Այս տարվա հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնության դեպքերով տեւական ժամանակ է` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննությամբ ձեռք բերված նոր հանգամանքներ չի հայտնում: Նախաքննական գաղտնիության ապահովման եզրույթը կարգախոս դարձնելով` վարույթն իրականացնող մարմինը շարունակում է «համեստորեն» լռել եւ թաքցնել պարբերաբար բարձրացվող հարցի պատասխանը` ի վերջո, դեպքերի ակտիվ մասնակիցներ եւ հրահրողներ «խոշոր ձկներն» ի՞նչ քննչական գործողությունների են մասնակցել:
Նախ հիշեցնենք, որ մինչ այս պահը հրապարակված պաշտոնական հաղորդագրություններում չեն նշվել այն անձանց անունները, որոնք երեւում են օրվա տեսանյութերում եւ համարվում են գործընթացի ակտիվ նախաձեռնողները: «Ժողովուրդ»-ը բազմիցս բարձրաձայնել է խնդրի մասին` մտահոգություն հայտնելով, որ նշված անձինք այդպես էլ չեն հայտնվի «ուռկանում»: Ինչպես հայտնի է` խոսքը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանի (Նասկի), քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբոր՝ Դավիթ Հախանումյանի, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի քրոջ որդու, Տիգրան Մելոյանի եւ մյուս՝ թիկնապահ հիշեցնող կերպարների մասին է:
Ոստիկանապետի անտեսված
հանձնարարությունը
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օգոստոսի 3-ին հանձնարարել էր հուլիս 29-30-ին Սարի թաղում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություններ սկսել՝ ինչպես ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու եւ նրանց տեխնիկական միջոցները վնասելու դեպքերով: Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին էլ հանձնարարել էր հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները եւ բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ:
Ոստիկանապետի հանձնարարությունը, պարզվում է, անտեսվել եւ մոռացության է մատնվել: Համենայնդեպս, ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը ազատ շրջում է քաղաքում, խնջույքների եւ միջոցառումների է մասնակցում: Ավաղ, հայրենի իրավապահները չեն կարողանում գտնել թիկնազորի պետին:
ՀՔԾ-ն թաքցնո՞ւմ է
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պարզել` քննչական ինչ գործողություններ են կատարվել հայտնի տեսանյութում երեւացող անձանց` Արշակ Հակոբյանի, Գագիկ Զոհրաբյանի, Դավիթ Հախանումյանի, Տիգրան Մելոյանի եւ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի քրոջ որդու մասնակցությամբ, նրանք ի՞նչ կարգավիճակ ունեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց ներկայությունն ու ագրեսիվ մասնակցությունը փաստող տեսանյութ կա, ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը կարճ պատասխան ձեւակերպեց. «Քրեական գործով իրականացվում են քննչական եւ դատավարական լայնածավալ գործողություններ, որոնց մասին մանրամասները քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն»: Հարկ ենք համարում նկատել, որ անմեղության կանխավարկածը պահպանելով` ՀՔԾ պաշտոնական հաղորդագրություններում հուլիսյան դեպքերով հարուցված քրեական գործերում ներգրավված մեղադրյալների անունների միայն սկզբնատառերն էին հրապարակվում: Եվ նախաքննության ավարտից հետո միայն ամբողջական անունները: Բայց թվարկված անունները ոչ մի կերպ չկան:
Ովքեր բացահայտվեցին
Հուլիսյան դեպքերը լուսաբանող լրագրողների մասնագիտական պարտականությունները կատարելուն խոչընդոտող քաղաքացիական հագուստով որոշ անձանց մասով արդեն իսկ դատաքննության փուլում գտնվող գործեր կան: «Ժողովուրդ»-ը ի մի է բերել մինչ այս պահը հրապարակված «ագրեսորների» տվյալները:
Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ` հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացիներ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված խուլիգանություն եւ խոչընդոտել օպերատոր Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Հիշյալ անձինք հարձակվել են Գալստյանի վրա, պահանջել, որ վերջինս չտեսանկարահանի իրենց, իսկ Վ. Մխիթարյանը օպերատորի ձեռքից խլել է «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը, որից հետո օպերատորին գցել են գետնին եւ սկսել ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել նրան:
Այսպիսով՝ Ս. Կարապետյանին, Վ. Մխիթարյանին, Դ. Սարգսյանին ու Կ. Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 164-րդ հոդվածի 1-ին մասով:
Ապա այս քրեական գործից մաս է անջատվել: Խմբով խուլիգանություն կատարած ու լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած 4 անձանց վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: Ի դեպ, մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Իսկ հոկտեմբերի 5-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ քաղաքացի Տիգրան Ահարոնյանը նույն օրը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը, ինչը հիմնավորվել է նախաքննությամբ: Նույն հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի հատուկ քննչական ծառայության հաղորդագրության` հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետեւանքով ենթադրաբար տուժել է 99 քաղաքացի, որոնցից 23-ը՝ լրագրող: Նրանցից 63-ը ճանաչվել է տուժող, իսկ 11 անձ հարցաքննվել է որպես վկա: Հարցաքննվել են նաեւ զանգվածային տարբեր լրատվամիջոցների 23 լրագրողներից 21-ը: Նրանցից 19-ը ճանաչվել է տուժող, 2-ը հարցաքննվել է որպես վկա, իսկ 2-ը հրաժարվել են ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:
Եվ այսպես՝ դեպքից անցել է արդեն մոտ երկու ամիս, սակայն բացահայտված է համարվում դեպքերից միայն մեկը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՈՐՏԵ՞Ղ Է ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԸ
ՀՀ ԱԱԾ պրոֆեսիոնալիզմի մասին խոսակցություններն արդեն լեգենդի են վերածվում, եւ շոուների «մեծ վարպետ» այս կառույցը, կարելի է ասել, կամաց-կամաց կորցնում է սովետական Խթը-ի ահասարսուռ իմիջը: Ասվածի վառ ապացույցը «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ մեղադրվող Գարեգին Չուգասզյանի` մոտ չորս ամիս հետախուզման մեջ գտնվելն է: Հանրության մոտ տրամանաբանական հարց է առաջանում` ինչպես է ԱԱԾ-ն կարողացել վայրկյանների ճշտությամբ վնասազերծել մի ողջ «զինված հանցախումբ», իսկ «Ֆեյսբուք»-ի ակտիվ օգտատեր Գարեգին Չուգասզյանին հայրենի իրավապահ կառույցները չեն կարողանում գտնել: Նկատենք, որ ՀՀ ոստիկանությունը եւս «ուղտի ականջում քնած է»: Նրանք ակտիվորեն կարողանում են ցանկացած ֆեյսբուքյան օգտատիրոջ գտնել, բերման ենթարկել, եթե համարձակվել է ոստիկանության պետի կամ նրա շրջապատի մասին մի ոչ հաճելի նախադասություն գրել: Սակայն Չուքասզյանը չկա ու չկա: Արդյո՞ք նա ազատության մեջ է հարկավոր իրավապահներին:
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը չի կարծում, որ իրավապահներին Չուգասզյանն ազատության մեջ է պետք: «Ժողովուրդ»-ի զրուցակիցն իր համոզմունքը բացատրում է այն հանգամանքով, որ հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկաններն ակտիվորեն փնտրել են ՀԽ նախագահին, անգամ ինչ-որ տներում խուզարկություն են անցկացրել. «Իրավապահների գործողություններին գնահատական չեմ տա, որովհետեւ նրանց քայլերի մասին ասելիք չունեմ: Մոտ երկու ամիս առաջ իրավապահները շատ ակտիվ գործողություններ էին անում, եւ առնվազն մեկ-երկու տուն էին ներխուժել իրենց մեթոդներով` կարծելով, թե պարոն Չուգասզյանը գտնվում է այնտեղ: Բնականաբար, չէին գտել նրան, սխալ հասցեով էին գնացել: Գուցե հիմա էլ են փնտրում: Դրանից բացի` կալանքի որոշում կա, ու դա նշանակում է, որ իրավապահները ցանկանում են նրան անազատության մեջ գցել»:
Ինչ վերաբերում է մամուլում տարածված լուրերին, թե Չուգասզյանը սպիտակ մեքենայով շրջել է Երեւանով, Ալեք Ենիգոմշյանը կտրականապես հերքում է. «Տեղեկությունը սխալ է հենց միայն այն պատճառով, որ պարոն Չուգասզյանը մեքենա չի վարում եւ երբեք էլ չի վարել: Միայն այս փաստը բավական է»,- եզրափակեց Ենիգոմշյանը:
Ինչպես հայտնի է` «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրվանից` հուլիսի 17-ից օրեր անց` հուլիսի 25-ին, պարզ դարձավ, որ Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Պարզվում է՝ Գարեգին Չուգասզյանի եւ մի քանի այլ անձանց մասնակցությամբ նախորդ տարվա ապրիլի 24-ից առաջ տեղի ունեցած դեպքերի մասով քննչական գործողություններ իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր, սակայն Չուգասզյանը չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին: Թե ինչու էին հենց այդ ժամանակ հիշել մեկ տարվա վաղեմության դեպքերը, դժվար չէ կռահել, սակայն մինչ այժմ նրան «չեն կարողանում գտնել»:
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԸՆԿՐԿԵՑԻՆ
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ միջնորդելով ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի՝ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին 40 օր ժամկետով կալանավորելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը: ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Վրեժ Խաչիկյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանի ընդունած որոշումը կմնա անփոփոխ. «Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը, իմ առարկությունն ընդունեց եւ անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը Միրոնովին ազատ արձակելու վերաբերյալ»: Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, ով 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից: