«ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի հիմնադրած «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան, որը 30 տարի շարունակ եղել է մայրաքաղաքի ու մարզերի երեխաների անփոխարինելի ընկերն ու բարեկամը, արդեն մեկ տարուց ավել է` փակել է իր դռները հանդիսատեսի առջեւ: Բանն այն է, որ թատրոնը, որը տեղակայված է Դերենիկ Դեմիրճյանի հուշատան նկուղում (որն էլ իր հերթին պատկանում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին), համալիր վերանորոգման կարիք ունի. մշակութային փոքրիկ օջախի կենցաղային վիճակն աղետալի է:

Երվանդ Մանարյանի որդին` երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանը, ով այժմ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, «Ժողովուրդ»-ին պատմեց, որ նախորդ տարի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն իրեն խոստացել է, որ երբ Դ. Դեմիրճյանի հուշատունը վերանորոգեն, կվերանորոգեն նաեւ թատրոնի տարածքը. «Բայց հետո պարզվեց, որ նախարարությունը, ինչպես միշտ, գումար չունի դրա համար (թեեւ Դ. Դեմիրճյանի հուշատունը հիմա վերանորոգվում է): Միակ լուծումը տարածքը սեփականաշնորհելն է, անհատ ներդրողներ գտնելն ու վերջիններիս օգնությամբ թատրոնը վերանորոգելը»:
Ք. Մանարյանի խոսքով` ինքը դիմում է գրել վարչապետ Կ. Կարապետյանին` խնդրելով ընդունել իրեն եւ հորը: Աշխատակազմից տեղեկացրել են, որ այս շրջանում վարչապետն ընդունելություններ չունի, միգուցե հաջորդ ամսվա ընթացքում դիմումին ընթացք տրվի: Թատրոնի տարածքը սեփականաշնորհելու վերաբերյալ դիմումով Ք. Մանարյանը դիմել է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն եւ ՀՀ մշակույթի նախարարություն. «Իմ դիմումին տված նրանց եզրակացությունները փաստացի բացասական են: Պատասխանում նույնիսկ «մեծահոգաբար» նշում են, որ տվյալ տարածքում թատրոնը միառժամանակ կարող է շարունակել իր գործունեությունը: Երեւի մենք էլ պետք է խոնարհվենք ու շնորհակալություն հայտնենք այդ առթիվ… Սա ոչ միայն անբավարար, այլեւ անլուրջ պատասխան է: Ստացվում է, որ մշակույթի նախարարությունը հնարավորություն չունի վերանորոգելու տարածքը, բայց ոչ էլ թույլատրվում է, որ մենք սեփականաշնորհենք այն եւ թատրոնը վերանորոգելու համար ինքներս տարբերակներ գտնենք: Հիմա եթե նախարարությունը չի վերանորոգելու, բա ո՞վ է զբաղվելու այդ գործով: Ես անհատ մեկին գտնեմ, որ գա նախարարությանը պատկանող տարածք վերանորոգի՞. դա, ախր, աբսուրդ է: Իրենք իրենց գործը չեն անում, բայց թույլ էլ չեն տալիս, որ մենք անենք: Հիմա եթե նույնիսկ մշակույթի նախարարությունից առաջարկեն վերոնորոգել թատրոնը, ես կհարաժարվեմ, որովհետեւ Երվանդ Մանարյանին չէր կարելի նման պատասխան տալ: Այսուհետ բոլոր խոսակցությունները ծավալվելու են միայն տարածքի սեփականաշնորհման շուրջ»,-մեկնաբանեց Ք. Մանարյանը:
Նրա խոսքով` թատրոնը, որը առաջիններից է մեկնել Արցախ` հյուրախաղերի, ակտիվորեն մասնակցել է թատերական փառատոների, իր սուղ պայմաններով հանդերձ բավական էժան տոմսեր է առաջարկել մանուկներին, մասնակցություն է ունեցել մի շարք բարեգործական ներկայացումների, պատերազմական մութ ու ցուրտ տարիներին շարունակել է իր դռները բաց պահել հանդիսատեսի առջեւ, արժանի չէ նման վերաբերմունքի:
«Գոնե հարգելով Երվանդ Մանարյանի վաստակը` կարելի էր, որ պետական պաշտոնյաներից որեւէ մեկը մոտենար նրան, հարցներ` ինչով կարող է օգնել թատրոնին: Այս տարիների ընթացքում ոչ մի անգամ նման բան չի եղել: Ոչինչ, թող չօգնեն, բայց, գոնե, չխանգարեն մեզ: Այնուամենայնիվ, հույս ունենք, որ այս խնդիրը լուծում կգտնի, իսկ մինչ այդ թող մարդիկ իմանան, որ Երվանդ Մանարյանին, փաստորեն, տարածք չի հասնում, այն էլ` այդպիսի նեղ, խոնավ ու մութ տարածք»,-եզրափակեց դերասանի որդին:

 

 

 
ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԻ ԵՎ ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ

Ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանը շուտով երկրպագուներին նոր անակնկալ կմատուցի: Նա կներկայացնի տեսահոլովակ` Նունե Եսայանի հետ դուետի հիման վրա: Ժողովրդական ժանրին մոտ «Իմ աննման յար» երգի հեղինակը Անուշ Ալեքսանյանն է:

«Դեռ մանկուց շատ սիրելով եւ բարձր գնահատելով Նունե Եսայանի երգարվեստը` առաջարկեցի նրան համագործակցել, վերջինս էլ սիրով համաձայնեց»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Սեւակը:
«Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթողին հարցրինք` արդյոք իրեն էլի կտեսնենք երաժշտական նախագծերի շրջանակում. «Նման առաջարկներ բազմիցս ստացել եմ, բայց մերժել եմ: Կարծում եմ` մրցույթներին մասնակցելու փուլն արդեն անցել եմ»,-մեկնաբանեց Սեւակը: Նա տեղեկացրեց, որ վերջերս համերգով հանդես է եկել Ռուսաստանում` Սոչիում, իսկ նոյեմբերին էլ փոքրիկ մենահամերգ ունի Մեծ Բրիտանիայում` Լոնդոնում:
Մենք հետաքրքրվեցինք` հնարավոր է, որ Սեւակը իր ուժերը երբեւէ փորձի նաեւ փոփ ժանրում. «Չէ, այդ ուղղությամբ չեմ մտածում: Գուցե լինեն ինչ-որ համագործակցություններ. ընդամենը այդքանը: Իհարկե, ժողովրդական երգը Հայաստանում նույնքան պահանջված չէ, որքան փոփը, բայց հույս ունեմ, որ իրավիճակը դեռ կբարելավվի: Պետք է ամեն ինչ անել, որ ժողովրդական երգը դառնա առաջնային»,-շեշտեց Սեւակը:
Մենք անդրադարձանք նաեւ ավագ եւ կրտսեր սերունդների երկխոսության կարեւորությանը. «Դա ծնում է որակ եւ բարձր ճաշակ: Վերջերս, օրինակ, հանդիպեցի Ռուբեն Մաթեւոսյանի հետ, զրուցեցինք, փոխանակվեցինք տեսակետներով: Թերեւս, ամենակարեւոր խորհուրդը, որ ստացել եմ ավագ սերնդի ներկայացուցիչներից, վերաբերում է չմեծամտանալուն: Կարծում եմ` ամեն մարդ պետք է գլուխը կախ իր գործն անի եւ եթե այդ աշխատանքը սիրով կատարի, այսպես թե այնպես, կգնահատվի մեծամասնության կողմից»,-եզրափակեց երգիչը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության եւ «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» եւ «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջեւ 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ 2016 թվականի երրորդ եռամսյակում իրականացվել են բեմի տախտակամածի փոխարինման, ինչպես նաեւ դահլիճի հատակի հղկման աշխատանքներ, դահլիճում տեղադրվել են հանդիսատեսի համար նախատեսված նոր աթոռներ: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից։
Այսպիսով, ամբողջովին ավարտվել են բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները: 2016-ի օգոստոսի 25-ին կնքվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն: Դահլիճը պատրաստ է շահագործման:

 

 

ՄՐՑԱՆԱԿԸ` ԲՈԲ ԴԻԼԱՆԻՆ
2016 թվականին գրականության ոլորտում նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի երաժիշտ եւ հեղինակ-կատարող Բոբ Դիլանին: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը: Մրցանակը տրվել է «ամերիկյան երգի ավանդույթի շրջանակներում նոր պոետիկ արտահայտչականության ստեղծման համար»:
Նշենք, որ գրականության մրցանակը դարձել է այս տարի հանձնվող Նոբելյան վերջին մրցանակը, որի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը ստացել էր բելառուս գրող Սվետլանա Ալեքսիեւիչը:
 

ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ՞
Երգչուհի Սելենա Գոմեսը, ով օգոստոսի վերջին հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես լքում է բեմը, իր հոգեկան վիճակի հետ կապված մտավախություն ունի: People-ի փոխանցմամբ` Գոմեսը նույնիսկ դիմել է համապատասխան մասնագետի: Հիշեցնենք, որ ավելի վաղ գայլախտի ախտորոշումից եւ քիմիաթերապիայի կուրս ընդունելուց հետո երգչուհին սկսել էր դժգոհել ընկճախտից եւ խուճապի նոպաներից: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ այժմ նոպաները սկսել են կրկնվել, եւ երգչուհին անորոշ ժամանակով վերադարձել է կլինիկա։ Հաղորդվում է նաեւ, որ Գոմեսի վիճակը պայմանավորված չէ թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցությամբ, քանի որ երգչուհին առողջ ապրելակերպ է վարում:




Լրահոս