Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը շուտով կդառնա երկու տարեկան, եւ այժմ առանց կաշկանդվելու կարելի է գնահատել, թե այդ քայլը Հայաստանի համար ինչ նշանակություն է ունեցել:
Ինչպես հայտնի է` ԵՏՄ-ի անդամակցության հիմնական շարժառիթը եղել է անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ավելի քան 200 միլիոն բնակչությամբ շուկաներում ազատ մուտք ստանալը: Այլ կերպ ասած` ենթադրվում էր, որ Հայաստանի արդյունաբերությունը պետք է սկսեր զարգանալ, քանի որ նրանց արտադրանքի իրացման հսկայական շուկա էր բացվում: Կրկնում ենք` ԵՏՄ-ի անդամակցության քարոզչությամբ էր այդպես ներկայացվում: Իսկ իրականում իրադարձությունները լրիվ հակառակ ուղղությամբ զարգացան՝ 2015-ի առաջին կեսին Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Բելառուս արտահանման ծավալները կտրուկ նվազեցին` հասնելով զրոյականի: Անցած տարվա երկրորդ կեսին արտահանումները սկսեցին վերականգնվել: Այս տարվա սկզբից դեպի ԵՏՄ անդամ երկրներ արտահանումը վերսկսվեց:
Այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում ԵՏՄ անդամ պետությունների ապրանքաշրջանառության վիճակագրական տվյալներից տեղեկանում ենք, որ Հայաստանից արտահանումների ծավալները կազմում են 205 միլիոն 400 հազար դոլար: ԵՏՄ անդամ պետություններն ընդհանուր արտահանել են 22 միլիարդ 311 միլիոն 700 հազար դոլարի ապրանք, որտեղ Հայաստանի մասնաբաժինն ընդամենը 0,9 տոկոս է կազմում: Ի դեպ, անցած տարվա յոթ ամիսներին Հայատանից դեպի ԵՏՄ անդամ երկրներ արտահանումը կազմել է 121 միլիոն դոլար: Այսինքն` այն դիտարկումը, որ անցած տարվա առաջին կիսամյակում դեպի ԵՏՄ անդամ երկրներ Հայաստանից շատ քիչ ապրանք է արտահանվել, հաստատվում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ: Ի դեպ, վերը նշված 205 միլիոն 400 հազար դոլարի 196 միլիոն 600 հազարը Հայաստանից արտահանվել է Ռուսաստան: Անցած տարի այդ ցուցանիշը եղել է 114 միլիոն 400 հազար դոլար: Այլ կերպ ասած` Հայաստանից արտահանումների ծավալներն աճել են հատկապես դեպի Ռուսաստան արտահանման ծավալների աճի հաշվին:
Երրորդ երկրների հետ ԵՏՄ անդամ երկրների արտաքին առեւտուրը ընդհանուր կազմել է 270 միլիարդ 542 միլիոն 800 հազար դոլար, որից 227 միլիարդ 31 միլիոն 800 հազար դոլարը բաժին է հասնում Ռուսաստանին: Ի դեպ, արտաքին առեւտրաշրջանառության տարբերությունը՝ արտահանման եւ ներմուծման ծավալների համեմատությունը, ԵՏՄ անդամ երկրներից բացասական է միայն Հայաստանի եւ Ղրղզստանի դեպքում: Մասնավորապես, մեր երկրի արտաքին առեւտրի բացասական սալդոն 385 միլիոն 800 հազար դոլար է: Այլ կերպ ասած` մենք նշված գումարի չափով ավելի շատ ապրանք ենք ներմուծել, քան արտահանել ենք: Փոխարենը Ռուսաստանի դեպքում առեւտրաշրջանառության դրական տարբերությունը կազմել է 51 միլիարդ 492 միլիոն 800 հազար դոլար: Այսինքն` այս տարվա յոթ ամիսների արդյունքներով Ռուսաստանը վերը նշված գումարի չափով հարստացել է: Մասնավորապես, Ռուսաստանը մեր հանրապետության հետ առեւտրաշրջանառության արդյունքում «շահել» է 229 միլիոն 900 հազար դոլար:
Իսկ եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, ապա արդյոք իրավիճակն այլ կլիներ: Հաշվի առնելով, որ մեր ապրանքաշրջանառությունը հիմնականում բաժին է հասնում հենց Ռուսաստանին, ապա միանշանակ կարող ենք ասել, որ ԵՏՄ-ի անդամակցությունն այս դեպքում ձեւական բնույթ է կրել, որովհետեւ բոլոր խնդիրները հնարավոր կլիներ երկկողմ պայմանագրերով կարգավորել: Ավելին, դրանց մի զգալի մասը վաղուց կարգավորված էր:
Այսինքն` իրականությունն այն է, որ ԵՏՄ պայմանագիրը տնտեսական տեսանկյունից ոչինչ չփոխեց:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ՏԱՐԱՆ
Հոկտեմբերի 5-ին` երեկոյան, «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Երեկ հայտնի դարձավ, որ Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118 «ծեծ» հոդվածի հատկանիշներ: Այս մեղադրանքը ազատազրկում չի նախատեսում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ծեծի ենթարկված հոգեւորականն ասաց, որ դեպքից հետո իրեն պարբերաբար հարցաքննության են հրավիրվել, սակայն կրկին հիվանդանոց տեղափոխվելու հետեւանքով երկու օր է` իր մասնակցությամբ քննչական գործողություններ չեն կատարվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Լոռու մարզի ոստիկանությունում տեղի ունեցած կադրային փոփոխությունները եւս այդ գործի հետ են կապված: Բանն այն է, որ մարզի ոստիկանապետից բացի` օրեր առաջ աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովն ու նշանակվել Գուգարքի բաժնի պետ: Իսկ Գուգարքի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանն էլ նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ:
