
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի նախագահի համատեղ հրավերով Հայաստանում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայան:
Այսօր պրն. Բուայային ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Հանդիպման ընթացքում Պաշտպանի հետ քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելանն առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, Պաշտպանի գրասենյակի աշխատակիցների՝ մարզերում ներկայացվածությանն առնչվող խնդիրներ:
Իր խոսքում պրն. Բուայան հատուկ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ Եվրոպայի խորհրդի համագործակցությունը և մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման համար իրականացվող ծրագրերում Պաշտպանի դերակատարությունը: Նա կարևորել է նաև Պաշտպանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կատարման գործընթացում ակտիվ ներգրավվածություն ունենալու անհրաժեշտությունը: Սա հանդիսանում է միջազգային լավագույն փորձ և կարևոր է մյուս երկրներում այն տարածելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին զարգացնել երկկողմ համագործակցությունը Պաշտպանի հաստատության և Եվրոպայի խորհրդի միջև՝ ընդլայնելով համագործակցության ոլորտները և դարձնելով այն շարունակական:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