«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը երեկ հրավիրված արտահերթ նիստում հաստատեց ծրագիրը: Հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով: Եւ ի՞նչ է առաջարկում նոր կառավարությունը:
Հանրահայտ փաստ է, որ Հայաստանում առաջնային խնդիրը կոռուպցիան է, որը պատել է պետական կառավարման ողջ համակարգը, գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններին: Սակայն, ինչպես նախորդները, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության համար եւս կոռուպցիան տասներորդ խնդիրների ցանկում է, իսկ ծրագրում կոռուպցիային վերաբերող ձեւակերպումները ավելի շատ կենաց են հիշեցնում: Մասնավորապես ծրագրում կարդում ենք. «Պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսեւորումներ, վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրում»: Իսկ ով է ասում, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանի կամ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունները բավարար «ջանք» չէին գործադրում: Լավ էլ ջանում էին, դրա արդյունքում էլ իրենց նշանակած իշխանական մեծամասնությունը տարեցտարի երկրի ողջ կապիտալը կուտակեց իր ձեռքում: Հենց այդ իշխանության շնորհիվ էլ Կարեն Կարապետյանը դարձավ ՀՀ վարչապետ:
Ինչեւէ, վերջին օրերին լուրեր տարածվեցին, որ նոր կառավարությունը պատրաստվում է նվազեցնել գազի եւ էլէներգիայի սակագինը: Կառավարության ծրագրից տեղեկանում ենք, որ իրականում կառավարությունը պատրաստվում է «մինչեւ 2016 թվականի ավարտը բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումներ» ներդնել: Այլ կերպ ասած՝ եկող տարի հնարավոր է, որ ըստ սպառման ծավալների՝ գազի եւ էլէներգիայի սակագները տարբեր լինեն: Չհաստատվեցին նաեւ այն սպասումները, որ նոր կառավարությունը մաքսային ձեւակերպումներում պատրաստվում է «հսկիչ գներ» համակարգից հրաժարվել. այստեղ լուծումները միանշանակ չեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: