«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ կարժանանա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդու՝ Վահե Հակոբյանի ճակատագրին, ով կարճատեւ պաշտոնավարումից հետո հեռացավ ակտիվ քաղաքականությունից, ասաց. «Ճիշտն ասած` ոչ մի տեսակի մտավախություն չունեմ. ես անում եմ այն, ինչ այս պահին ինձ հանձնարարված է: Թե ինչ կլինի վաղը, ոնց կլինի՝ ցույց կտա ժամանակը»:
Ինչպես հայտնի է` 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ արվեց, եւ մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը:
Գրել էինք, որ Վահե Հակոբյանը, 2014-ին նշանակվելով «Զանգեզուր ՊՄԿ» վարչական գծով տնօրեն, Մաքսիմ Հակոբյանին «գահընկեց արեց» եւ ներկայումս ամբողջությամբ տնօրինում է կոմբինատը: Ընդ որում` նա դա արեց Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի երիտթեւի անունից: Վահե Հակոբյանի կարիերան սկսվել է 1996-ին ՀՀ ԱԱԾ-ում, երբ այդ գերատեսչությունը ղեկավարել է Սերժ Սարգսյանը: Վերջինիս` ԱԱԾ ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո՝ 2000 թվականին, Վահե Հակոբյանը եւս աշխատանքից ազատվել է: Հետագայում նա մոտ տասը տարի աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ լինելով Սերժ Սարգսյանի «ներկայացուցիչը»: Թերեւս այդ գործը փայլուն կատարելու համար էլ նրան վստահվել է «Զանգեզուրի ՊՄԿ»-ն Մաքսիմ Հակոբյանից վերցնելու բարդ եւ պատասխանատու գործը, որը եւս նա ամբողջությամբ իրագործել է: Հիմա էլ, փաստորեն, նրան վստահվում է մի ամբողջ սահմանամերձ մարզի ղեկավարում:
«Ժողովուրդ»-ը նորանշանակ մարզպետի հետ զրուցեց իր նախորդի՝ Սուրիկ Խաչատրյանի հետ փոխհարաբերությունների եւ իր հետագա ճակատագրի մասին:
-Պարո՛ն Հակոբյան, տեսակետ կա, որ Դուք այն անձն եք, որն այս երեք տարիների ընթացքում Սյունիքի մարզում նվազեցրեց նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անձնական ազդեցությունը: Ի՞նչ կասեք:
-Գիտեք, ոչ մի կերպ նպատակ չեմ դրել Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը նվազեցնել: Միգուցե դա կախված է այն բարեգործական ծրագրերի շրջանակներից, որոնք իրականացրել ենք ես եւ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, քանի որ ես հանդիսանում եմ նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամ»-ի հոգեբարձուների խորհրդի նախագահը: Ենթադրում եմ, որ դա կապված է այդ ոլորտի հետ, բավականին շոշափելի գումարներ են բաժանվել երեք տարվա մեջ:
-Կոնկրետ ո՞ւմ են բաժանվել այդ գումարները, քաղաքացիների՞ն, թե՞ տարբեր կառույցների:
-Նաեւ քաղաքացիներին: Դա շատ լայն, մեծ ասպարեզ է ընդգրկում իր մեջ. դա եղել է ե՛ւ առողջապահությունը, ե՛ւ սպորտը, ե՛ւ կրթությունը:
-Խոսեցիք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի մասին: 2014 թվականին այնտեղ աղմկալի բացահայտում եղավ՝ դիզվառելիքի յուրացման գործով: Կմանրամասնե՞ք` ինչի մասին էր խոսքը:
-Իհարկե, դրա մասին բազմիցս խոսվել է: Դա համարում եմ մեր կարեւոր նվաճումներից մեկը, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի ղեկավարությունն ի սպառ վերացրեց վառելիքի արտահոսքը: Ինչքան տեղյակ եմ` արդեն կա կալանավորված եւ դատավճռին սպասող անձնավորություն:
-Ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ յուրացված դիզվառելիքը բաշխվել էր իրավապահների մեջ :
-Այդպիսի տեղեկություն չունեմ:
-Զարմանալի զուգադիպությամբ` Ձեր նշանակումից 5 օր անց աշխատանքից ազատվեց ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանը: Արդյոք չարաշահումների եւ Ձեր նշանակման հետ էր կապված նրա պաշտոնանկությունը:
-Ոչ մի զուգահեռ չեմ տեսնում. ենթադրում եմ, որ դա ոստիկանապետի որոշումն է: Ինչքան գիտեմ` իրենց մոտ կիրառվում է այդ պրակտիկան, եւ պարբերաբար տեղերով փոխում են, բայց կրկնում եմ` դա պարզապես իմ սուբյեկտիվ կարիծքն է:
-Տեսակետ կա, որ Դուք Ձեր կարիերայի համար պարտական եք Սերժ Սարգսյանին եւ համարվում եք նրա վստահելի կադրերից մեկը…
-Ոչ, իհարկե, ոչ:
-Այսինքն` Ձեր կարիերայի համար իրեն պարտական չե՞ք եւ իր վստահելի կադրերից չե՞ք:
-Ախր մի քիչ ես կա՛մ հարցը չեմ ընկալում.. կա՛մ հարցապնդումը: Ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանի վստահված մարդ: Այո՛, ես եղել եմ պետական աշխատող մինչեւ գրեթե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» անցնելը… կոնկրետ երկրի նախագահի հետ ես շփվել եմ արդեն լինելով կոմբինատի ադմինիստրատիվ տնօրեն: Այդտեղից է եղել մեր շփումը մի քանի անգամ` գործնական: Դա է եղել մեր շփումը:
-Ձեր եւ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները լարվա՞ծ են:
-Ոչ, բացարձակ, ոչ:
-2013 թվականին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ստիպված էր Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո հրաժարական ներկայացնել: Նրան փոխարինեց «Զանգեզուրի ՊՄԿ» գլխավոր տնօրենի որդին` Վահե Հակոբյանը, որը 1,5 տարի պաշտոնավարելուց հետո ազատվեց պաշտոնից եւ հեռացավ ակտիվ քաղաքականությունից: Արդյունքում, 2014-ի սեպտեմբերին Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց մարզպետի պաշտոնում: Մտավախություն չունե՞ք, որ Դուք եւս նման ճակատագրի կարժանանաք:
-Ճիշտն ասած՝ ոչ մի տեսակի մտավախություն չունեմ. ես անում եմ այն, ինչ այս պահին ինձ հանձնարարված է: Թե ինչ կլինի վաղը, ոնց կլինի` ցույց կտա ժամանակը:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԳԻՏԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Չնայած իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը Վանաձորի քաղաքապետի ընտրությունների նախօրեին հայտարարել էին համատեղ հանդես գալու մասին, անգամ հուշագիր էին ստորագրել, բայց պարզվեց, որ նրանց շարքերում կան այնպիսիք, որոնք սատարում են ՀՀԿ-ին: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում 19 քվե ստացավ Մամիկոն Ասլանյանը, 14 քվե` Քրիստ Մարուքյանը, եւ դա այն դեպքում, երբ «ընդդիմադիրները» ընդհանուր ունեին 18 մանդատ:
Չնայած միավորված երեք ընդդիմադիր ուժերը մեկը մյուսի հասցեին հնչեցրին մեղադրանքներ, հանդես եկան տարաբնույթ հայտարարություններով, այնուամենայնիվ՝ ընտրություններից հետո համբուրվեցին եւ միասին խնջույք կազմակերպեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբորը պատկանող ռեստորանում: Ըստ ամենայնի` հենց խնջույքի սեղանի շուրջ էլ «կնքվեց նրանց գործարքը». ընդդիմադիրները որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը: Սա ընդդիմադիրների համար ամենադյուրին գործիքն է, իսկ հանրապետականների համար՝ ամենացանկալի «դիմադրությունը»: «Ժողովուրդ»-ը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից փորձեց պարզել, թե ինչու են գնում այդ քայլին:
-Պարո՛ն Մարուքյան, Դուք հայտարարել եք, որ բոյկոտելու եք Վանաձորի ավագանու նիստերը, բայց չե՞ք կարծում, որ այդ կերպ ուղղակի նվեր կմատուցեք իշխանությանը, քանի որ, եթե մասնակցեք եւ անվստահություն հայտնեք նորանշանակ քաղաքապետին, տեղի կունենա նոր ընտրություն:
-Անվստահություն կարող ենք հայտնել մեկ տարի անց, հիմա օրենքով չկա նման հնարավորություն: Բոյկոտի արդյունքում առաջիկայում կպարզվեն թաքնված քվեարկողները, եւ կշարժվենք առաջ:
-Բայց չէ՞ որ Դուք 18 ավագանիներով գործող քաղաքապետին կարող եք թույլ չտալ աշխատել: Առջեւում կարեւորագույն հարցերի շուրջ քննարկումներ են ընթանալու, մասնավորապես, որոշվելու է բյուջեի հարցը:
-Եթե բոյկոտում են տասնութ ավագանիով, դա նշանակում է` ոչ մի բան չեն կարողանում անել:
-Բոյկոտելով ինչպե՞ս կարող եք պարզել, թե ովքեր են Ձեզ խաբողները:
-Այն մարդիկ, ովքեր համագործակցում են ՀՀԿ-ի հետ, ստիպված կլինեն բացեիբաց համագործակցել եւ բացահայտել իրենց:
