5Հոկտեմբերի 17-ից 22-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակներում Թուրքիայի ԶՈՒ մասնագիտացված խումբը տեսչական այց է իրականացնում Հայաստանում: Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին։
Razm.info-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ թուրքական խմբի այցը պլանային է, և հաստատեց, որ այցը կատարվում է ԵՍԶՈւ պայմանագրի շրջանակներում:
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերներն ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն է, անդամ պետությունների անվտանգության, վստահության ամրապնդումը և սպառազինությունների վերահսկման ոլորտում թափանցիկության ապահովումը:
Նշենք, որ Հայաստանը ամեն տարի պարտավորվում է ընդունել զինված ուժերի չորս տեսչական ստուգումներ: Մինչ օրս իրականացված տեսչական ստուգումների արդյունքներով երբևէ չի գրանցվել ՀՀ կողմից պայմանագրի խախտման որևէ դեպք:
Հայաստանն իր հերթին տեսչական այցեր է իրականացնում ԵՍԶՈւ պայմանագրի անդամ պետություններում, այդ թվում` Թուրքիայում: Ընդհանուր առմամբ, 1993 թվականից սկսած Հայաստանը տեսչական այցեր է իրականացրել Հունաստանում, Թուրքիայում և այլ երկրներում, ինչպես նաև մասնակցել է Բուլղարիայում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում և այլ պետություններում իրականացված բազմազգ տեսչական ստուգումներին: