Հիմա Ադրբեջանն ավելի լուրջ պատճառներ ունի պատերազմ վերսկսելու, քան ապրիլին էր. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում բավականին ակտիվ կերպով շրջանառվում են Ադրբեջանկի կողմից ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսելու մասին լուրերը: Տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների կարծիքով արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը պատրաստավում է պատերազմի: Երեկ «Ազատության» եթերում այս մասին խոսել էր նաև  ԼՂ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Պատերազմի հնարավոր վերսկսման մասին ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանի հետ:

-Վերջին շրջանում անընդհատ խոսում են պատերազմի հնարավոր վերսկսման մասին, ըստ Ձեզ, այս փուլում արդյոք Ադրբեջանը կգնա ռազմական լայնամասշտաբ գործողությունների:

Ես անընդհատ նշում եմ, որ հիմա Ադրբեջանն ավելի լուրջ պատճառներ ունի պատերազմ վերսկսելու, քան ապրիլին էր: Ապրիլյան ձախողումից հետո քաղաքական մի շարք գործոններ, որոնք բանակցությունների սեղանին էին դրված և Ադրբեջանին  զսպում էին՝ չկան: Նրանք այլևս չեն կարող պատերազմ չվերսկսել և դա որպես փոխզիջում ներկայացնել, չի աշխատում իրենց այն թեզը, որ ցանակացած պահի որպես ռազմական ճանապարհով կարող են լուծել այս հարցը:

-Ադրբեջանական կողմը նշում էր, որ իրենց փակ դռների հետևում ստիպում են ընդունել ԼՂ-ի անկախությունը:

Ադրբեջանի իշխանությունները ստիպված են  իրենց ներքին լսարանին ասել, թե ինչին էին պետք մոտ հազար զոհերը, որոնք տվեցին ապիլի չորս օրերի ընթացքում և ինչ խնդիր հաջողվեց լուծել դրանով:

Բոլոր այս  գործոնները բացասական են ազդում Ալիևի իմիջի և նրա քստմնելի քաղաքականության վրա: Բաքվի իշխանությունները հայտնվել են փակուղային իրավիճակում և ամեն գնով կփորձեն շտկել իրավիճակը:

-Ռուսական լրատվամիջոցներից մեկին տված այսօրվա հարցազրույցում Ալիևը կրկին խոսել էր ԼՂ-ից և նշել, որ պատրաստ են փոխզիջումների:

Այս փուլում իմ նշածներին զուգահեռաբար ադրբեջանական կողմը կհնչեցնի նաև քաղաքական գնահատականներ: Ապրիլին ռազմատենչ ատամները կոտրվելուց հետո, հիմա Ալիևը փորձում է ինչ-որ կերպ վերականգնել կրած վնասները:

-Ապրիլյան դեպքերից հետո, ընդամեը մի քանի ամիս անց, Ձեր կարծիքով հայկական կողմը պատրա՞ստ է պատերազմելու:

Ես կարծում եմ՝ այո՛, պատրաստ ենք և դա այն պատերազմը չէ, որը կարող է բոլոր խնդիրներին լուծում տալ, սակայն, կարծում եմ, որ պատերազմի վերսկսման դեպքում մեր զինված ուժերը  վստահորեն կիրականցանեն իրենց վրա դրված պարտականությունները և արժանի հակահարված կհասցնեն թշնամուն:

Նշենք, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասին «Ժողովուրդ»-ը պարզաբանում էր խնդրել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից, ով նշել էր, որ միշտ պատրաստ են համապատասխան գործողությունների. «Մենք ամեն րոպե հետևում ենք հակառակորդի բոլոր քայլերին և միշտ պատրաստ ենք համապատասխան գործողությունների»:

Լիլիթ Շաբոյան

 




Լրահոս