Վահան Մարտիրոսյանը հանդիպեց Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 19-ին հանդիպեց Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային գծով ավագ մասնագետ Վիոլեյն Սիլվեստրոյին և ԵՆԲ գործարքների կառավարման գլխավոր մասնագետ Ռոբերտ Շտրոյլեին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախարարության և ԵՆԲ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես Մ6` Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրին առնչվող հարցեր:

Վիոլեյն Սիլվեստրոն նշեց, որ երկու կողմերի միջև ձևավորված համագործակցությունն ունի բարեհաջող ընթացք:

Ռոբերտ Շտրոյլեն ընդգծեց, որ «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի հետ անձամբ այցելել է շինարարական տեղամաս, հետևել աշխատանքների ընթացքին: Նա նշեց, որ Մ6` Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրն ընթանում է բավականին արագ, կարճ ժամանակահատվածում կատարվել են մեծածավալ աշխատանքներ:

Նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց ԵՆԲ ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար, հույս հայտնեց, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ձևավորված երկկողմ գործակցությունը կունենա շարունակական բնույթ և բարեհաջող ընթացք:

Հանդիպմանը քննարկվեցին նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի ոլորտներում բանկի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս