Հոկտեմբերի 20-ին մեկնարկել է «Աշխարհն առանց արգելքների» խորագրով անդրանիկ միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացմանը:
Գիտաժողովը համախմբել է բազմաթիվ բարձրաստիճան գործընկերների՝ ազդարարելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների աջակցության, պաշտպանության և երաշխավորման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու վերջիններիս վճռականությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանն իր ելույթում կարևորել է միջագգային գիտաժողովը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը Կոնվենցիան վավերացրել է 2010 թ.-ին, դրանով իսկ ստանձնելով հաշմանդամություն ունեցող անձնանց հիմնարար ազատությունների, քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային կյանքին այդ անձանց մասնակցությունն ապահովելու պարտականությունը:
Նախարարի տեղակալը ողջունել է ոլորտի խնդիրներով մտահոգ պետական և հասարակական կառույցների համատեղ ջանքերը, քանի որ նրանք համակողմանիորեն իրենց ամենօրյա գործունեությամբ և նվիրումով քայլ առ քայլ գնում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը բարձր մակարդակի հասցնելու, սոցիալական ծառայությունները մատչելի դարձնելու ուղղությամբ:
«Հաշմանդամություն ունեցող անձնանց սոցիալական ներառումը ՀՀ կառավարությունը ճանաչել է գերակա ուղղություն, ուստի՝ այսօր միջգերատեսչական բոլոր ծրագրերն ու անելիքներն ուղղված են հռչակված ուղղությունը լիարժեք կյանքի կոչելուն»,- իր խոքում ընդգծել է Ջեմմա Բաղդասարյանը և միջագային գործընկերների ևս մեկ անգամ հիշեցրել է տարվա կարևորության մասին՝ ՀՀ կառավարությունը 2016 թ.-ը հռչակել է հավասար հնարավորությունների տարի: Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել է, որ ոլորտում անելիքները դեռևս շատ են, սակայն համագործակցությունը՝ հատկապես հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, տվել է տեսանելի արդյունքներ:
Գիտաժողովին ելույթներով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Երկօրյա Գիտաժողովի ընթացքում կհնչեն զեկույցներ, կներակայացվեն Հայաստանում և արտերկրում Ֆունկցիաների միջազգային դասակարգման ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները, փորձառությունը և զարգացման միտումները:
Գիտաժողովի ավարտին արտասահամանից ժամանած գործընկերները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Գիտաժողովին մասնակցում են տարբեր գերատեսչությունների, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Միջազգային գիտաժողովի իրականացմանը աջակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
Հասարակայնության հետ կապերի բաժին