Նախօրեին ողբերգական դեպք է գրանցվել Վանաձորի ծննդատանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 32-ամյա հղի կինը մահացել է ծննդաբերությունից ժամեր անց՝ բնական ճանապարհով լույս աշխարհ բերելով տղա երեխայի՝ 3 կգ 100 գրամ քաշով:
Սա կնոջ առաջին ծննդաբերությունն էր, կինը Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակչուհի Հռիփսիմե Նազլուխանյանն էր: Երեխայի վիճակը լավ է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը մանրամասնեց կատարվածը. «Կինը ընդունվել է սեպտեմբերի 26-ին Վանաձորի ծննդատուն: 21 օր մնացել է: Դեպքի օրը՝ հոկտեմբերի 17-ին, կնոջը տեղափոխել ենք ծնարան, վիճակը բավականին լավ է եղել, նախապատրաստել ենք ծննդաբերության:
Ժամը 18:40-ին կինը ծննդաբերել է բնական ճանապարհով, ծնունդն ընդունել է հերթապահ բժիշկ Արսեն Բալայանը: Մինչ 20:45 րոպեն կնոջ վիճակը լավ էր, այնուհետ նշված ժամին վիճակը կտրուկ վատացել է, սկսել է արյունահոսություն ու ճնշման անկում, մասնագետներ են կանչվել, հետազոտություններ են իրականացվել: Ժամը մինչ 22:40-ը կատարվել է արյան փոխներարկում, վիճակը կրկին վատացել է, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք անգիտակից վիճակում: Ժամը 01:40-ին կնոջ մոտ արձանագրվել է կենսաբանական մահ»,- տեղեկացրեց բժիշկ Դ. Շահվերդյանը, ով նշված օրը փոխարինել է բաժանմունքի վարիչին ու ծննդաբերությանը ներկա է գտնվել հերթապահ բժշկի պահանջ-խնդրանքով: Ըստ Շահվերդյանի՝ նախնական վարկածով ծննդականի մահվան պատճառը արյան մակարդելիության անկումն է եղել՝ տրոմբոէմբոլիտ բարդություն»:
Մեր դիտարկմանը, որ տեղեկություններ կան, որ կնոջը հակացուցված է եղել բնական ճանապարհով ծննդաբերելը, բժիշկը պատասխանեց, թե նման բան կնոջ մոտ հղիության ողջ ընթացքում չի հայտնաբերվել ու ախտորոշվել: Թե որն է իրականում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը, կպարզվի քննության ընթացքում: Սփոփանքն այն է, որ փոքրիկի վիճակը լավ է, տղային այժմ բուժանձնակազմն է խնամում: