«ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԽՈՍԵԼ ՌԴ ԱՆՈՒՆԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Մեվլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց. «Մինսկի խումբը եւ մասնավորապես Ռուսաստանը ցանկանում են Հայաստանի զինված ուժերի դուրս բերում Ադրբեջանի օկուպացված հինգ շրջաններից»: ԵԽԽՎ նիստում Թուրքիայի արտգործնախարարը, փաստորեն, փորձեց միջազգային հանրությանը համոզել, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը Ղարաբաղի հարցում համակարծիք են: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի եւ հնարավոր զարգացումների շուրջ «Ժողովուրդը» զրուցել է ռուս քաղաքագետների հետ:

Ալեքսանդր Կրիլով, քաղաքագետ
-Պարո՛ն Կրիլով, վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում վերստին լարվածություն է նկատվում, առկա աշխարհաքաղաքական իրավիճակում ինչպիսի՞ն եք տեսնում ղարաբաղյան հակամարտության լուծումը:
-Հիմա շատ բարդ ժամանակաշրջան է, որովհետեւ Ադրբեջանում հանրաքվե է տեղի ունեցել: Ադրբեջանի իշխանությունների հանձնարարականներն այս առումով կատարված են: Մինչ այդ դա զսպող հանգամանք էր հանդիսանում Ադրբեջանի գործողությունների համար: Հայաստանում իրավիճակն այլ է, քանի որ խորհրդարանական ընտրություններ են սպասվում, ներքաղաքական դաշտում կարող են սրացումներ լինել, եւ այս իրավիճակում Ադրբեջանը երկու ճանապարհ ունի՝ խաղալ այդ սրացման վրա եւ այդ ամենով Հայաստանում էլ ավելի սրել իրավիճակը, կամ երկրորդը` հաշվարկելով, որ Հայաստանում ներքաղաքական առումով կարող է անկայունություն լինել, սպասել: Հենց այդ ամենից էլ կախված կլինի Ղարաբաղյան կոնֆլիկտի հետագա հարցը. այն կգնա սրացման ճանապարհով, թե այն դադարը, որն այժմ կա, կպահպանվի:
-Օրեր առաջ ԵԽԽՎ-ում ելույթ ունենալիս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ «Մինսկի խումբը եւ մասնավորապես Ռուսաստանը ցանկանում են Հայաստանի զինված ուժերի դուրս բերում Ադրբեջանի օկուպացված հինգ շրջաններից»: Ռուսաստանն իսկապես դա՞ է ցանկանում:
-Թուրքիայի ԱԳ նախարարը խոսում է Ռուսաստանի դիրքորոշման մասին, եւ արդեն դա մեծ կասկած է հարուցում: Թուրքիան չի մտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ, եւ, ամենայն հավանակությամբ, դա քարոզչական հնարք է, որը գործադրվել է հստակ նպատակներով, այն է` բացասական ազդեցություն ունենալ հայ հասարակության վրա, եւ որքան հնարավոր է խորացնել այն անհամաձայնությունները, որոնք կարող են լինել Հայաստանի, Ռուսաստանի եւ Մինսկի խմբի միջեւ: Այստեղ միանգամայն բնական է, որ այն, որ այսպիսի խոսքեր արտաբերում է Թուրքիայի ներկայացուցիչը, այլ ոչ թե այն երկրների ներկայացուցիչները, որոնց անունից նա հանդես է գալիս, նոնսենս է: Այդ պատճառով նա կարող է ինչ-որ բաներ ասել, սակայն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտել չի կարող:
-Այդ դեպքում ի՞նչ է ցանկանում Ռուսաստանը:
-Ռուսաստանը ցանկանում է այն, ինչ ցանկանում է ողջ Մինսկի խումբը: Առաջին հերթին, որպեսզի այստեղ պատերազմ չլինի, քանի որ դա ոչ ոքի պետք չէ, հատկապես ներքին խաղացողներին, եւ երկրորդ՝ որպեսզի հարցը լուծվի զիջումների, երկկողմանի բանակցությունների ճանապարհով: Մինսկի խումբն այստեղ միջնորդ է հանդիսանում եւ չի կարող որոշումներ թելադրել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին: Այստեղ Մինսկի խմբին ուղղված այն կշտամբանքները, թե վերջինս չի ճնշում այս կամ այն կողմին, տեղին չեն, քանի որ դա միջնորդների գործը չէ: Երկու կողմերն էլ հույս ունեն, թե Մինսկի խումբը կհասնի կա՛մ Հայաստանի, կա՛մ Ադրբեջանի կապիտուլյացիային, սակայն նրանք աշխատում են փոխզիջումներ գտնելու ուղղությամբ, իսկ դա իսկապես բարդ է: Սակայն, եթե չփնտրես հարցի լուծման ճանապարհներ, ապա լարված իրավիճակը կարող է դեռ երկար շարունակվել:

Դմիտրի Ռադիշեվսկի, քաղաքագետ
-Պարո՛ն Ռադիշեվսկի, վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրացում է նկատվում: Ըստ Ձեզ՝ լարվածության մեծացման այս նոր միտումն ինչ դրդապատճառներ ունի:
-Սա պատմական շատ խորը արմատներով կոնֆլիկտ է: Ես հիմա հանդես չեմ գա որպես պատմաբան կամ քաղաքագետ, այլ կներկայացնեմ մի քանի ներդրողների տեսակետը: Նրանք ասում են, որ ներդրումները սիրում են անվտանգություն: Ներդրողներին խանգարում է Ղարաբաղում տիրող իրավիճակը, քանի որ այն շարունակում է պայթյունավտանգ մնալ: Այն կարելի է պահել սառեցված եւ այդպես չվանել նաեւ ներդրողներին: Երբ տեղի են ունենում սրացումներ, ինչպես եղան ապրիլին, դա վախեցնում է ցանկացած ներդրողի, քանի որ նրանք մտածում են` եթե պատերազմ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչ կլինի:
-Այսինքն` ապրիլյան պատերազմից հետո պետք է ակնկալել ներդրումների էլ ավելի նվազո՞ւմ:
-Դա, իհարկե, վախեցրել է ներդրողներին, սակայն քաղաքական գործընթացները շարունակվում են, կողմերը հասկանում են, որ իրավիճակի սրացումը ձեռնտու չէ ոչ ոքի, ներդրողներն էլ արդեն կամաց-կամաց վերադառնում են: Հայաստանի հետ լուրջ նախագծեր են քննարկվում, եւ արդեն Ղարաբաղի հարցով անհանգստությունը երկրորդ պլան է մղվում, ամեն ինչ հանդարտվում է: Ներդրողները հույս ունեն, որ Ղարաբաղի շուրջ իրավիճակը կվերադառնա սառեցված վիճակին: Երկրորդ հարցը, որն անհանգստացնում է ներդրողներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններն են, որովհետեւ փակ սահմանները եւս անհանգստացնող են: Ներդրողները հասկանում են հայկական կողմի պատմական ճշմարտության հասնելու ձգտումը: Սակայն Ղարաբաղի հարցից ավելի՝ բոլորին հետ է պահում բյուրոկրատիան, հարկերը, տուրքերը, որոնք կան բոլոր երկրներում: Արեւմուտքի ներդրողների համար դեռեւս հարմարավետ չէ ԵՏՄ-ի երկրներում բիզնես գործունեություն ծավալելը հենց այդ շատ բարձր հարկերի եւ տուրքերի պատճառով: Այստեղ գնդակը գտնվում է հայ քաղաքական գործիչների դաշտում, ոչ թե տնտեսագետների:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 
ՀՈՎՍԵՓ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո ՀՅԴ-ն չկարողացավ հաղթահարել սահմանված վեց տոկոսանոց շեմը: Ըստ այդմ, ՀՅԴ-ն Գյումրու ավագանու կազմում չի ունենա որեւէ ներկայացուցիչ, չնայած նրան, որ Շիրակի մարզի վերահսկողությունը ՀՅԴ-ի ձեռքում է. այստեղ մարզպետը ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանն է:

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում գրանցած խայտառակ արդյունքը ՀՅԴ-ին ստիպել է կուսակցության ներսում համակարգային փոփոխությունների մասին մտածել: Օրակարգում է նաեւ Շիրակի մարզպետի փոփոխության հարցը: Մասնավորապես Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո դժգոհություն ունեն ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից: «Այո՛, դժգոհություն կա այն իմաստով, որ մարզպետն այն պաշտոնյան է, որը պետք է կարողանա համապատասխան հեղինակություն ավելացնել մեր ունեցածի վրա, եւ այդ առումով հարցեր կան, որոնց լուծման համար մարզպետն իր հեղինակությամբ ճիգ պետք է գործադրեր եւ դրանով բարձրացներ մեր հեղինակությունը»,- ասել էր Արմեն Ռուստամյանը: Խմբակցության ղեկավարը նշել էր, որ թեեւ մարզպետի պաշտոնն իրենք չեն դիտել որպես ընտրական լծակ, քանի որ դա հակաօրինական է, այնուամենայնիվ, յուրաքանչյուր պաշտոնյա ավելացնում կամ պակասեցնում է այն կուսակցության վարկանիշը, որը ներկայացնում է:
«Ժողովուրդ»-ը եղած դժգոհությունների եւ իր հետագա պաշտոնավարման հարցի մասին հետաքրքրվեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից:
-Պարո՛ն Սիմոնյան, լուրեր են շրջանառվում, որ ՏԻՄ ընտրություններից հետո քննարկվում է Ձեր հրաժարականի հարցը, որովհետեւ ՀՅԴ-ն ցանկալի արդյունք չգրանցեց:
-Նման բան չկա:
-Քննարկումներ չե՞ն եղել:
-Չկա այդպիսի բան:
-Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանն էլ նշել են, որ Ձեզ հետ կապված կան դժգոհություններ:
-Ով ինչ ասել է, իրենցից հարցրեք, ես ասում եմ՝ նման բան չկա: Ամեն ինչ նորմալ է, խնդիրներ չկան:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն Շիրակի մարզպետի նոր թեկնածու է որոնում, սակայն հարմար անձնավորության դեռ չի կարողանում գտնել:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՀՈՐ ԴԻՄՈՒՄԸ
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ին ՊԲ N զորամասում զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի հայրը` Ալիկ Ղանդիլյանը, դիմում է ներկայացրել ԼՂՀ դատախազություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ա. Ղանդիլյանն ասաց, որ դիմումում տեղեկացրել է դեպքից առաջ որդու հետ տեղի ունեցածի մասին. «Գրել եմ, որ որդուս իրերը գողացել են, մի քանի անգամ միջադեպեր են տեղի ունեցել: Մի քանի այլ հանգամանքեր եւս պետք է նշեմ առաջիկայում: Հուսով եմ` կկցեն քննությանը եւ կպարզեն, թե ինչն է իրականում եղել որդուս մահվան պատճառը»: Հիշեցնենք՝ դեռեւս սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ հերքվել է ի սկզբանե տարածված վարկածը, թե Արման Ղանդիլյանը սպանվել է, քանի որ ծառայակից Հայկ Սեյրանյանը շփոթել է նրան հակառակորդի հետ եւ կրակ բացել:

 

 

ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
2014 թվականի մարտի 7-ից ապրիլի 10-ը ադրբեջանական գերության մեջ գտնված Արսեն Խոջոյանը, որը մեղադրվում է անչափահասի սպանության մեջ, առողջական լուրջ խնդիրներ ունի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը, հայտնեց, որ գերության ժամանակ ձեռք բերված հիվանդությունը որդու մոտ կրկնվել է: «Երկար ժամանակ Ավանի հոգեբուժարանում բուժվեց, դեպքից հետո նորից կրկնվել է հիվանդությունը: Չգիտեմ` նրան ինչպիսի օգնություն է ցուցաբերվում»,- ասաց Սվետլանա Խոջոյանը: Գործով քննիչ Մերուժան Գալստյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Արսեն Խոջոյանը գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ում, եւ գործով նախաքննությունը շարունակվում է: Խոջոյանի փաստաբանի` Աննա Միրզոյանի խոսքերով՝ իր պաշտպանյալին ՔԿՀ-ում բուժօգնություն տրամադրվում է, սակայն, ամենայն հավանականության, նրան քաղաքային հիվանդանոց կտեղափոխեն: Ըստ փաստաբանի՝ հարցաքննության ընթացքում Արսեն Խոջոյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Իսկ նրա հարազատներն ու տուժողի մայրը պնդում են, որ նա կատարվածի հետ կապ չունի:

 

 

ԿՐԿԻՆ ԲԻԶՆԵՍ ԿԱՐԳՈՎ
Թեեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ամենօրյա ռեժիմով քայլեր է անում պետական միջոցները խնայելու ուղղությամբ, այնուամենայնիվ, պետության հաշվին «վոյաժները» շարունակվում են: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերի 6-ին պայմանագիր է կնքել «Ավիատուր գրուպ» ՍՊԸ-ի հետ: Ինչի արդյունքում ձեռք է բերել 6 հատ ավիատոմս, որից 2-ը բիզնես կարգի, իսկ 4-ը՝ էկոնոմ: Միայն բիզնես կարգի ավիատոմսերի համար քաղաքապետարանը վճարել է 2 մլն 631 հազար դրամ: Ի դեպ, երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռիգա: Ենթադրվում է, որ ավիատոմսերը գնվել են հենց այս ուղեւորության համար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա Ռիգայում Երեւանի անվան այգի է բացելու: Հիրավի` շատ կարեւոր միջոցառում:




Լրահոս