ՌԴ-Ն ՃՆՇՈ՞ՒՄ Է ՄԵԶ. 5 ՇՐՋԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵ՞ՆՔ, ԹԵ՞ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երեք օրերին ԼՂՀ խնդրի շուրջ աղմկոտ հայտարարությունները հաջորդում են մեկը մյուսին: Նախ` երեք օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, թե ԼՂՀ խնդրի կարգավորումը այս պահին հնարավոր չէ, քանի որ կողմերը դրան պատրաստ չեն, ինչը ադրբեջանական կողմի զայրույթը առաջացրեց, քանի որ այդպիսով ակնհայտ է դառնում, որ բանակցային գործընթացը մի առ ժամանակ սառեցվում է: Երեկ էլ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ի ամբիոնից հայտարարեց. «Ադրբեջանի օկուպացված 5 շրջաններից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումն այժմ օրակարգում է: Ռուսաստանը կիսում է մեզ հետ այդ ջանքերը, եւ մենք մեր աջակցությունն ենք հայտնում: Մենք հակամարտության ցանկացած կարգավորման կողմնակիցն ենք, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին»,- ասաց Չավուշօղլուն: Այս տեսանկյունից ուշագրավ է Սերժ Սարգսյանի` ԱՄՆ այցելելու փաստը եւ, կարծես թե, Չավուշօղլուի հայտարարությունը ԱՄՆ-ում ներդրումներ փնտրող Ս. Սարգսյանին յուրօրինակ մեսսիջ էր:
Երեկ ողջ օրը ՀՀ ԱԳՆ-ն որեւէ կերպ չէր արձագանքում ՌԴ-ի կողմից մեր նկատմամբ բանեցվող ճնշումների մասին արված հայտարարությանը: «Ժողովուրդ»-ը բազմիցս հարցումներ արեց ԱԳՆ-ին: Եւ միայն օրվա վերջում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ընդհանրական ինչ-որ պատասխան տվեց. «Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձը եւս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից»:

 

 

Նյու-Յորքում կազմակերպված «Հայաստան ներդրումային համաժողով-2016»-ի հիմնական բանախոսներից մեկը ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Սարգսյանն էր: Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ նա վերջին երկու տարիներին Հայաստանի քաղաքական կյանքից «աքսորված» իշխանական գործիչներից էր: Եւ առաջիկայում պարզ կդառնա` արդյոք Տիգրան Սարգսյանը վերադառնում է Հայաստանի քաղաքական կյանք, թե համաժողովն ընդամենը «կարճատեւ վերադարձ» էր: Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը որպես ՀՀ վարչապետ պաշտոնավարեց 6 տարի, սակայն այդպես էլ չկարողացավ իր ցանկությամբ կառավարություն ձեւավորել: Չկարողացավ ազատվել երկու գագիկներից՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից եւ ՏԿ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից: Դե իսկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ընդունված է համարել այն անձը, որը Տիգրան Սարգսյանին Հայաստանի քաղաքական կյանքից «աքսորեց»: Մի խոսքով` բոլոր նախադրյալները կան, որպեսզի Տիգրան Սարգսյանը փորձի վերադառնալ, առավել եւս, որ նա ԱՄՆ-ից Հայաստան եկավ Սերժ Սարգսյանի հետ:

 

 
Վաղը Երեւանում կմեկնարկի ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստը, որտեղ նախագահող երկիրը Հայաստանն է: Ենթադրվում է, որ այդ նիստին մասնակցելու նպատակով Երեւան կժամանի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հենց այդ նիստի ընթացքում էլ պետք է տեղի ունենա ՀԱՊԿ նոր քարտուղարի նշանակումը, որը ռոտացիայով անցնում է Հայաստանին: «Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 5-ին գրել էր, որ այդ պաշտոնի համար Սերժ Սարգսյանը մտադիր է առաջարկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, հոկտեմբերի 3-ից անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Յուրի Խաչատուրովի թեկնածությունը: Ըստ ամենայնի` ՀԱՊԿ խորհրդի անդամները կհաստատեն Խաչատուրովի թեկնածությունը, քանի որ նա համարվում է պրոռուսական դիրքորոշում ունեցող զինվորական: Հիշեցնենք, որ խոսվում էր նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու հավանականության մասին:

 

 

 
Արտեմ Ասատրյանը 2012-ին երբ նշանակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, պաշտոնապես հայտարարագրել էր, որ ոչ մի անշարժ եւ շարժական գույք չունի: Նրա ունեցած-չունեցածը 2011 թվականի դրությամբ 3 մլն դրամ էր: Բայց նախարար դառնալուց հետո նրա ունեցած 3 մլն դրամը, թերեւս, «կախարդական փայտիկի» օգնությամբ դարձել է 30 մլն դրամ, եւ մինչ օրս այդ թիվը պահպանվում է այն դեպքում, երբ նախարար Ասատրյանը իբրեւ եկամուտ նշել է նախարարի իր աշխատավարձը, որը ամսական կազմում է ավելի քան 500 հազար դրամ: Նախարարի տիկինը՝ Մարինե Պետրոսյանը, եւս 3 մլն դրամ ունի, որը կուտակել է ստացած մոտ 167 հազար դրամ աշխատավարձով: Նշենք, որ նախարարի տիկնոջ հայրը՝ Լեւոն Պետրոսյանը, սոցապնախարարության աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետն է: Փեսան աներոջը «գործի է տեղավորել»: Ի՞նչ է սա, եթե ոչ հովանավորչության ու «պրիմիտիվ գողության» նման երեւույթ: Ու այսքանից հետո տարակուսելի է, թե ինչու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր` «մաքուրների» կառավարությունում տեղ տվեց Արտեմ Ասատրյանին: Նրա կողմից իրականացվող համակարգային մանիպուլացիաների մասին հրապարակումները` առաջիկայում:

 

 

 
ՄՐՍԵՑՆԵԼՈՎ
Երեկ հայտնի դարձավ, որ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը չեղարկել է իր այցը Երեւան՝ «առողջական խնդիրների պատճառով»: Նշենք, որ Նազարբաեւը պետք է պաշտոնական այցով նախ՝ հոկտեմբերի 12-ին ժամաներ Բաքու, ապա՝ արդեն այսօր՝ Երեւան: Գոնե նվազագույն դիվանագիտական էթիկան պահպանելու նպատակով՝ նա ստիպված եղավ չեղարկել նաեւ Բաքու այցը: Սակայն անխոս՝ Նազարբաեւի այս «դիվանագիտական մրսածությունը» շատ հստակ ակնարկ էր, որն այս գործիչը վերջին ամիսներին արդեն երկրորդ անգամ է անում՝ ի ցույց դնելով իր վերաբերմունքը Հայաստանի եւ նրա ղեկավարի հանդեպ:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրա պատերազմից մի քանի օր անց՝ ապրիլի 12-ին էլ հենց Նազարբաեւի պահանջով չեղարկվեց Երեւանում պլանավորված ՀԱՊԿ գագաթաժողովը, ինչի արդյունքում Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ ինքը մեկնել Մոսկվա, որտեղ էլ անցկացվեց այդ գագաթաժողովը: Հայաստանի վարչապետի այս քայլը դեռ այն ժամանակ արժանացավ բուռն քննադատության, սակայն մոսկովյան գագաթաժողովի ընթացքում հատուկ ասվեց, որ հաջորդ գագաթաժողովը լինելու է Երեւանում, եւ որ Նազարբաեւը առաջիկա ամիսներին պաշտոնական այցով կժամանի Երեւան: Սակայն փաստորեն՝ այդ ամենը պարզապես ձեւական բնույթ էր կրում եւ նպատակ ուներ մեղմել Հայաստանում առկա դժգոհությունը: Եւ հիմա, երբ արդեն որոշ ժամանակ է անցել, Նազարբաեւը վերահաստատեց, որ իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ որեւէ փոփոխություն չի կրել: Անսպասելի՞ էր սա հայկական կողմի համար, բնականաբար ո՛չ: Նույն Նազարբաեւը, հիշեցնենք, բավականին ագրեսիվ կերպով ընդդիմանում էր նաեւ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը: Ինչպես հիշում ենք` նա 2014 թ. հունիսին կայացած ԵՏՄ նախագահների գագաթաժողովում ընթերցելով Ադրբեջանի նախագահի նամակը՝ հայտարարեց, որ իր թանկագին բարեկամի՝ Իլհամի մտահոգությունները իր մտահոգություններն են: Եվ հանուն արդարության` հարկ է արժանին մատուցել Նազարբաեւին, որն իր արյունակից եղբայրների նկատմամբ նման անփոփոխ հավատարիմ վարքագիծ է դրսեւորում՝ անտեսելով բոլոր տեսակի պայմանագրային պարտավորությունները այդ «եղբայրների» հետ հակասություններ ունեցող երկրների հանդեպ: Իհարկե, Հայաստանը, ի վերջո, անդամակցեց ԵՏՄ-ին, ընդ որում՝ առանց ԼՂՀ հետ մաքսակետի տեղադրման, ինչի վրա այդքան պնդում էին թե՛ Ղազախստանը, թե՛ Բելառուսը: Սակայն դրանից Հայաստանը, մեղմ ասած, ոչինչ չշահեց: Եվ հիմա էլ, վստահաբար, շատ բան չի շահում` ՀԱՊԿ-ում ունենալով այնպիսի գործընկերներ, ինչպիսիք Ղազախստանն ու Բելառուսն են: Էլ չենք խոսում Ռուսաստանի՝ որպես դաշնակից հուսալիության մասին:
Անշուշտ, հասկանալի է, որ մեր աշխարհագրական դիրքը եւ քաղաքակրթական ընտրությունը «իսկական բարեկամների» մեծ ընտրանի չի առաջարկում: Խնդիրն այն է, թե մենք որքանով ենք կարողանում լեզու գտնել «ոչ բարեկամների» հետ՝ եթե ոչ նրանց մեր շահերին ծառայեցնելու, ապա առնվազն դրանց չխանգարելու առումով:




Լրահոս