ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀՈՐԵՂԲՈՐՈՐԴՈՒ ԿԱԼԱՆՔԻ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, անդրադառնալով Վրաստանի իրավապահների կողմից միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի հետեւանքով իր հորեղբորորդու` Միհրան Մովսիսյանի կալանավորմանը, ասաց, թե իր հորեղբոր որդին պատահական է հայտնվել այս պատմության մեջ, քանի որ վրացի ընկերոջը հյուր է գնացել:

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Վրաստանում ձերբակալվել է 5 անձ, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, երեքը՝ Վրաստանի քաղաքացի: Ըստ վրացական մամուլի՝ կալանավորվածները մտադրված են եղել 200 միլիոն դոլարի դիմաց ուրան վաճառել: Ձերբակալվածներից մեկի տանը գործարանային արտադրության տրանսպորտային կոնտեյներ է գտնվել՝ Ս 238 տեսակի ռադիոակտիվ նյութով:
Հետագայում հայտնի դարձավ, որ ձերբակալված ՀՀ քաղաքացիներից մեկը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդի, Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ Միհրան Մովսիսյանն է: Շուտով կլրանա 6 ամիսը, ինչ այս միջադեպը բացահայտվել Է, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե Միհրան Մովսիսյանը կոնկրետ ինչում է մեղադրվում, եւ արդյո՞ք նա ուրանի ձեռքբերման հետ առնչություն Է ունեցել:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ` հասկանալու համար, թե ինչ փուլում է գտնվում իր հորեղբոր որդու գործը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանն ասաց, որ օրեր առաջ տեղի է ունեցել իր հորեղբոր որդու՝ կալանքից ազատելու դատական նիստը, սակայն այն կրկին հետաձգել են. «Ինքը հաստատ չկա այս գործերում: Հիմա նա վրացի ընկեր ունի, ի՞նչ իմանա, թե նա ինչով է զբաղված: էս մարդը իր վրացի ընկերոջ տունը հյուր է գնացել, եկել են, նրան բռնել են ու մյուսներին էլ են տարել, դրա համար չեն կարողանում դատեն եւ շուտով ազատ կարձակեն: Դատական նիստն էլ հետաձգում են, քանի որ ոչ մի հիմք չունեն, ինչի համար դատեն: Ես այդպես գիտեմ: Իմ իմանալով դա այդպես է եղել»:
Ըստ Առաքել Մովսիսյանի` իր եղբայրը Վրաստանի իրավապահներին ասել է, որ իրեն պաշտպան պետք չէ.«Ինքը ասել ա՝ ինձ ոչ մի բան պետք չի, ես իմ իրավունքները կպաշտպանեմ, քանի որ այդ մարդը ոչ մի բան չի արել, ոչ էլ այդ գործողության մեջ կա, դրա համար արխային եմ, որ իրեն ադվակատ էլ պետք չի: Եթե պետք լիներ, հարյուր հատ ադվակատ կտայինք: Նորից եմ կրկնում, եթե հիմա դու գաս իմ տուն, բայց ընկերներով, չգիտեք, թե ես ինչով եմ զբաղվում, ու, օրինակ, մտնում են, ինձ կալանավորում են, դու այդտեղ մեղք ունե՞ս, իհարկե, ոչ»:
Մեր այն հարցին, թե որտեղից են նրան այդ տեղեկությունները, թե իր հորեղբոր որդին կապ չունի այս պատմության հետ, եւ դեպքը եղել է այնպես, ինչպես ինքն է նկարագրում, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ես գիտեմ, որ իրեն իր ընկերոջ տանից են վերցրել, որտեղ էլ ինքը այդ օրը հյուր է եղել: Ձեզ ինչու է թվում, որ ես չգիտեմ եւ ձեռքերս ծալած նստել եմ, ինչ հնարավորություն ունեմ, ես իր համար կանեմ, ինքը կազատվի, կարճ, կոնկրետ»:
Իսկ թե հնարավորություն ասելով ինչ նկատի ունի պատգամավորը. արդյո՞ք դիմելու է ՀՀ իրավապահներին, որպեսզի նրանք օգնեն իր հորեղբորորդուն, վերջինս ասաց. «Չեմ դիմել եւ չեմ դիմելու խնդրանքով, կա օենք, կա քրեական օրենսգիրք իրենց մոտ՝ այնտեղ, որը որոշ չափով աշխատում է, կպարզվի, որ այդ մարդը կապ չունի, եւ բաց կթողնեն, իսկ եթե մեղք ունի, Աստված իրենց հետ, ես գիտեմ, որ չունի: Կրկնում եմ՝ ինքը տենց խաղերի մեջ չկա»:
Առաքել Մովսիսյանի խոսքով` այս 6 ամիսների ընթացքում իրավապահները թույլ չեն տվել, որ Միհրան Մովսիսյանի հարազատները տեսակցեն նրան. «Եթե իմանամ՝ ինձ էլ թույլ կտան, գնամ, տեսնեմ, ապա կգնայի, կտեսնեի, հարազատներին էլ թույլ չեն տալիս: Հեռվից են թույլ տալիս տեսնել, իսկ այնպես թույլ չեն տալիս»:
Նշենք, որ Միհրան Մովսիսյանի անունը շրջանառվում էր նաեւ Հոկտեմբերի 27-ի, ապա իր թիկնապահի՝ Սամվել Առաքելյանի սպանության գործերի շրջանակներում, ինչի արդյունքում 14 տարի ազատազրկման դատապարտվեց նրա թիկնապահը՝ Արթուր Այվազյանը` Մանախը, ով վերջերս ազատ արձակվեց բանտից:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Միհրան Մովսիսյանի որդին` Ռոբերտ Մովսիսյանը եւս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, եւ նրան մեղադրանք է առաջադրվել դատապարտյալից գումար շորթելու մասով: Այժմ այս գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԵԽԽՎ ՍԿԱՆԴԱԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը մեկնարկել է: Երեկվա նիստը բավականին բուռն եւ լարված մթնոլորտում է անցել: Ադրբեջանը հերթական անգամ վեհաժողովի ամբիոնը օգտագործեց հակահայկական քարոզչության նպատակներով: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը իր ելույթում ասել է, թե Հայաստանում բոլոր անկախ լրագրողներին սպանում են: Նա որպես օրինակ բերել է իր բնական մահով մահացած լրագրող Միքայել Դանիելյանին. «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են»,- ասել է Հուսեյնովը:

Սրան ի պատասխան` հայկական պատվիրակության անդամները կոշտ արձագանքով հակադարձել են Հուսեյնովին, ինչի հետեւանքով ՀՀ պատգամավորներին զրկեցին խոսելու իրավունքից: Մասնավորապես, ԵԽԽՎ լիագումար նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով Հուսեյնովի հայտարարությանը, Ռաֆայել Հուսեյնովին խորհուրդ է տվել դիմել հոգեբույժի: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը, ի պատասխան Զոհրաբյանի արձագանքին, զգուշացրել է, որ ոչ կոռեկտ արտահայտվելու դեպքում ձայնից կզրկի հայկական պատվիրակության անդամներին. «Դուք Ադրբեջանի ծախված լոբբիստն եք, ինչպես Իտալիայի պատգամավոր Լուկա Վոլոնտեն: Դուք իրավունք չունեք լռեցնելու անկախ պատգամավորի ձայնը»,- ինչից անմիջապես հետո Նաիրա Զոհրաբյանի խոսափողը անջատել են: Այդուհանդերձ, Նաիրա Զոհրաբյանը շարունակել է իր ելույթը առանց խոսափողի:
Նշենք, որ Հուսեյնովի զրպարտիչ հայտարարությանն արձագանքել են նաեւ հայկական պատվիրակության անդամներից Նաիրա Կարապետյանը, Միքայել Մելքումյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հայկական պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը կատարվածից հետո առանձնազրույց է ունեցել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի հետ` քննարկելով հայ պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելու հարցը:
-Մենք հանդիպեցինք ԵԽԽՎ նախագահի հետ, քննարկեցինք խնդիրները: Ես պարոն Ագրամունդին պարզաբանեցի, որ ո՛չ Նաիրա Կարապետյանի, ո՛չ Նաիրա Զոհրաբյանի միկրոֆոնն անջատելու կանոնակարգային ընթացակարգ չկա, եւ նախագահողը չունի նման լիազորություններ: Որովհետեւ ազատ դեբատի պարագայում գոյություն ունի 1 սահմանափակում: Դա այն է, որ պատգամավորը չի կարող խոսել այնպիսի թեմաների շուրջ, որոնք քննարկվել են լիագումար նիստի օրակարգում: Այդպիսի առանձին դեպքեր լինում են: Նույն դեբատի ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչը երբ խոսեց, նա կրկին սահմանափակեց, թե այդ թեման արդեն խոսվել է:
-Ինչպե՞ս արձագանքեց ԵԽԽՎ նախագահը Ձեր պարզաբանմանը:
-Առավոտյան բյուրոյում եւս նման բանավեճ եղավ պարոն Ագրամունդի հետ: Նա բացատրություն տվեց, որ ինքը չի զրկել Նաիրա Զոհրաբյանին ձայնից, այլ վերամիացրել է խոսափողը եւ թույլ է տվել, որ շարունակի իր ելույթը:
-Կմանրամասնեք Ձեր առանձնազրույցի մասին:
-Հանգամանալից խոսեցինք այն մասին, որ մեր խորին համոզմամբ` նման վարքագիծ կամ արձագանք, նույնիսկ եթե թեմաները Ձեզ դուր չեն գալիս, չպետք է լինեն: Նա հղում արեց պառլամենտական հարթակին, որ կոռեկտ լինեն բոլորը, կամ վիրավորանք չասեն, ինչը մերկապարանոց էր, քանի որ Հուսեյնովը Ադրբեջանից, որը մշտապես իր ելույթների մեջ ընտրություն չի կատարում բառապաշարի հարցում, Ագրամունդը այդ ժամանակ բուռն չի արձագանքում:
Քննարկման ժամանակ ներկա էին նաեւ կանոնակարգի փորձագետներ, որոնց հետ քննարկեցինք ԵԽԽՎ կանոնակարգի կետերը եւ պայմանավորվեցինք, որ կուսումնասիրվի, թե ադրբեջանցի գործընկերները վերջին մեկ տարվա ընթացքում որքանով են ոչ խորհրդարանական բառապաշար օգտագործել, որոնք մնացել են առանց հանդիմանանքի:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԾԱԾԿԱԴՄՓՈ՞Ց ԵՆ ԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 5-ին` երեկոյան, «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118 (ծեծ) հոդվածի հատկանիշներով: Սա նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, կամ կալանք` առավելագույնը երկու ամիս ժամկետով: Հիշեցնենք` Փելեշյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Եվ այսպես՝ քրեական անցյալով եւ ներկայով հայտնի Ակային ստորագրությամբ ազատելու եւ նրա նկատմամբ հարուցված քրեական գործի հատկանիշները թույլ են տալիս վստահորեն գալ այն եզրահանգման, որ Փելեշյանը ջրից չոր դուրս կգա:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով դեպքից անմիջապես հետո ականատեսն է եղել ամեն ինչին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ հարուցված քրեական հոդվածն առավել քան մեղմ է: Սաքունցը մեկնաբանում է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները տեղում քննչական գործողություններ անելուց եւ տեսանյութերն ուսումնասիրելուց հետո միանգամից նույնականացրել են Փելեշյանի հետ ներխուժածներից երեք հոգու եւ նրանց նկատմամբ հետախուզում հայտարարել: Փաստորեն, ինչպես նկատում է իրավապաշտպանը՝ ապացուցվում է դեպքին խմբի առկայությունը. «Արդեն իսկ ակնհայտ է, որ այստեղ կազմակերպված խումբ է եղել, որը նախապես կազմակերպել եւ ներխուժել է անձնական տարածք: Այստեղ նաեւ կարեւոր է այն հանգամանքը, որ տուժող Ռաֆայել Գրիգորյանը ցանկացել է դուրս գալ, պաշտպանվել, փախչել, սակայն նրան խոչընդոտել եւ շարունակել են ծեծել: Ավելին՝ դրսում եւս եղել են մարդիկ, որոնք մեզ են խանգարել ներս մտնել եւ օգնել Գրիգորյանին: Սա էլ մարդուն ապօրինի ազատությունից զրկելն է: Միանշանակ, հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը, ոչ մի առնչություն չունի կատարվածի հետ»,- շարունակեց Ա. Սաքունցը:
Վերջինս հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին առաջարկել է վերավորակել գործը եւ հարուցել ՀՀ ՔՕ 119 հոդվածի հատկանիշներով, այն է` խոշտանգումը` ֆիզիկական եւ հոգեկան վնաս պատճառելը, որը ենթադրում է 3-7 տարվա ազատազրկում այն դեպքում, երբ կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից. «118 հոդվածը խմբի հանգամանքն իր մեջ չի ներառում: Քրեական գործի փաստական ապացուցողական բազայի համար պետք է բոլոր հանգամանքները հաշվի առնվեն. մտել է, հայհոյել է, մի քանի անգամ ապտակել է, ազատությունից զրկել է: Իրադարձությունները զուտ քաղաքական այնպիսի ենթատեքստ ունեն, որոնք դրսեւորվեցին ավագանու քվեարկությամբ: Մենք ընթացքում ներկայացնելու ենք վերավորակման միջնորդություն. կընդունվի, թե ոչ, դա հարցի մյուս կողմն է»:
«Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 12-ին հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովն ազատվել է պաշտոնից ու նշանակվել Գուգարքի բաժնի պետ: Հիշեցնենք, որ Էրիկ Շարմազանովը, որը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է, նույն Արկադի Փելեշյանի քավորն է: Իսկ վերը նշված միջադեպը տեղի էր ունեցել հենց Տարոնի բաժնի իրավասության տարածքում:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս