ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մանկապարտեզներում սահմանված վարձավճարների չափերը տարբեր են: Վանաձորի ավագանու որոշմամբ՝ մանկապարտեզներում ծնողական վարձավճարը տատանվում է 3000-6000 դրամի սահմաններում: Եւ սա այն դեպքում, երբ իրար հարեւանությամբ գործող երկու մանկապարտեզներում ամսական վարձավճարի տարբերությունը մեկ երեխայի հաշվով կազմում է 500-ից 3000 դրամ: Նույն տարբերությամբ էլ գնվում է նաեւ սնունդը:
Նշենք, որ Վանաձորում 2015-2016 թվականների ընթացքում գործել է թվով 20 մանկապարտեզ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Վանաձորի թվով 11 մանկապարտեզներում առկա է փոխտնօրենի հաստիք, ինչը հակասում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի «ՀՀ պետական եւ համայնքային ԲՈՒՀ-երի օրինակելի հաստիքացուցակի, խմբերի խտության եւ նորմատիվները» հաստատելու մասին 2007 թվականի հունվարի 26-ի թիվ 29-Ն հրամանին: Ըստ այդմ, մանկապարտեզների հաստիքացուցակում տեղ չի գտել փոխտնօրենի հաստիքը: Ստացվում է, որ Վանաձորի քաղաքապետարանը թվով 11 մանկապարտեզների մեկ ավել հաստիքի աշխատավարձ է վճարում: Հիշեցնենք, որ վերջերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Վանաձորի քաղաքապետարանը տեւական ժամանակ չի վճարում մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը, ինչը քաղաքապետարանը պատճառաբանել էր ֆինանսական միջոցների բացակայությամբ: Մինչդեռ եթե թվով 11 մանկապարտեզի փոխտնօրենի հաստիքները հանվեն, ինչը բխում է ԿԳ նախարարի՝ 2007 թվականի հրամանից, ապա բավականին գումար կտնտեսվի:
Բացի այս, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վանաձորյան մանկապարտեզները եւ 2015 թվականի եւ 2016 թվականի համար հացի եւ բուլկու գնումները իրականացրել են կենտրոնացված կարգով՝ Վանաձոր քաղաքային համայնքի կողմից: Ընդ որում, նույն սննդամթերքը եւ գյուղմթերքը միեւնույն մատակարարի կողմից տարբեր մանկապարտեզների մատակարարվել է էականորեն տարբեր գներով:
Օրինակ՝ անցած տարի «Արամ սերվիս» ՍՊԸ-ի կողմից մատակարարվել է տավարի միս, որը թիվ 2, 15, 32, 35 մանկապարտեզներին մատակարարվել է 1կգ-ը 3 հազար դրամով, թիվ 19 մանկապարտեզին՝ 3100 դրամով, թիվ 24 մանկապարտեզին՝ 3150 դրամով, իսկ 41-ին՝ 3.200 դրամով: Անցած տարի «Արամ սերվիս» ՍՊԸ-ի կողմից մատակարարվել է հավի կրծքամիս, որը թիվ 2 մանկապարտեզին մատակարարվել է 1կգ.-ը 2.600 դրամով, թիվ 24 եւ թիվ 41 մանկապարտեզներին՝ 2.500 դրամով, իսկ թիվ 15,19, 32, 35 մանկապարտեզներին՝ 2.100 հազ. դրամով: Բացի այս, նույն ժամանակահատվածում «Արամ սերվիս» ՍՊԸ-ի կողմից թիվ 35 մանկապարտեզին մատակարարվել է ձու՝ 1 հատը 75 դրամով, թիվ 2, 15, 19, 32, մանկապարտեզներին՝ 85, թիվ 24-ին՝ 80, իսկ 41-ին՝ 90 դրամով:
Վանաձորի մանկապարտեզների կողմից կնքված սննդամթերքի մատակարարման պայմանագրերի համաձայն՝ անցած տարի փաստացի վճարված գումարը կազմել է ավելի քան 141 մլն դրամ, որից «Սպարապետ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերով՝ ավելի քան 55 մլն դրամ, «Արամ սերվիս» ՍՊԸ-ի հետ՝ 38 մլն 300 հազար դրամ, «Կրամա ալյանս» ՍՊԸ-ի հետ՝ 738 հազար դրամ, Մխիթար Սիմոնյան Ա/Ձ-ի հետ՝ ավելի քան 22 մլն դրամ, Արմինե Աբովյան Ա/Ձ-ի հետ՝ 4 մլն դրամ, ֆիզիկական անձ Սուրեն Գրիգորյանի հետ՝ մոտ 15 մլն 800 հազար դրամ, ֆիզիկական անձ Ամասյա Դոխոլյանի հետ՝ 3,6 մլն դրամ, ֆիզիկական անձ Արեն Վիրաբյանի հետ՝ 1մլն 158 հազար դրամ:
Իսկ, ահա, այս տարվա մարտի 1-ի դրությամբ փաստացի վճարված գումարը կազմել է մոտ 13 մլն դրամ, որից «Սպարապետ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերով՝ 2,9 մլն դրամ, «Արամ սերվիս» ՍՊԸ-ի հետ՝ 3 մլն դրամ, «Նալբանդյան եղբայրներ» ՍՊԸ-ի հետ՝ 509 հազար 700 դրամ, Մխիթար Սիմոնյան Ա/Ձ-ի հետ՝ մոտ 1 մլն 900 դրամ, Արմինե Աբովյան Ա/Ձ-ի հետ՝ 386 հազար դրամ, ֆիզիկական անձ Սուրեն Գրիգորյանի հետ՝ 4,2 մլն դրամ:
Սակայն ինչպես անցած, այնպես էլ այս տարի Վանաձորի մանկապարտեզների տնօրենները չեն տնտեսել պետական միջոցները եւ նույն մատակարարից սննդամթերքը ձեռք են բերել տարբեր գներով: Մինչդեռ մրցույթների մասնակիցների գնային առաջարկների նկատմամբ միասնականություն ցուցաբերելու դեպքում կարող էին տնտեսել պետական միջոցները:
Ահա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ասած «պրիմիտիվ գողության» եւս մեկ օրինակ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՍԱԿԱԳՆԵՐԻ ԻՋԵՑՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԻ ՀԱՄԱՐ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, երեկ՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի գների իջեցումը կվերաբերի սոցիալապես անապահով խմբերում հաշվառված մոտ 131 հազար ընտանիքների: Թե որքանով կնվազեն գները, նախարարը դեռեւս դժվարացավ նշել: «Առաջիկա մեկ ամսում մենք կունենանք կոնկրետացված մոտեցումներ»,- ասաց Ա. Ասատրյանը:
Անդրադառնալով «Բնակարան՝ առանց կանխավճարի» ծրագրին՝ նախարարը նշեց, որ դրա շուրջ քննարկումները եւս շարունակվում են: Նա չհամաձայնեց, որ ծրագրի հաստատումը ձգձգվում է, որպեսզի ընտրություններից առաջ այն մատուցվի հանրությանը եւ նախընտրական դիվիդենտներ բերի:
«Ես բացարձակ այդ կարծիքին չեմ, որ ձգձգումներ կան, դա աշխատանքային պրոցես է: Բազմաթիվ գերատեսչություններ եւ նախարարություններ են ընդգրկված այդ ծրագրերում»,- նշեց Ա. Ասատրյանը:
ՆՈՐ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ
Երեկ կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարականներ տվեց կրթության եւ գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, իսկ Երեւանի քաղաքապետին առաջարկեց 7-օրյա ժամկետում ներկայացնել տեղեկություններ դպրոցներում ազգակցական կապերի եւ շահերի բախման երեւույթների բացառման ուղղությամբ:
Սոցիալական ոլորտի հետ կապված Կ. Կարապետյանը նշեց, որ, հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները, ծառայությունները պետք է դարձնել ավելի մատչելի: Նա հանձնարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին առաջարկություն ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմելու հնարավորության մասին, նաեւ որպեսզի քաղաքացիները կարողանան նպաստ եւ կենսաթոշակ ստանալու համար դիմում ներկայացնել ցանկացած բաժին՝ անկախ գրանցման վայրից:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին վարչապետը հանձնարարեց 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական, հասարակական կազմակերպություններին պարգեւատրումների համար պետբյուջեից ծախսումների արդյունավետությունը, հիմնավորվածությունը եւ կրճատել անարդյունավետ ծախսերը, այդ խնայված միջոցներն ուղղել սպորտային միջոցառումների կազմակերպմանը: Ըստ Կ. Կարապետյանի` պետք է ամեն օր քայլ կատարել այդ ուղղությամբ, նաեւ նախարարը պետք է ներկայացնի ազգային, հանրապետական ծրագիր, որ դա ամենօրյա ոճ դառնա:
«Բոլոր գերատեսչությունների ղեկավարներին առաջարկում եմ մաքսիմալ բաց եւ թափանցիկ աշխատել մամուլի հետ, որ հասարակությունը տեղյակ լինի, թե ինչ ենք անում, ուր ենք գնում»,- հավելեց վարչապետը: