Խորը ցավով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 4-ին, 72 տարեկանում ԱՄՆ-ում կյանքից հեռացավ տաղանդավոր գրող, լրագրող, թարգմանիչ Արմեն Մկրտչյանը: Լինելով սիրող ամուսին, հայր եւ պապիկ՝ նա իր կյանքը նվիրեց ընտանիքին եւ արվեստին:
Ա. Մկրտչյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, աշխատել հեռուստատեսությունում, «Երեկոյան Երեւան», «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններում, Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում: 1991թ. նա հիմնեց Հայաստանում առաջին մասնավոր պատկերասրահը, որը պրոպագանդում էր հայ արվեստը ինչպես հայրենիքում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս: Արտասահմանյան տարբեր երկրներում բազմաթիվ ցուցահանդեսներ կազմակերպելու համար նրա պատկերասրահը «Որակի միջազգային կոնվենցիայի» կողմից 2002թ. արժանացավ բարձր պարգեւի՝ Որակի ոսկե թագի: 2010թ. Ա. Մկրտչյանը Գլենդելում նույնպես հիմնադրեց պատկերասրահ, որը սիրելի վայր դարձավ բազմաթիվ նկարիչների համար:
Ավա՛ղ, Ա. Մկրտչյանն ավարտին չհասցրեց միայն մեկ բան՝ իր ինքնակենսագրական վեպը՝ «Սպիտակ թռչող երազներ» խորագրով:
Թող հավերժ լինի նրա հիշատակը:
Արմեն Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, Խաղաղ Դոն 2/14 հասցեում գտնվող սգո սրահում, ժամը 17:00-ին: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին՝ Երեւանի Նուբարաշենի գերեզմանատանը: