Պայքարե՛ք ընտրական կանոնները խախտողների, ոչ թե դրանց դեմ պայքարողների դեմ. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Կառավարության կողմից ներկայացված է 2016 թվականի մայիսի 25-ին ընդունված ընտրական օրենսգրքում հերթական փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Ընտրական օրենսգրքում փոփոխություններին զուգահեռ, առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ընտրական խախտումների վերաբերյալ հոդվածներում:

Մասնավորապես, առաջարկվում է նոր 1548 հոդվածը, որով նախատեսվում է. «Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը նախատեսում է քրեական պատասխանատվութուն:
Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների պրակտիկան ցույց է տվել, որ ընտրական խախտումների վերաբերյալ տարբեր ահազանգերի, դրանց վերաբերյալ հրապարակումների ուղղությամբ իրավապահ մարմինները, որպես կանոն, գործուն և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվում դրանք կանխելու, խախտումներ կատարած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ավելին, ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ ահազանգերին իրավապահ մարմինները անդրադառնում և զբաղվում են միայն քվեարկության ավարտից հետո, երբ այդ խախտումներն ավարտված են լինում:
Հետընտրական ժամանակահատվածում ընտրական խախտումների վերաբերյալ հաղորդումների ուղղությամբ կատարված քննությամբ, որպես կանոն, կայացվում է խախտման վերաբերյալ նախապատրաստված նյութերը անհետևանք թողնելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հաղորդում տված անձանց նկատմամբ տարբեր ճնշումների, բողոքից հրաժարվելուն դրդելու տարբեր միջոցներով:

Նման գործելաոճի պայմաններում, ՀՀ կառավարության հավանությունը ստացած և ՀՀ ԱԺ-ում քննարկող հիշյալ հոդվածն ակնհայտորեն ուղղված է ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգերի դեմ, այլև քրեական հետապնդման սպառնալիք է հանդիսանում խախտման վերաբերյալ ահազանգած անձանց նկատմամբ:
Ընտրախախտումների դեմ պայքարն ու կանխարգելումը և այս բնագավառում իրավապահ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը մտահոգության խնդիր դարձնելու փոխարեն նշված օրենսդրական նախաձեռնությամբ ընտրական խախտումների բացահայտման ողջ պարտականությունը դրվում է դիտորդների, լրագրողների և վստահված անձանց վրա: Միաժամանակ, նշված հոդվածի ընդունմամբ կսահմանվի ընտրությունների վերաբերյալ քննադատական կարծիքների արտահայտման դեմ քրեական հետապնդման օրենսդրական հնարավորություն, որը կհանդիսանա նաև ժողովրդավարական պետությունում տեղեկություններ ստանալու, տարածելու և կարծիքի ազատ արտահայտման ակնհայտ ոչ իրավաչափ սահմանափակում:
Այս օրենսդրական նախաձեռնությունը դիտորդների ինստիտուտի վերացման, ինչպես նաև ընտրական գործընթացների թափանցիկության ու դրանում լրատվամիջացների դերի խիստ սահմանափակման իրական վտանգներ է պարունակում:
Մենք բազմիցս արձանագրել ենք, որ ընտրական օրենսգրքի նոր նախագիծը նահանջ է նախկինում եղած օրենսդրական կարգավորման համեմատ, իսկ վերջին փոփոխությունների ընդունումը Հայաստանի ընտրական համակարգը մոտեցնելու է ամենահետադիմական ռեժիմներին:
1548 հոդվածը կհանգեցնի ընտրախախտումների ամբողջ զինանոցի անպատիժ և լայնածավալ կիրառմանը և ընտրական ինստիտուտի ոչնչացմանը:
Սույն հայտարարությամբ պահանջում ենք անհապաղ շրջանառությունից հանել ՀՀ քրեական օրենսգրքում որպես լրացում ներկայացված 1548 հոդվածը ամբողջությամբ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ
Գործընկերություն և ուսուցում ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Իրավունքների տեղեկատվական կենտրոն ՀԿ
Երևանի մամուլի ակումբ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Լոգոս իրավապաշտպան ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Տարածքային զարացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
50/50 քաղաքացիական նախաձեռնություն
Մարդու իրավունքների պաշտպանության Երևանյան կենտրոն ՀԿ
Բամբիռ մշակութային կենտրոն
Նոր սերունդ մարդասիրական ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
Հանրային քաղաքականության ինսստիտուտ ՀԿ
Բիոսոֆիա ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ
Կարեն Թումանյան, փաստաբան




Լրահոս