Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մարդատար ավտոբուսը բախվել էր ավտոճանապարհի աջ կողմում կայանված «Սկանիա R420LA4X2HNA» մակնիշի՝ ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարին, որի առաջամասն էլ բախվել էր առջեւում կայանված «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով մահացել էին ավտոբուսի վարորդը եւ 4 ուղեւոր, որոնցից 3-ը՝ ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի, իսկ 2-ը, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի:
Երեկ «Ժողովուրդ»-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի մարդու մահ), ստեղծվել է քննչական խումբ: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, հարցաքննվել տարբեր անձինք, այդ թվում՝ ավտոբուսի 26 ուղեւոր: Քրեական գործով հարցաքննվել է նաեւ «Սկանիա R420LA4X2HNA» բեռնատար ավտոմեքենայի վարորդը որպես կասկածյալ:
Կատարվածից հետո հանրության մոտ տրամաբանական հարց էր առաջացել՝ որ երթուղին է սպասարկել տվյալ ուղեւորափոխադրումը: Եվ ի զարմանս բոլորի՝ պարզվում է՝ Բեսլանից մեկնող ավտոբուսների չվացուցակում Երեւան-Մոսկվա երթուղին նշված չի եղել: Ավելին՝ նման ուղեւորափոխադրումները դուրս են վերահսկողությունից: Միակ վարորդը երբեմն աշխատում է առանց հերթափոխի, հետեւաբար նաեւ առանց քնելու: Իսկ թե ով պետք է նման հանգամանքներում պատասխանատվության կանչվի, դժվար է ասել: Համենայնդեպս, ՌԴ ՆԳՆ պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ որպես կասկածյալ հարցաքննվել է այն վարորդը, որի մեքենային բախվել է մարդատար ավտոբուսը:
Ճանապարհատրանսպորտային պատահարների գծով փաստաբան Ռուբեն Բալոյանը, անդրադառնալով կատարվածին, լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե այն փաստը, որ ավտոբուսը գրանցված է եղել վարորդի որդու անունով, որեւէ դեր չի խաղա. նա մեղավորության դեպքում կարող է կրել նյութական պատասխանատվություն:
Գերատեսչությունների թերացումները
Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարի՝ նոյեմբերի 3-ին, Տուլայում Մոսկվա-Երեւան երթուղի իրականացնող մարդատար ավտոբուս էր վթարի ենթարկվել: Այն պատկանում էր Արթուր Հարությունյանի՝ Պալաչի «Քինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը: Վթարի արդյունքում 59 ուղեւորից զոհվել էր 9-ը, 43-ն էլ մարմնական վնասվածքներ էին ստացել: Ռուս իրավապահները որոշել էին, որ վթարի մեղավորը վարորդ Գառնիկ Հարությունյանն է, որը քնել էր ղեկին: Իսկ տեղական դատարանը եկել էր այն եզրահանգման, որ ավտոմեքենան անսարք է եղել: Հարությունյանն այդպիսով դատապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման, 3 տարով զրկվել մեքենա վարելու իրավունքից:
Հարկ ենք համարում նկատել, որ այդ ժամանակ ՀՀ առողջապահության եւ տրանսպորտի նախարարությունները անմիջապես արձագանքել էին կատարվածին, շտապ կազմակերպել տուժածների տեղափոխությունն ու բուժման ընթացքը, իսկ մի քանի օր անց բարձրացվել էր ընկերությանը պատասխանատվության կանչելու հարցը: Դեպքի հենց հաջորդ օրը Հայաստանի պատվիրակությունը՝ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ, մեկնել էր Տուլա՝ ավտոբուսի վթարի վայր:
Իսկ, ահա, հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո «Կատարվածը գտնվում է նախարարի ուշադրության կենտրոնում» բովանդակությամբ պաշտոնական հաղորդագրություններից զատ այլ գործերի ականատես չեղանք: Եվ եթե ՌԴ եւ ՀՀ ԱԻՆ-ների կողմից իրականացված աշխատանքները չլինեին, դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվեր տուժածների հետ: Ավելին՝ ինչպես արդեն նշեցինք՝ նման ուղեւորափոխադրումները դուրս են վերահսկողությունից. ինչն է պատճառը, եւ որ գերատեսչության թերացման հետեւանքն է սա: Փաստաբան Ռուբեն Բալոյանի գնահատմամբ` կոպիտ խախտում է այն, որ օրենքով ամրագրված արտոնագրերի պարտադիր առկայությունը խախտվում է հենց պետական կառույցի կողմից:
Անուշադրության մատնված գերխնդիրը
Արտոնագրերի պարտադիր առկայության դեպքում, թերեւս, կվերահսկվեր նաեւ վարորդների՝ երթեւեկության չափորոշիչներին համապատասխանությունը: Ասել կուզի, եթե մարդատար ավտոբուսի վարորդը չի համապատասխանում սահմանված նորմերին, նա չպետք է իրավունք ունենա նման հեռավորության ճանապարհ անցնել: Հիշեցնենք՝ Տուլայում տեղի ունեցած վթարից անմիջապես հետո խոսվում էր այն մասին, որ վարորդը քնել է ղեկին, սրտի անբավարարվածությամբ է տառապել: Հետագայում դատարանի վճռով նշվեց, որ վթարը տեղի է ունեցել վարորդի անփութության հետեւանքով: Արժի հիշեցնել, որ ըստ կանոնադրության՝ վարորդը վեց ժամից ավել չպետք է վարի մեքենան, նրան պետք է փոխարինեն, էլ չասած, որ նա պետք է պարբերաբար բժշկական ստուգում անցնի: Ցավոք, Բեսլանում տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացել է նաեւ վարորդը, եւ այս պարագայում առավել դժվար կլինի պարզել՝ ինչն է, ի վերջո, եղել ողբերգության պատճառը, եւ ում մեղքով են մարդկային զոհեր եղել:
Տաթեւ Հարությունյան