-Մտավախություն չունե՞ք, որ մեկ-երկու ամիս հետո, իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, Ձեր «ընդդիմադիր գործընկերները» կարող են հայտարարել, որ իրենք որոշել են մասնակցել ավագանու նիստերին:
-Ամեն ինչ էլ կարող է լինել. սպասենք, տեսնենք: Ինչ ասեմ, մեր ռազմավարությունը դա է: Իմ կարծիքով` չեն կարող թաքնված մնալ, կբացահայտվեն: ՀՀԿ-ն իր մարդկանց կասի` եկեք խելոք քվեարկեք ու բացահայտվեք:
-ԲՀԿ-ն իր հերթին է ասում` մենք ունենք ապացույցներ, ՀՎԿ-ն իր հերթին է ասում, ոչ ոք չի խոստովանում, որ այդ ծպտյալները իրենց թիմակիցներն են:
-Դե, ես հիմա այդ հարցի հետաքննությամբ չեմ զբաղվում, դրա համար չեմ կարող այդ հարցին պատասխանել: Մենք էլ ենք ասել` չենք կասկածում մեր անդամների վրա եւ գիտենք, թե ով ոնց է քվեարկել: Հերթով ամեն ինչ իր տեղը կընկնի:
-Այսինքն` կա՞ն կոնկրետ մարդիկ, որոնց կասկածում եք:
-Ոչ թե կասկածներ ունեմ, այլ ես գիտեմ, ուղղակի ես չեմ բացահայտում, իրենք իրենց կբացահայտեն:
-Չբացահայտվելու դեպքում Դուք բացահայտող հայտարարությամբ հանդես կգա՞ք:
-Բանը չի հասնի նրան, որ ես հանդես գամ հայտարարությամբ. կբացահայտվեն, մի՛ անհանգստացեք:
Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՀԱՆՑԱԳՈՐԾ ԵՆ
ՀՀ ԱԺ-ում ՀՀ նախագահի արդեն նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը նախօրեին հայտարարեց, որ ՀՀ-ում պետական մակարդակով հանցագործություն է կատարվել. 2012-ին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին տեղեկանք է տրվել այն մասին, որ նա վերջին 5 տարում անընդմեջ բնակվել է Հայաստանում` այդպիսով նրան հնարավորություն տալով ԱԺ պատգամավոր առաջադրվել Վանաձորն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքում եւ հաղթել: Հիշեցնենք, որ 1995-ից սկսած` այդ ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվում Վիկտոր Դալլաքյանը: «Այս հանցագործությունը կատարվել է Սերժ Սարգսյանի հրահանգով: Հանցագործության բուրգին նստած են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Ազգային Անվտանգության ծառայության երկու ղեկավարները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը»,- հայտարարել էր նախկին պատգամավորը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ոստիկանությունից մեկնաբանություն ստանալ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Դալլաքյանի հայտարարության մասին ասաց. «Նախկինում պարզաբանվել է, ՀՔԾ-ում համանման հաղորդումով կատարվել են ստուգումներ»: Թե ինչ է ստուգվել, ինչ է պարզվել, այդպես էլ չասվեց: Նկատենք, որ ՀՀ ոստիկանապետի հասցեին ուղղակի հանցագործության մեղադրանք է հնչել:
ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է` շահումով խաղերով զբաղվող ընկերությունները բողոքում են իրենց գործունեության տարեկան տուրքի չափը 4,5 անգամ թանկացնելու դեմ: «Եվրոֆուտբոլ» ընկերության իրավաբանական գծով տնօրեն Մառլեն Սմբատյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել` կառավարության կողմից որեւէ արձագանք եղել է, թե՝ ոչ: «Ոչ, դեռ որեւէ արձագանք չկա»: Սակայն, միեւնույն ժամանակ նա ասաց, որ այսօր չեն պատրաստվում կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպել, կսպասեն:
ՄԻ՛ ԴԱՏԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵՍ
Սեպտեմբերի 13-ին գրել էինք, որ գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ն փորձում է դատական հայցերի միջոցով իր գումարները հավաքել: Պարզվում է` հակառակն էլ է լինում: «Տավրոս-66» ՍՊԸ-ն էլ այս տարվա հուլիսի 18-ին «Ֆլեշ» ընկերության դեմ է հայց ներկայացրել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս գործով ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ներգրավված է որպես երրորդ կողմ: «Տավրոս-66» ՍՊԸ-ն պահանջում «Ֆլեշ» ՍՊԸ-ին պարտավորեցնել վերականգնել իր խախտված իրավունքները: Այլ կերպ ասած` կողմերը անշարժ գույքի համար են պայքարում: