ԵՐԳԻՉ-ԵՐԳՉՈՒՀԻՆԵՐԸ ՍԿԵԼ ԵՆ ԽՈՍԵԼ. ՎԻՃԱԿԸ ՍՈՒՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակութային նշանակության օջախների վրա հարձակումները շարունակվում են: Արդեն պետական քաղաքականություն դարձած այս «ծրագրի» հերթական զոհն էլ Ջազային եւ էստրադային արվեստի պետական քոլեջն էր, որը ստեղծվել էր նշանավոր երաժիշտ Ակսել Բակունցի ջանքերով ու շուրջ երեսուն տարի հսկայական ներդրում է ունեցել ազգային երաժշտական արվեստում: «Այս քոլեջն իր տեսակի մեջ բացառիկ է ողջ տարածաշրջանում, մեզ շրջապատող երկրներից ոչ մեկում նմանատիպ կրթական հաստատություն չկա»,- ասաց երգչուհի Գայանե Հովհաննիսյանը: Սակայն ռոքի սիրահար վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ եւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ջանքերով` լուծարվել է քոլեջն ու միավորվել Մշակույթի պետական քոլեջին, որը ղեկավարում է Նադեժդա Սարգսյանը: Վնասակար, պրոֆեսիոնալ ջազային կրթությունն ավերող այս որոշման մասին Մշակույթի նախարարությունում երկար ժամանակ լռել են, թաքցրել, ապա մատուցել որպես տհաճ անակնկալ: «Այն, ինչ արվել է, անընդունելի է: Սա դավաճանական քայլ է: Այս որոշմամբ կառավարությունը ապացուցում է, որ իր նպատակն է դարձել ոչնչացնել մեր մշակութային կրթությունն ու նրա ձեռքբերումները»,- զայրացած ասաց ականավոր երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը: «Մենք եղանք նախարարի մոտ, երկար զրուցեցինք, սակայն պարզվեց, որ նախարարի «գերխնդիրը» խուսանավելն էր, անհոդաբաշխ պատասխաններ էր տալիս, մերթ ասում, թե որոշումը դեռ վերջնական չէ, մերթ էլ, մոռացած քիչ առաջվա ասածը, արդարացնում անխոհեմ քայլը»,- այսպես ներկայացրեց հանդիպումը նախարարի հետ ՀՀ վաստակավոր արտիստուհի Սյուզան Մարգարյանը: «Բայց մենք վճռական ենք տրամադրված, անպայման կհանդիպենք վարչապետին, նրան կներկայացնենք քոլեջի նշանակությունը, երկու տարբեր կրթական հաստատությունների միավորման անհեռանկարայնությունը»,- շարունակեց նա: Մշակույթի քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանի հետ չկարողացանք զրուցել, որովհետեւ երգչուհին ծանր վիրահատություն է տարել եւ գտնվում է հիվանդանոցում, իսկ ահա Մշակույթի նախարարության Արվեստի գործերի վարչության պետ Սոնա Հարությունյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել կատարվածը, ասելով, որ դա իր իրավասություններից հեռու է: Երաժշտական աշխարհն իրապես փոթորկված է, որովհետեւ Ջազային եւ էստրադային արվեստի քոլեջը միանգամայն այլ գործառույթներ է իրականացնում, այն պրոֆեսիոնալ կրթություն է ապահովում, մինչդեռ մշակույթի քոլեջը հանրային-լուսավորական աշխատանքի մասնագետներ է պատրաստում, ակումբա-գրադարանային ոլորտի մասնագետներ, որոնք որեւէ կերպ չեն աղերսվում մասնագիտական երաժշտական կրթությանը: Ուրեմն, հերթական անգամ կառավարությունն ու նախարարությունը ապացուցել են իրենց անիրազեկությունը, մշակույթն ու նրա կրթությունը որպես կցորդային հասկացություն հաստատելու վճռականությունը: Բայց այս վճռականությանն էլ ընդդիմանում է երգիչների ու մասնագետների վճռականությունը. նրանք պատրաստ են դիմել ամենաողջամիտ եւ ամենակտրուկ քայլերի:Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս