Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրող համաճարակային պատկերին: Նկատվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք: 2016 թվականի 40–րդ շաբաթում (3-9.10.2016թ.) արձանագրվել է սուր շնչառական վարակների 1873 դեպք, 2015 թվականին՝ 1846, 2014-ին 2105:
Կատարված լաբորատոր հետազոտությունների համաձայն` այսօր հանրապետությունում շրջանառվում են միայն շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: Գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
եթե հիվանդ եք, մնացե’ք տանը,
եթե հիվանդ եք, հրավիրե’ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ,
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
հագնվե´ք եղանակին համապատասխան,
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
հետևե´ք անձնական հիգիենային: