«ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎԱՏ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԵՆ». ԿԳ ՆԱԽԱՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, անդրադառնալով բուհը ապակուսակցականացնելու անհրաժեշտությանը, ասաց. «Մենք հիմա օրենքի նախագծով դրեցինք, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդների անդամները իրավունք չունեն լինել բարձրաստիճան պաշտոնյաներ եւ մարզպետներ, այդ նախագիծը դրված է»:

-Պարո՛ն Մկրտչյան, հոկտեմբերի 12-ին հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ ավելի քան 100 երիտասարդներ անդամակցել են Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է բուհը քաղաքականությունից հեռու պահելու անհրաժեշտության մասին: Հետաքրքրվե՞լ եք՝ իշխող Հանրապետական կուսակցությանը անդամակցած երիտասարդները ո՞ր բուհի ուսանողներ են, եւ, առհասարակ, ինչպե՞ս եք պայքարելու այս արատավոր երեւույթի դեմ, քանի որ առջեւում 2017թ. խորհրդարանական ընտրություններն են:
-Երկու բան պետք է զանազանենք: Երիտասարդ մարդը կարող է, եւ կարծում եմ, պետք է լինի քաղաքականության մեջ, դա իր մարդկային իրավունքն է ընտրել քաղաքական կողմնորոշում: Խնդիրը բուհերինն է, բուհերում քաղաքական գործունեությունը արգելվում է:
-Բայց բուհի ռեկտորը, ուսանողը, խորհուրդի անդամները կուսակցական պատկանելություն ունեն: Սա բավարար չէ՞:
-Որեւէ երկրում, եթե կա կուսակցություն, երիտասարդ անձնավորությունը, որը գաղափարական ուղղվածություն ունի, պետք է լինի ուսանող: Այսինքն՝ աշխարհում այդպիսի փորձ չկա, որ պահանջես ուսանողից, որպեսզի ինքը քաղաքական կողմնորոշվածություն չունենա: Խնդիրը ուրիշ տեղ է, մենք բարձրագույն կրթության օրենքով ենք դա փորձում ապահովել, որ պետք է բուհը իր էության մեջ լինի ապակուսակցական: Այսինքն՝ այդտեղ իրավունք չունեն գործել կուսակցության բջիջներ, ծավալվի կուսակցության քարոզչություն, այս խնդիրները մենք պետք է պահպանենք:
-Օրինակ՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ՀՀԿ խորհրդի անդամ է, բուհի ուսանողներից շատերն էլ հանրապետական, ինչպե՞ս եք ԵՊՀ-ն ապակուսակցականացնելու:
-Մենք հիմա օրենքի նախագծով դրեցինք, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդների անդամները իրավունք չունեն լինել բարձրաստիճան պաշտոնյաներ եւ մարզպետներ, այդ նախագիծը դրված է: Ինքը՝ խորհուրդը, որ դառնա ապակուսակցական եւ ուղղություն տվող, խորհուրդը կերաշխավորի իմ ասած սկզբունքների պահպանումը: Եվ այդտեղ յուրաքանչյուր համալսարան ինքը պետք է որոշի իր ռեկտորից ինչ պահանջներ է ունենում: Ռեկտորը կարող է լինել կուսակցության անդամ… հիմա ես կուսակցության անդամ եմ, բայց իմ պարտականությունները կատարելիս առաջնորդվում եմ հանրապետության կրթական համակարգի հիմնախնդիրներով` ունենալով գաղափարախոսական մտածելակերպ, նույն բանը կարող է անել ռեկտորը:
-Բայց, Ըստ Ձեզ, կանի՞, եւ, առհասարակ, ի՞նչ չափորոշիչներ եք կիրառելու՝ հասկանալու համար՝ արեց, թե ոչ:
-Պարտավոր է անել: Համաձայն եմ, որ այդ ուղղությամբ պետք է հստակեցնենք եւ բարձրագույն կրթության օրենքը, դրանից հետո եկող բարքերը կարող են այդ ուղղությամբ չափանիշներ ու չափորոշիչներ դնել:
-Օրինակ՝ ո՞ր չափորոշիչը կարող է զսպել, որ ռեկտորը, լինելով կուսակցության անդամ, բուհը չկուսակցականացնի:
-Օրինակ՝ հստակ պետք է սահամանազատվեն գործառույթները: Այսինքն՝ կուսակցական որեւէ քարոզչություն բուհի ներսում չպետք է ներկայացվի: Ուսխորհուրդները մեծ դերակատարություն ունեն, մամուլը պետք է մուտք ունենա համալսարան, ուսանողները պետք է կարողանան համախմբվել իրենց սոցիալական, գիտական կրթական խնդիրների շուրջ: Օրինակ՝ հանրակացարանային պրոբլեմներ, սոցիալական հիմնախնդիրներ, վարձավճարներ, սրանք այն ծավալներն են, որոնց շուրջ կարող են տարբեր կուսակցությունների անդամ ուսանողներ հավաքվել, բայց չպետք է դա գնա կուսակցական քարոզչության: Սա բոլոր երկրներում առկա պրոբլեմ է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բացառենք կրթական համակարգի օգտագործումը ընտրություններին: Դուք խոսում եք ուսանողներից, բայց հիմա բարոյական վատ վիճակի մեջ են մեր ուսուցիչներն ու դպրոցական կոլեկտիվները, որոնք ընտրությունից ընտրություն ենթարկվում են հզոր ճնշման ամենատարբեր կուսակցությունների կողմից: Ուղղակի ուզում ես մեկ-մեկ ասել՝ հանգիստ թողե՛ք մեր կրթական համակարգը, ինքը թող իր խնդիրներով զբաղվի, քանի որ այնքան շատ են մեր խնդիրները: Այս իմաստով մենք անելիքներ ունենք:
-Հրապարակել էինք, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը որոշել է պատժել իր այն կուսակիցներին, որոնք լավ չեն «աշխատել»: Աղվորիկի նախկին գյուղապետ Նար Ղարիբջանյանն ու դպրոցի տնօրեն Արմեն Սոլոյանը դաշնակցականներ են: Սակայն նրանց հայրենի գյուղում իրենց կուսակիցը զրո ձայն է ստացել: Արդյունքում, մարզպետը Արմեն Սոլոյանին ասել է, որ նա դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում պետք է գրի: Ի՞նչ եք արել կոնկրետ այս ուղղությամբ եւ ինչպե՞ս եք պայքարելու նման դրսեւորման դեմ:
-Ծանոթ չեմ դրան, բայց որ մեր կուսակցությունը ձախողեց Գյումրիի ընտրությունները, վկայությունն է այն բանի, որ մարզպետը չի օգտագործել իր լծակները, որոնք օգտագործվում են, դա դրական է:
-Ըստ էության, ցանկացել է լծակները կիրառել, բայց ցանկալի արդյունքի չի հասել, հիմա էլ դպրոցի տնօրենին ասում է՝ դիմում գրի:
-Չգիտեմ այդ դեպքը, կփորձեմ անպայման իմանալ:

 

 

 
ՔԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՁԵՌՔԸ ԲՌՆԵՑ ՆԱԽԱՐԱՐԸ

2016 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ, երբ Էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նորանշանակ վարչապետին էր ներկայացրել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Նանման» ընկերությանը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու եւ ոլորտին առնչվող խնդիրների հետ կապված հարցը, վարչապետի եւ նախկին նախարարի միջեւ առաջացել էր տարաձայնություն:

Արդյունքում, նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանին ասել էր. «Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրանք իրանց ապահով զգան, որ որեւէ մեկն իրենց չխոչընդոտի»: Այս ամենից կարճ ժամանակ անց էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, եւ նախարար նշանակվեց Սուրեն Կարայանը:
«Ժողովուրդ»-ը նորանշանակ նախարարի հետ զրուցել է գործարարների մտահոգությունների մասին:
-Պարո՛ն Կարայան, կասեք, թե քանի գործարարի ձեռք եք բռնել եւ բոլոր կառույցներով գնացել:
-Այս կարճ ժամանակահատվածում արդեն մոտ 7-10 գործարարների հետ հանդիպում ենք ունեցել, բազմաթիվ խնդիրներ արդեն իսկ կարգավորել ենք:
-Կոնկրետ ո՞ւմ:
-Ինքս չէի ցանկանա նշել:
-Ինչո՞ւ:
-Ինձ թվում է՝ արդեն իսկ մոտ ժամանակներս պարզ կլինի, չեմ սիրում…:
-Վարչապետ Կարեն Կարապետյանը կոնկրետ ասել էր. «Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրանք իրանց ապահով զգան, որ որեւէ մեկն իրենց չխոչընդոտի»: Դուք այդպես էլ արե՞լ եք, թե՞…
-Այո՛, այս ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ գործարարների հետ, միությունների հետ, վեր ենք հանել իրենց խնդիրները: Այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ լուծումներ տրամադրվել են, եւ արդեն իսկ արդյունքներ կան:
-Չեք ցանկանում նշել՝ որ գործարարների հետ եք հանդիպել, գոնե կասե՞ք՝ ինչից էին դժգոհում գործարարները:
-Խնդիրները բազմաթիվ էին, այնպես չէ, որ բոլոր գործարարների մոտ մեկ խնդիր է, տարբեր ոլորտների հետ կապված տարբեր խնդիրներ կան: Արտահանող ընկերությունների մոտ հիմնականում խնդիրները կապված են դեպի Եվրասիական տնտեսական միության շուկաներ ներթափանցելու հետ, որոնք շատ արագ կարգավորվեցին: Նաեւ տեղական արտադրողների հետ կապված կար խնդիր, որպեսզի որոշակի օրենսդրական աջակցություն ցուցաբերեն, որպեսզի բիզնես միջավայրը իրենց համար ավելի բարենպաստ լինի:
-Հարկային նոր օրենսգիրքը շատ գործարարների բնորոշմամբ դիվերսիա է: Ձեզ այն չի մտահոգո՞ւմ, գործարարները չեն բողոքել նոր օրենսգրքից:
-Ոչ թե բողոքներ կային, այլ առաջարկներ էին, որոնք քննարկել ենք: Այսքանը:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 
ԿՐԿԻՆ ՄԻՋԱԴԵՊ ՌԱԶՄԱԲԱԶԱՅՈՒՄ
Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ` նյութեր են ստացվել ռազմաբազայի 24-ամյա պայմանագրային զինծառայող Ալեքսանդր Ռուցկոյին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ: Նախնական տվյալներով՝ Ա. Ռուցկոյը նախորդ գիշերը մասնակցել է խնջույքի իր ծառայակից ընկերների հետ, որի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում էլ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ: «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գյումրիում շրջանառվում են լուրեր, թե կատարվածը վրեժխնդրության հետեւանք է: Գյումրեցիները չեն բացառում, որ զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունից հետո ինչ-որ մեկն այդկերպ որոշած լինի վրեժխնդիր լինել: Նկատենք նաեւ, որ ռուսական ռազմաբազայում վերջին շրջանում հաճախ են նմանատիպ դեպքեր տեղի ունենում:

 

 

ԳՈՐԾԸ ՄՏԵԼ Է ՓԱԿՈՒՂԻ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա հուլիսի 11-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում սպանվել էին հայ ընտանիքի 4 անդամներ: Սպանվածները Քաչոտյանների ընտանիքի անդամներն էին՝ ընտանիքի 37-ամյա մայրը, 16 եւ 18-ամյա դուստրերը ու 5-ամյա որդին: Սպանության հենց նույն օրը ձերբակալվել էր զոհերի՝ 24-ամյա համագյուղացին՝ Նոդար Ակոպովը, որը սեպտեմբերի 5-ին ինքնասպանություն էր գործել Գլդանիի բանտում: Վերջինս, մինչ ինքնասպան լինելը, գրել էր, որ հանցագործության դրդապատճառը եղել է գումար գողանալը, եւ որ ինքը մենակ է եղել: Երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Ակոպովի ինքնասպանությունից հետո գործը փակուղի է մտել, եւ չի բացառվում, որ առաջիկայում գործի քննությունը կկասեցվի:

 

 

«ՔԵՖ» ԵՆ ԱՐԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին ՀՀԿ-ն Գյումրիում եւ Վանաձորում իր համակիրների հետ նշել է իր «հաղթանակը»: Ավելին` Վանաձորում ՀՀԿ-ականների թիվն այնքան մեծ է եղել, որ չի բավականացրել մեկ ռեստորանը, երկու օբյեկտում են խնջույք կազմակերպել: Նշենք, որ Վանաձորում ՀՀԿ-ականները միմյանց հետ զրուցելիս չեն թաքցրել, որ իրականում պարտվել են, իսկ քաղաքապետի պաշտոնը կարողացել են պահպանել ավանդական խարդախության միջոցով:

 

 

ԾԻԳ-Ը ԿԼՈՒԾԱՐՎԻ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը «Սպորտի եւ երիտասարդական ԾԻԳ» ՊՈԱԿ-ի լուծարման առաջարկությունն ուղարկել է ՀՀ կառավարություն: ԾԻԳ-ի տնօրեն Միլիտոս Դավթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ տեղեկացրել են, որ ԾԻԳ-ի լուծարման առաջարկությունը ուղարկվել է ՀՀ կառավարություն: Այս պահին 21 աշխատողների ճակատագիրը մնում է անհայտ»:




Լրահոս