
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Պաշտպանի աշխատակազմի գործունեության ընդհանուր նկարագիրը, Պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ընդլայնման ծրագրերը, ինչպես նաև միջազգային մի շարք կառույցների հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու հեռանկարները:
Քննարկվել են նաև ընտանեկան բռնության կանխարգելման, փախստականների, երեխաների իրավունքների և գործարարների շահերի պաշտպանության հետ կապված հարցեր:
Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերն ու իրականացրած աշխատանքները, ինչպես նաև հայտնել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և փոխգործակցելու իր պատրաստակամությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