«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանն այսօր կսկսի քննարկել Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը: Սակայն ի սկզբանե կարող ենք արձանագրել, որ ծրագրի՝ հատկապես տնտեսության զարգացմանը վերաբերող դրույթները հենց այսօրվանից էլ կարող են հռչակվել իբրեւ իրականացված: Բանն այն է, որ ծրագրում չկա ոչ մի չափելի տվյալ, թե նոր կառավարությունը տնտեսության համար ինչպիսի ցուցանիշներ է խոստանում: Այսինքն՝ ոչ ոք չի կարողանա Կ. Կարապետյանից կամ տնտեսական բլոկի նախարարներից որեւէ մեկից հաշիվ պահանջել:
Օրինակ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը երբ 2014-ի մայիսին իր ծրագիրը ներկայացրեց, տարեկան առնվազն 5 տոկոսի տնտեսական աճ էր խոստանում: Երբ 2014-ին պարզվեց, որ տնտեսական աճը ընդամենը 4.1 տոկոս է կազմում, իսկ 2015-ին՝ 3.1 տոկոս, ակնհայտ էր, որ ծրագիրը չի կատարվել:
Բացի այդ՝ նախորդ կառավարությունը խոստանում էր, որ երեք տարում աղքատության ցուցանիշը 10 տոկոսով կնվազի, բայց նվազեց 2 տոկոսով, այս տարվա ցուցանիշն էլ դեռ հայտնի չէ, եւ այսպես շարունակ: Նման «խոստումներ» Կ. Կարապետյանի կառավարության ծրագրում չկան, հետեւաբար նրանց ոչ ոք էլ չի կարող մեղադրել տնտեսությունը չզարգացնելու մեջ»:
Ավելի մանրամասը`թերթի այսօրվա համարում