Հիշեցնենք, որ Էրիկ Շարմազանովը, որը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է, նույն Արկադի Փելեշյանի քավորն է: Իսկ վերը նշված միջադեպը տեղի էր ունեցել հենց Տարոնի բաժնի իրավասության տարածքում: Ենթադրվում է, որ Էրիկ Շարմազանովը Գուգարքում կմնա այնքան ժամանակ, մինչեւ որ Արկադի Փելեշյանի ծեծի հետ կապված իրավական գործընթացը կավարտվի:
«ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊԻՆ» ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
Մինչ Հատուկ քննչական ծառայությունում քննում են ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` «Պանամայի օֆշորային» գործարքների հետ կապված քրեական գործը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տուգանում է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականին մարտի 10-ին «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի անունով ժամանակավոր ներմուծում մաքսային ընթացակարգով Հայաստան է ներմուծվել 1012 ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշ: Սակայն ներմուծված ակցիզային դրոշմանիշերից 192 հատը արտահանվել է, իսկ մյուս հատվածը սահմանված ժամկետում չի արտահանվել: Արդյունքում, նշված խախտման համար ընկերության տնօրեն Գագիկ Բադալյանը տուգանվել է 50 հազար դրամի չափով:
ՕԳՆԱԿԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ վարչապետի օգնական Արամ Վարդեւանյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի «Suzuki Grand Vitra 2.0» մակնիշի ավտոմեքենա, 10 հազար դոլար եւ 3.8 մլն դրամ դրամական միջոց: Եւ որպես այս տարվա 9 ամիսներին ստացած եկամուտ` նա հայտարարգրել է 10 հազար դոլարի նվիրատվությունը եւ ավելի քան 4 մլն դրամ աշխատավարձը: Նախկինում Արամ Վարդեւանյանը աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ՀՀ Սահմանադրական դատարանում:
ԿՀԱՄԱՏԵՂԻ
Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է Լատվիայում եւ Էստոնիայում Հայաստանի դեսպան (նստավայրը` Վիլնյուս):
ԱԶԱՏԵՑ
Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վիկտոր Դալլաքյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Դալլաքյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականի սեպտեմբերից։ Հիշեցնենք, որ նախօրեին հրավիրած ասուլիսում Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցությունից դուրս գալու եւ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:
ԻՆՉՊԵՍ ԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ
«Մի քանի հազար քաղաքացիների բաց նամակները, խորհրդարանի իմ մի քանի տասնյակ գործընկեր պատգամավորների արձագանքը, ժողովրդի շահի պաշտպանության շարունակության պահանջվածությունն ունեցան չափազանց էական ազդեցություն պատգամավորական մանդատս վայր դնելու որոշման վրա: Վերջին շրջանում իմ նկատմամբ կիրառվող այդ բոլոր մեթոդների հեղինակները թող իմանան, որ ժողովրդանպաստ ելույթները, օրենսդրական նախաձեռնությունները, քվեարկություններն ու ամենօրյա աշխատանքը խորհրդարանում շարունակելու եմ»,- երեկ հայտարարել է Տիգրան Ուրիխանյանը, ով օրեր առաջ հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշման մասին: Հիշեցնենք, որ «Ժողովուրդը» դեռ այն ժամանակ էր կանխատեսել, որ Ուրիխանյանի այդ քայլի նպատակն ամենեւին մանդատից հրաժարվելը չէր:
ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ
Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտեւի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:
ԿՑՐՏԻ
Հայաստանի տարածքում առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ այսօր Հայաստանի Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է թույլ անձրեւ, հոկտեմբերի 14-ին, 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 15-ին, 16-ի գիշերվա առաջին կեսին, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում: Երեւանում հոկտեմբերի 13-14-ը, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:
ԿՆՇԱՆԱԿՎԻ
«Ժողովուրդի» տեղեկություններով` Մասիս Բաղդասարյանը կնշանակվի ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար: Այսօր` կառավարության հերթական նիստում, պաշտոնապես կհաստատվի այս տեղեկությունը: