Դամն հայտնի է իր պատկերավոր աֆորիզմներով, որոնք նա օգտագործում է տարբեր թեմաների շրջանակներում (անձնական կեցություն, շրջակա միջավայր և այլն)։
Դրանցից ամենահայտնի ու ամենաշատ մեջբերվածն է նրա ՝ ֆրանսիական հեռուստատեսություններից մեկում տված հարցազրույցում անընդհատ անգլերեն aware (իրազեկ, տեղյակ) բառի օգտագործումը, որով նա գտնում է, որ իրազեկությունը հաջողության հասնելու բանալին է։